Տեսություն

Անտարկտիդայի կլիման
Ուշադրություն
Շնորհիվ աշխարհագրական դիրքի Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքն է:
Բացի բևեռամերձ աշխարհագրական դիրքից, կլիմայի նման խիստ պայմանների վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից ամենակարևորն են մակերևույթի սառցածածկ լինելը, ինչի պատճառով արևից ստացվող ջերմության 90%-ը անդրադարձվում է, ինչպես նաև այն առանձնահատկությունը, որ ափերի մոտով անցնում է միայն սառը օվկիանոսային հոսանք: Ի դեպ Անտարկտիդայի ափերի մոտով անցնող Արևմտյան քամիների սառը հոսանքը ոչ միայն ազդում է մայրցամաքի ընդհանուր կլիմայական պայմանների վրա, այլև հաճախ հանդիսանում է Անտարկտիկայի ջրերում լողացող սառցասարերի՝ այսբերգների տարածման հյուսիսային սահման և միակ հոսանքը, որը գոտևորում է Երկրագունդը՝ առանց ընդհատվելու: Այս ջրերում հանդիպող այսբերգները հիմնականում մայրցամաքային ծագման հսկայական սառցադաշտից պոկված բեկորներ են, որոնց հզորությունը կարող է հասնել մի քանի հարյուր մետրի, իսկ այսբերգում կուտակված ջրի ծավալը՝ հարյուրավոր միլիարդ խորանարդ մետրի, ինչը համեմատելի է Ավստրալիա մայրցամաքի քաղցրահամ ջրերի պաշարների հետ:
Aysberg.jpg
Նկար 1. Այսբերգի միայն 1/10 մասն է գտնվում ջրի երեսին
Աշխարհագրական դիրքով է պայմանավորված նաև փաստը, որ տարվա մի կեսը մայրցամաքի ներքին շրջաններում բևեռային գիշերներ են, իսկ մյուս կեսը՝ բևեռային ցերեկներ: Անտարկտիդայում հանդիպում է նաև բևեռափայլի երևույթը:
Hyusisapayl.jpg
Նկար 2. Բևեռափայլի երևույթը Անտարկտիդայի աստղազարդ երկնքի ներքո
Ուշադրություն
Անտարկտիդա մայրցամաքի տարածքում հանդիպում են 2 կլիմայական գոտիներ. եզրային հատվածներում՝ մերձանտարկտիկական, իսկ ներքին շրջաններում՝ անտարկտիկական կլիմայական գոտիները:
Որոշ դեպքերում Անտարկտիկական թերակղզու ծայր հյուսիսային հատվածը դասում են բարեխառն կլիմայական գոտու տարածքին: Մայրցամաքի ներքին շրջաններում տարածվող անտարկտիկական կլիմայական գոտու սահմաններում է գրանցվել աշխարհի ամենացածր ջերմաստիճանը՝ -88.3°C՝ Վոստոկ գիտահետազոտական կայանում: Այս գոտում են սկիզբ առնում հարավային և հարավ-արևելյան մշտական քամիները, որոնք, փչելով դեպի մայրցամաքի եզրային հատվածներ, հաճախ վերածվում են հզոր փոթորիկների, որոնք կարող են տևել մինչև կես տարի: Ընդ որում քամու ուժգնությունը մեծանում է հատկապես մայրցամաքի եզրային հատվածներում: 
Vostok.JPG
Նկար 3. Վոստոկ կայանում է գրանցվել ամենացածր ջերմաստիճանը
Անտարկտիկական կլիմայական գոտու սահմաններում ամբողջ տարին ջերմաստիճանները բացասական են, հիմնականում -30°C-ից ցածր: Տեղումների քանակը նույնպես շատ փոքր է՝ 50-100մմ, քանի որ այստեղ տիրապետողը օդի վարընթաց շարժումն է: Մերձանտարկտիկական գոտում տեղումների քանակը մի փոքր ավելանում է՝ հասնելով 200-300մմ, իսկ տարվա ընթացքում մի ժամանակահատված՝ դեկտեմբերից-փետրվար, գրանցվում են դրական ջերմաստիճաններ՝ միջինում կազմելով 0 +5°C:
