Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասը բաղկացած է Ավստրալիա մայրցամաքից և դրան հարակից բազմաթիվ կղզիներից, որոնք միասին կազմում են Օվկիանիա կոչվող տարածաշրջանը:
 
Australia physical.jpg
Ավստրալիայի և հարակից կղզիների ֆիզիկական քարտեզ 
 
Ուշադրություն
Աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են՝
 
1. մայրցամաքի կենտրոնով անցնում է հարավային արևադարձը, որին ավելի մոտ է հյուսիսային եզրը (Յորք հրվ.), քան հարավայինը
2. մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է Տաք ջերմային գոտում, իսկ աշխարհամասը՝ նաև Բարեխառն
3. ինչպես մայրցամաքի, այնպես էլ աշխարհամասի ափերը ողողում են Հնդկական (մայրցամաքի արևմտյան ափեր) և Խաղաղ օվկիանոսի (մայրցամաքի արևելյան ափեր) ջրերը
4. աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր \(4\) կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ \(180\)° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում
5. մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով: 
Australia Cayraketer.jpg
Ավստրալիա մայրցամաքի ծայրակետերը
Ավստրալիայի ափագիծը
Ուշադրություն
Ավստրալիայի ափագիծը քիչ է կտրտված, քանի որ այս մայրցամաքը չի ենթարկվել խոշոր սառցապատումների ազդեցությանը, ինչպես նաև մայրցամաքը չի հանդիսանում տեկտոնական ակտիվ գոտի:
Հայտնի է, որ Ավստրալիայի ափերի մոտով անցնում են երկու օվկիանոսային հոսանքներ՝ արևմուտքում Արևմտաավստրալական սառը հոսանքը, իսկ արևելքում՝ Արևելաավստրալական տաք հոսանքը: Ավստրալիայի տարածքում առանձնացնում են նաև երկու խոշոր թերակղզի՝ Առնհեմլենդը և նրանից արևելք գտնվող Քեյփ Յորքը և երկու նեղուց, որոնք բաժանում են մայրցամաքը հարակից կղզիներից: Այդ նեղուցներն են. հյուսիսում՝ Թորրեսի, որը բաժանում է Ավստրալիան Նոր Գվինեայից և միևնույն ժամանակ կապ է հանդիսանում Կորալյան և Արաֆուրյան ծովերի միջև, ինչպես նաև հարավում գտնվող Բասսի նեղուցը, որը բաժանում է Ավստրալիան Թասմանիա կղզուց: Բացի այս երկունեղուցները, աշխարհամասում հայտնի է նաև Կուկի նեղուցը, որը, գտնվելով Նոր Զելանդիայում, միմյանցից բաժանում է Հյուսիսային և Հարավային կղզիները:
 
Ավստրալիայի ափերը ողողող ծովերն ու ծոցերն են Թիմորի ծովը, որն արևելքում սահմանակից է Արաֆուրյան ծովին, որն էլ իր հերթին Թորրեսի նեղուցով կապվում է Կորալյան ծովին: Արաֆուրյան ծովից հարավ-արևելք գտնվում է Կարպենտարիայի ծոցը՝ Առնհեմլենդ և Քեյփ Յորք թերակղզիների միջև: Կորալյան ծովն իր հերթին ամենատաք ծովն է Ավստրալիայի ափերի մոտ և դրա տարածքում է գտնվում Մեծ Արգելախութը, որը մոտ \(2000\) կմ հյուսիսից հարավ ուղղությամբ ձգվող կորալային ծագման կղզիներ են և հանդիսանում են բնության հրաշալիքներից մեկը՝ գրավելով միլիոնավոր տուրիստների ուշադրությունը: Ավստրալիայի արևելքում է Ֆիջիի ծովը, որը հարավ-արևմուտքում սահմանակից է Թասմանի ծովին, որն իր անունը ստացել է Ավստրալիան բացահայտած հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանի պատվին: Ավստրալիայի հարավում է ամենախոշոր ծովածոցը՝ Մեծ Ավստրալական ծոցը:
 
Australia and Oceania with island.jpg
Ավստրալիայի և Օվկիանիայի պատկերը տիեզերքից
Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի նշանավոր կղզիները
Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասը բաղկացած է Ավստրալիա մայրցամաքից, որի տարածքն ամբողջությամբ պատկանում է Ավստրալիա պետությանը: Բացի մայրցամաքային մասից, Ավստրալիա պետության տարածք է հանդիսանում նաև հարավում գտնվող ամենախոշոր կղզին՝ Թասմանիան, որը Ավստրալիայից բաժանվում է Բասսի նեղուցով:  
  
Ավստրալիայից հյուսիս գտնվում է Օվկիանիայի ամենախոշոր կղզին՝ Նոր Գվինեան, Ավստրալիայից բաժանվում է Թորրեսի նեղուցով, իսկ կղզու տարածքում են երկու պետություններ՝ Ինդոնեզիան և Պապուա Նոր Գվինեան: Ավստրալիայից հարավ-արևելք է գտնվում Նոր Զելանդիան, որը կազմված է Հյուսիսային և Հարավային կղզիներից, որոնց միջև էլ Կուկի նեղուցն է: Օվկիանիայում են նաև բազմաթիվ ավելի փոքր կղզիներ, որոնցից հայտնի են Նոր Կալեդոնիան, Ֆիջին, Կիրիբատին և այլն: