Աֆրիկայի բնական զոնաները և դրանց առանձնահատկությունները
Հայտնի է, որ Աֆրիկայի տարածքում հասարակածի երկու կողմերում հարթավայրային տարածքներում միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածային խոնավ մշտադալար անտառների (հայտնի են որպես ջունգլիներ), վերջինիս բավական նման փոփոխական խոնավ (այդ թվում մուսսոնային) անտառների, սավաննաների և նոսրանտառների, անապատների և կիսաանապատների և մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնաները, իսկ լեռնային տարածքներում գործում է վերընթաց գոտիականությունը. այսինքն բնական զոնաները միմյանց հերթափոխում են լեռների ստորոտից գագաթ ուղղությամբ՝ սկսած այն զոնայից, որը բնորոշ է լեռան գտնվելու կլիմայական պայմաններին: Թվարկված բնական զոնաները ունեն մի շարք առանձնահատկություններ: Մասնավորապես հասարակածային խոնավ մշտադալար անտառների և թփուտների զոնան աչքի է ընկնում իր մեծ կենսաբազմազանությամբ:
 
Տեսարան հասարակածային ջունգլիներից
 
Afrika jungle 2.jpg
 
Այստեղ միայն ծաղկավոր բույսերի բազմազանությունը գերազանցում է \(40\) հզ. տեսակը: Այս գոտում է նաև բույսերի ամենամեծ կենսազանգվածն Աֆրիկայում: 
Սավաննաների և նոսրանտառների զոնան առաջատար է զբաղեցված տարածքով (Աֆրիկայի տարածքի  \(40\)%), ինչի շնորհիվ հանդիսանում է «ամենաբնորոշ» բնական զոնան:
Ընդ որում, այս զոնան տարածվում է հասարակածային, մերձհասարակածային և արևադարձային գոտիների սահմաններում և՛ հարավային, և՛ հյուսիսային կիսագնդերում:  Անապատների և կիսաանապատների զոնան ունի ամենափոքր կենսաբազմազանությունը և ամենաարագ ընդարձակվող բնական զոնան է մարդու տնտեսական սխալ գործունեության և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով:
 
Աֆրիկայի ծայր հյուսիսում և հարավում տարածվող մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների բնական զոնան ամենաշատն է ձևափոխվել պատմության ընթացքում, քանի որ մշտապես բնակեցված է եղել և ենթարկվել է մարդու տնտեսական գործունեության ազդեցությանը:
Բնական զոնաների բաշխման օրինաչափությունները
Bnakan zonaner.jpg
Աֆրիկայի բնական զոնաները
 
Աֆրիկայի բնական զոնաները բաշխված են խիստ անհավասարաչափ, սակայն գործում են մի շարք օրինաչափություններ: Մասնավորապես գլխավոր գործոնը, որը պայմանավորում է բնական զոնաների տարածական բաշխումը՝ կլիման է:
 
Ուշադրություն
Այսպես, այստեղ տիրապետողը հետևյալ բնական զոնաներն են՝ հասարակածային կլիմայական գոտու սահմաններում՝ հասարակածային խոնավ մշտադալար անտառների, մերձհասարակածային գոտում՝ սավանաների և նոսրանտառների, արևադարձային գոտում՝ անապատների և կիսաանապատների, մերձարևադարձային գոտում՝ մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների:
Բնական զոնաների բաղադրիչների բնութագիրը
Աֆրիկայի բնական զոնաներից յուրաքանչյուրն ունի կլիմայական որոշակի յուրահատկություններ՝ կապված իր տարածման շրջանի կլիմայական գոտու և մարզի առանձնահատկությունների հետ:
 
Այսպես, հասարակածային խոնավ մշտադալար անտառների զոնայի տարածքում սեզոնայնությունը արտահայտված չէ և ամբողջ տարին այս զոնան ստանում է առատ տեղումներ և ջերմություն: Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է \(+25-+27\) °C, իսկ տեղումները՝ \(2000-3000\) մմ սահմաններում:
 
Սավաննաների և նոսրանտառների բնական զոնայի կլիման անցումային է՝ արտահայտված խոնավ ամառներով և չոր ձմեռներով:
 
Անապատների և կիսաանապատների բնական զոնան պասատների ազդեցությամբ խիստ չորային են և տաք:
 
Մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների բնական զոնայում ամառները չոր են ու շոգ, իսկ ձմեռները՝ խոնավ ու մեղմ:
 
Բնական զոնայի բնութագրման գլխավոր բաղադրիչներից են նաև հողերը, բուսակենդանական աշխարհը և մարդու տնտեսական գործունեությունը: Հայտնի է, որ հողերի բազմազանության վրա ազդում են բազմաթիվ կենսածին և ոչ կենսածին գործոններ, որոնցից ամենամեծ ազդեցությունն ունեն կլիմայական պայմանները, մայրական ապարները, բուսական աշխարհը, միկրոօրգանիզմները և անձրևորդերը, որոնց գործունեությամբ պայմանավորվում է հողում հումուսի (օրգանական նյութի) պարունակությունը:
 
Այսպես, առատ ջերմության և խոնավության պայմաններում, ինչպես նաև միկրոօրգանիզմների և հարուստ բուսածածկույթի առկայության շնորհիվ հասարակածային խոնավ մշտադալար անտառների բնական զոնայում առաջացել են կարմրադեղին կամ լատերիտային հողերը:
 
Սավաննաների և նոսրանտառների բնական զոնայում կլիմայական պայմանների սեզոնային տարբերությունների պատճառով հողերը կարմրագորշ են, երբեմն կարմիր՝ հումուսի ցածր պարունակությամբ:
 
Անապատների և կիսաանապատների բնական զոնայի հողերը գորշ կիսաանապատային են, որոշ դեպքերում մոխրագորշ, աղակալած և քարքարոտ: Միևնույն ժամանակ զոնայի տարածքի մոտ \(80\) %-ը ավազային անապատներ են: Մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների բնական զոնայում հողերը դարչնագույն են կամ դեղնակարմրավուն:
 
Africa desert3.jpg
 
Ավազային անապատ Աֆրիկայում
 
Շատ հաճախ բնական զոնայի «այցեքարտը» նրա բուսական աշխարհն է, քանի որ բնակլիմայական պայմանների տարբերության պատճառով առաջին հերթին էական տարբերություններ են նկատվում տարածքի բուսական համակեցություններում:
 
Այսպես, հասարակածային խոնավ մշտադալար անտառների զոնային առավել բնորոշ բուսատեսակներն են հնդկեղեգը, ֆիկուսը, պտերանմանները, երկաթի ծառը, հացի ծառը, սուրճի և շոկոլադի ծառերը, կարմրածառը և այլն: Սավաննաների և նոսրանտառների բնական զոնային առավել բնորոշ են բարձրախոտերը (փղի խոտ, ընձախոտ), ինչպես նաև բաոբաբը, հովհարաձև ակացիան, չորադիմացկուն արմավենին և այլն:
 
African savana1.jpg
Աֆրիկյան սավանա
  
Անապատների և կիսաանապատների բնական զոնային բնորոշ են խիստ չորադիմացկուն բույսերը՝ ուղտափուշը, օշինդրը, աղաբույսը, անապատային ակացիան, վելվիչիան և այլն:
 
Մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնային էլ բնորոշ են համեմատաբար չորադիմացկուն ծառային և թփուտային բուսականությունը, որի ներկայացուցիչներից են քարակաղնին, խցանակաղնին, սոճին, ձիթենին և դափնին և այլն:
 
Կենդանական աշխարհը, ի տարբերություն մյուս բաղադրիչների, չի ենթարկվում տեղաբաշխման խիստ օրինաչափությունների, քանի որ կենդանիները հեշտությամբ տեղաշարժվում են մեկ բնական զոնայից մյուսը իրենց կերը և բնակմիջավայրը հայթայթելու նպատակով: Չնայած դրան, կարելի է ձևակերպել ընդհանուր օրինաչափություններ կապված կենդանիների խմբերի և դրանց առանձին տեսակների նախասիրությունների հետ և ասել, որ օրինակ հասարակածային խոնավ մշտադալար անտառների բնական զոնային առավել բնորոշ են կապիկները (գորիլա, մակակ, շիմպանզե, պավիան) և անտառային կենդանիներից վարազը, հովազը և որոշ այլ կատվազգիներ, իսկ եզրային հատվածներում նաև ցեցե ճանճը:
 
Սավաննաների և նոսրանտառների զոնային բնորոշ են խոշոր կաթնասուններ փիղը, գետաձին, ռնգեղջյուրը, ընձուղտը, առյուծը, այծքաղը, հեպարդը, աֆրիկյան ջայլամը և այլն, իսկ անապատների և կիսաանապատների զոնան ունի բավական աղքատ կենդանական աշխարհ, որի վառ ներկայացուցիչներն են օձերը (մասնավորապես եղջերավոր օձը), և անապատային աղվեսը, մողեսները, կարիճները, ուղտը, շնագայլը, բորենին:
 
Աֆրիկյան մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան
 
African makvis1.jpg