Բուսակենդանական աշխարհը
Ուշադրություն
Անտարկտիկայի ամբողջ տարածքում խիստ բնակլիմայական պայմանների պատճառով բուսական աշխարհը չափազանց աղքատ է:
Միայն ամառային ամիսներին՝ դեկտեմբերից-փետրվար, երբ կլիմայական պայմանները բարենպաստ են ափամերձ գոտում բուսականության աճի համար, ի հայտ են գալիս անտարկտիկական օազիսները, որտեղ հանդիպում են նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց ծլումը, զարգացումը և սերմերի առաջացումը կատարվում է 2-3 ամսվա ընթացքում: Այդպիսի բույսերից են Անտարկտիկական թերակղզու հյուսիսային հատվածներում հանդիպող որոշ հացազգիներև մեխակազգիներ, իսկ Կերգելեն կղզու տարածքում, ուր բույսերի աճի համար բարենպաստ ժամանակահատվածը ավելի երկար է, աճում է կերգելենյան կաղամբը: Ընդհանուր առմամբ Անտարկտիդայի բուսական աշխարհի ամենաբնորոշ ներկայացուցիչներն են մամուռները, քարաքոսերը և ջրիմուռները, որոնք վիտամինների եզակի աղբյուր են այստեղ հավաքվող բազմաթիվ կենդանիների համար:
Lichenes in Antarctida.jpg
Նկար 4. Անտարկտիկական օազիսներում հանդիպող քարաքոսերը տարածքին կանաչ գորգի տեսք են տալիս
Ուշադրություն
Անտարկտիդայի կենդանական աշխարհը ավելի բազմազան է, քան բուսականը, քանի որ ափամերձ ջրերում ցածր ջերմաստիճանի արդյունքում շատ է լուծված թթվածինը, որը հանգեցնում է պլանկտոնային օրգանիզմների մեծ կենսազանգվածի, ինչն էլ գրավում է ձկների հսկայական վտառներ և նրանցով սնվող բազմաթիվ կենդանիներ:
Մասնավորապես պլանկտոնային և ձկնային պաշարների առատությունը այստեղ է գրավում կետազգիների, կետադելֆինների և փոկերի, ինչպես նաև ջրլող թռչունների: Կետազգիների և ընդհանրապես կաթնասունների ամենախոշոր ներկայացուցիչն է կապույտ կետը, որի զանգվածը կարող է հասնել 150 տոննայի և, ի տարբերություն կետադելֆինների, այն բացառապես սնվում է զոոպլանկտոնով: Կետադելֆինների համար հիմնական սնունդ հանդիսացող կենդանիներից են ափամերձ գոտում (անտարկտիկական օազիսներում) կուտակվող փոկերը, որոնց ամենախոշոր ներկայացուցիչն է փոքր կնճիթ ունեցող ծովափիղը: Ձկների առատությունը դեպի ափամերձ գոտիների ժայռածերպեր է գրավում հազարավոր թռչունների, որոնք այստեղ ձվադրում են և որս կատարում: Թռչունների նման հսկայական կուտակումները ընդունված է անվանել թռչնաշուկաներ: Անտարկտիդայի էնդեմիկ թռչուններից է նաև պինգվինը, որի 17 տեսակներ են հանդիպում մայրցամաքի տարածքում: Դրանցից ամենախոշորը կայսերական պինգվինն է՝ մոտ 1մ բարձրությամբ:
Penguins kindergarden.jpg
Նկար 5. Կայսերական պինգվինները ձագերի խնամքը կազմակերպելու համար ստեղծում են «մանկապարտեզներ»
Հայտնի է, որ պինգվինները, ինչպես և ջայլամները չեն թռչում, սակայն ի տարբերություն ջայլամների, որոնք արագավազ են, պինգվինները ունեն այլ առավելություն՝ նրանք հիանալի լողորդներ են և նույնպես սնվում են ձկներով: