Տեսություն

Աֆրիկայի բուսակենդանական աշխարհի յուրահատկությունները
Աֆրիկայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն բազմազան է, այլև առանձին տեսակներ աչքի են ընկնում մի շարք յուրահատկություններով: Դրանց շարքում կարելի է նշել հասարակածային խոնավ մշտադալար անտառների կենդանիներից գորիլային և ցեցե ճանճը: Առաջինն ամենամեծ պրիմատն է աշխարհում, իսկ երկրորդը յուրահատուկ է նրանով, որ մեկ խայթոցից տնային կենդանիները սատկում են, իսկ մարդու մոտ առաջանում է քնախտ հիվանությունը, որի դեպքում մարդը «հավերժ քուն» է մտնում:
 
Gorilla.jpgtce-tce.jpg
Գորիլա և ցեցե ճանճ: Հետաքրքիր է, որ առաջինը բացարձակ անօգնական է երկրորդի առջև
 
Բույսերից յուրահատուկ են լիանները, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար մագլցում և փաթաթվում են ծառերի վրա՝ ջունգլիներին տալով մեզ ծանոթ տեսքը և առաջացնելով անանցանելի ցանցեր: Սավանաների և նոսրանտառների բնակիչներից իրենց յուրահատկություններով հանրահայտ են առյուծը, որին ուժի և հզորության համար անվանում են «կենդանիների արքա», ընձուղտը, որն ամենաբարձրահասակ ցամաքային կենդանին է (հասակը հասնում է \(5-6\) մ), հեպարդը՝ ամենաարագավազ կենդանին աշխարհում (զարգացնում է մինչև \(110\) կմ/ժ արագություն), աֆրիկյան փիղը՝ ամենախոշոր ցամաքային կենդանին (հասակը կարող է լինել \(3\) մ-ից ավելի, իսկ քաշը մոտ \(6\) տոննա), աֆրիկյան ջայլամը՝ ամենախոշոր թռչունը աշխարհում (հասակը հասնում է \(2,7\) մ, իսկ քաշը կարող է հասնել \(130\) կգ), որի դրած մեկ ձուն համարժեք է հավի \(12\) ձվին և նեղոսյան կոկորդիլոսը՝ կոկորդիլոսների կարգի ամենախոշոր ներկայացուցիչը (երկարությունը կարող է գերազանցել \(5\) մ, իսկ քաշը՝ \(500\) կգ):
 
hepard.jpgafrikanskih-strausov.jpg
Հեպարդ և աֆրիկյան ջայլամ: Երկուսին էլ միավորում է արագավազ լինելը, սակայն եթե հեպարդը այդ առավելությունը օգտագործում է որսի ժամանակ, ապա ջայլամը՝ գիշատիչներից փախչելիս
  
Անապատների և կիսաանապատների զոնայում առաջին հերթին աչքի են ընկնում ուղտը, որը կարողանում է օրեր շարունակ դիմանալ առանց ջուր խմելու և դրա համար օգտագործվում է որպես փոխադրամիջոց անապատային տարածքներում, ինչպես նաև վելվիչիա բույսը, որի տերևներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում, ինչի շնորհիվ Նամիբ անապատում աճող այս բույսը հայտնի է որպես ամենաերկար տերևներով բույսն աշխարհում:
 
camel.jpgvelvichia.jpg
Ուղտը և վելվիչիան չորային պայմաններին լավագույնս հարմարված տեսակներից են Աֆրիկայում