Աֆրիկայի գետերը և ջրվեժները
Ուշադրություն
Աֆրիկա մայրցամաքի ջրագրական ցանցը զարգացած է խիստ անհավասարաչափ, ինչը պայմանավորված է մայրցամաքի կլիմայական առանձնահատկություններով:
Ստորև ներկայացված քարտեզից երևում է, որ Աֆրիկայի գետերը պատկանում են Հնդկական օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և ներքին ավազաններին: Ընդ որում խոշոր գետերից Հնդկական օվկիանոսին են պատկանում Զամբեզի և Լիմպոպո գետերը, Ատլանտյան օվկիանոսին՝ Սենեգալ, Նիգեր, Նեղոս, Կոնգո և Օրանժ գետերը, իսկ ներքին ավազանին՝ Օկավանգոն և Շարի գետը, որը թափվում է Չադ լիճ:
 
Հայտնի է, որ աֆրիկյան գետերն աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով: Մասնավորապես աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը (արաբերեն անունը Էլ-Բախր) հոսում է հարավային կիսագնդից Միջերկրական ծով և կազմավորվում է \(2\) խոշոր վտակների՝ Սպիտակ (սնվում է Վիկտորիա լճի ջրերով) և Կապույտ նեղոսների (ակունքը՝ Թանա լիճ) միախառնումից: Աշխարհի երկրորդ և Աֆրիկայի ամենաջրառատ գետը՝ Կոնգոն, \(2\) անգամ հատում է հասարակածը, իսկ Հնդկական օվկիանոսին պատկանող գետերից իր երկարությամբ ու ջրառատությամբ աչքի է ընկնում Զամբեզին: Ներքին ավազանի գետերից ջրառատության սեզոնային մեծ տատանումներով է հայտնի Շարի գետը, ինչի շնորհիվ նրանից սնվող Չադ լիճը ունենում է ջրի մակարդակի զգալի տատանումներ և ձեռք է բերել «թափառող լճի» համբավ:
 
Screenshot_7.png
 
Աֆրիկայի հիմնական գետերը և ավազանները
 
Աֆրիկայի տարածքում նաև հայտնի են Վիկտորիա ջրվեժը Զամբեզի գետի վրա և Լիվինգսթոնի \(32\) ջրվեժները Կոնգո գետի վրա: Վիկտորիա ջրվեժը բացահայտել է բրիտանացի հանրահայտ ճանապարհորդ և հետազոտող Դավիդ Լիվինգսթոնը և անվանակոչել այն ի պատիվ Բրիտանիայի թագուհու, իսկ մեկ այլ բրիտանացի ճանապարհորդ՝ Սթենլին, Լիվինգսթոնի պատվին անվանակոչեց արդեն Կոնգո գետի ստորին հոսանքում հայտնաբերված ջրվեժների շարքը: Ներկայումս Վիկտորիա ջրվեժը հանդիսանում է Աֆրիկյան զբոսաշրջային գլխավոր օբյեկտներից մեկը: 
 
Victoria waterfall.jpg
 
Վիկտորիա ջրվեժ
Լճերը և ջրամբարները
Աֆրիկան նշանավոր է նաև լճերով, որոնցից Արևելաաֆրիկյան բեկվածքի գոտում ձևավորված տեկտոնական ծագման լճերի մի խումբ ստացել է Աֆրիկյան Մեծ լճեր անվանումը: Մեծ լճերից առավել հայտնի են Վիկտորիան՝ մակերեսով աշխարհի երկրորդ, իսկ Աֆրիկայում՝ ամենամեծ քաղցրահամ լիճը, որից սնվում է Սպիտակ Նեղոսը, Տանգանիկան՝ աշխարհում խորությամբ երկրորդ, իսկ Աֆրիկայում ամենախորը լիճը, որի ջրերով նաև սնվում է Կոնգո գետը, Նյասան (Մալավի )որի ջրերով սնվում է Զամբեզի գետը և Ռուդոլֆ լիճը, որը միակ անհոս լիճն է Մեծ լճերի շարքում: Աֆրիկայի նշանավոր լճերից են նաև մնացորդային ծագման Չադ լիճը, Թանա լիճը Եթովպական բարձրավանդակում, որից սկիզբ է առնում Կապույտ Նեղոսը:
 
AfricaGreatLakes.jpg
 
Աֆրիկայի Մեծ լճերի տիեզերական լուսանկարը
 
Աֆրիկայի ամենախոշոր և հայտնի ջրամբարը՝ Ասուանը (Նասեր) կառուցված է Նեղոս գետի վրա և ունի հսկայական ոռոգչաէներգետիկ նշանակություն: Միևնույն ժամանակ նրա կառուցումը մեծապես վնասել է Եգիպտոսի գյուղատնտեսությանը, քանի որ Նեղոսի կողմից նախկինում տեղափոխվող հսկայական քանակի տիղմն ու օրգանական նյութերն այժմ նստում են ջրամբարի հատակին և գյուղացիները ստիպված են լրացուցիչ պարարտանյութեր օգտագործել հողերի բերրիությունը պահպանելու նպատակով:
 
Aswan dam.jpg
 
Ասուանի ջրամբարի պատվարը