Ավստրալիայի և Օվկիանիայի բնական զոնաների տարածական բաշխումն ու օրինաչափությունները
Որպես բնատարածքային խոշոր համալիրներ, բնական զոնաներն ամբողջացնում են Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի բնության վերաբերյալ նախորդ ենթագլուխներում ներկայացված ինֆորմացիան:
Հայտնի է, որ բնական զոնաների տարածական բաշխման գործում կարևորագույն նշանակություն ունի կլիման:
Ուշադրություն
Այսպես, մերձհասարակածային կլիմայական գոտու սահմաններում տիրապետողը սավաննաների և նոսրանտառների բնական զոնան է, արևադարձային կլիմայական գոտու սահմաններում տիրապետում է անապատների և կիսաանապատների բնական զոնան, իսկ մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում՝ մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան:
Bioms map-australia.jpg
Ավստրալիայի և Օվկիանիայի բնական զոնաների տարածական բաշխման քարտեզ
 
Արդյունքում ստացվում է, որ Նոր Գվինեա կղզու հարավում, Առնհեմլենդ և Քեյփ Յորք թերակղզիների տարածքում տիրապետողը սավաննաների և նոսրանտառների բնական զոնան է, Մեծ ջրբաժան լեռնաշղթայի և ընդհանրապես մայրցամաքի արևելքում տիրապետող է խոնավ արևադարձային անտառների բնական զոնան, իսկ մայրցամաքի հարավում՝ մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան:
 
Օգտագործելով նաև Ավստրալիայի և Օվկիանիայի բնական զոնաների քարտեզը՝ կտեսնենք, որ Նոր Զելանդիայի, Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի հարավային և Նոր Գվինեա կղզու կենտրոնական հատվածում տիրապետում է վերընթաց գոտիականությունը, քանի որ այս տարածքները լեռնային են:
 
Ավստրալիայի բնական զոնաներն աչքի են ընկնում մի շարք յուրահատկություններով և առանձնահատկություններով, որոնց պատճառները կապված են մայրցամաքի ձևավորման և զարգացման պատմությամբ, ինչպես նաև երկրաբանական առանձնահատկություններով և ներկայիս բնակլիմայական պայմաններով:
 
Այսպես, քանի որ Ավստրալիան ավելի վաղ է առանձնացել միասնական Գոնդվանա մայրցամաքից, այնտեղ էնդեմիզմը ամենամեծն է աշխարհում՝ բույսերի դեպքում կազմելով \(75\)%, իսկ կենդանիների` \(90\)%:
Էնդեմիկ են կոչվում միայն տվյալ տարածքին բնորոշ բույսերի կամ կենդանիների տեսակները:
Ամենամեծ էնդեմիզմը և ծառային բուսականության բազմազանությունը հանդիպում է խոնավ արևադարձային անտառների բնական զոնայում, որը նաև հյուսիսից-հարավ ամենաերկարաձգվածն է և առատ տեղումներով տարածքներին ամենաբնորոշը: Ամենամեծ տարածում ունեցող և որպես արդյունք Ավստրալիային ամենաբնորոշ բնական զոնան է անապատների և կիսաանապատների զոնան, որտեղ բացակայում են կենարար օազիսները, իսկ կենսաբազմազանությունը աղքատ է: Ավստրալիայի հայտնի անապատներից են Վիկտորիայի Մեծ, Ավազային Մեծ, Սիմփսոն և Գիպսոն անապատները:
 
Կենսաբազմազանությամբ մայրցամաքի երկրորդը սավաննաների և նոսրանտառների բնական զոնան է, որը հանդիպում է միայն փոփոխական, սեզոնային տարբերություններ ունեցող կլիմայական պայմաններում: Ավստրալիայի ամենահարավում է տարածվում մերձարևադարձային մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան:
 
Ուշադրություն
Մայրցամաքի տարածքից դուրս Ավստրալական Միության կազմի մեջ մտնող Թասմանիա կղզու տարածքում հանդիպում է նաև բարեխառն անտառների զոնան:
Ավստրալիայի բնական զոնաների բաղադրիչների բնութագիրը
Կլիմայական պայմաններ: Ավստրալիայի խոնավ արևադարձային անտառների բնական զոնան աչքի է ընկնում կլոր տարին տեղացող և հավասարաչափ բաշխված առատ տեղումներով: Մասնավորապես այս զոնայում է գտնվում մայրցամաքի ամենախոնավ վայրը՝ Քեռնս բնակավայրը, որտեղ գրանցվել է \(4000\) մմ տեղումներ:
 
Սավաննաների և նոսրանտառների բնական զոնան աչքի է ընկնում կլիմայական պայմանների արտահայտված սեզոնայնությամբ: Ամառները՝ դեկտեմբերից փետրվար, աչքի են ընկնում խոնավ եղանակներով (միջինում \(1500-1600\) մմ տեղումներով), որոնք ձմռան սեզոնին փոխարինվում են չոր եղանակներով: Այստեղ միջին տարեկան ջերմաստիճանները մշտապես \(+20\)°C-ից բարձր են լինում:
 
Անապատների և կիսաանապատների զոնան աչքի է ընկնում չոր և շոգ եղանակային պայմաններով: Միջին ամառային ջերմաստիճանները \(+25\)°C-ից բարձր են, իսկ տարեկան տեղումները՝ \(100-200\) մմ-ի սահմաններում: 
 
Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան նույնպես աչքի է ընկնում կլիմայական պայմանների սեզոնայնությամբ, սակայն այստեղ տեղումների հիմնական մասը թափվում է ամռանը, իսկ ձմեռը չորային է:
 
Հողերը: խոնավ արևադարձային անտառների բնական զոնայում առատ տեղումների և բարձր ջերմաստիճանների պայմաններում ձևավորվել են կարմրադեղին կամ ֆեռալիտային հողերը, իսկ տեղումների սեզոնային կտրուկ տատանումներով աչքի ընկնող սավաննաների և նոսրանտառների բնական զոնայի տարբեր հատվածներում ձևավորվել են շագանակագույն, կարմրագորշ և գորշ հողատեսակները:
 
Feralitayin ground.jpg
Կարմրադեղին (ֆեռալիտային) հող
 
Երկրաբանական առանձնահատկություններով և կլիմայի խիստ չորայնությամբ էլ
պայմանավորված անապատների և կիսաանապատների զոնայում ձևավորվել են գորշ անապատային, ավազային և քարքարոտ հողերը: Միջերկրածովային կլիմայի պայմաններում առաջացած մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնայում ձևավորվել են դարչնագույն և շագանակագույն հողեր:
 
Բույսերը: Ավստրալիան հանդիսանում է մի շարք բույսերի հայրենիքը: Օրինակ կազուարիաները, ակացիաները և էվկալիպտները: Ընդ որում ակացիաները և էվկալիպտները լայն տարածում ունեն ամբողջ Ավստրալիայում և դրանց տարբեր տեսակներ հանդիպում են խոնավ արևադարձային անտառներում, սավաննաների և նոսրանտառների զոնայում, ինչպես նաև մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնայում:
 
akacia.jpg Eucalipt.jpg
Ակացիա և էվկալիպտ ծառատեսակները
  
Խոնավ արևադարձային անտառներում լայնորեն տարածված են նաև ֆիկուսները, արմավենիները և դափնիները, որոնց հետ համատեղ աճում են նաև ծառանման պտերները: Սավաննաների և նոսրանտառների զոնայի դիմագիծն են կազմում էվկալիպտները, ակացիաները և կազուարիաները, իսկ դրանց որոշ գաճաճ տեսակներ հանդիպում են մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնայում: Բուսական աշխարհով խիստ աղքատ է անապատների և կիսաանապատների զոնան, քանի որ այստեղ բացակայում են նույնիսկ օազիսները: Այստեղ ամենահայտնի բուսատեսակը Միտչելի խոտն է:
 
Կենդանական աշխարհը: Ավստրալիայի ոչ էնդեմիկ ներկայացուցիչներից ամենահայտնին դինգո շունն է, որը բերվել է Եվրոպացիների կողմից և հետագայում վայրենացել:
 
dingo.jpgkoala.jpg
Դինգո և Կոալա
 
Ավստրալիայի կենդանական աշխարհի մնացյալ նշանավոր տեսակները էնդեմիկ են և ունեն տարածական բաշխման որոշակի օրինաչափություններ: Մասնավորապես խոնավ արևադարձային անտառների բնական զոնային բնորոշ են պարկավոր արջը՝ կոալան, ծառային կենգուրուն, որը հանդիպում է միայն այս զոնայում, գետերի էկոհամակարգերում հանդիպող կոկորդիլոսները, կրիաները և բադակտուցը: Սավաննաների և նոսրանտառների զոնային բնորոշ են եքիդնան, էմու ջայլամը, դինգոն և կենգուրուն, որոնք կարող են ավելի հազվադեպ հանդիպել նաև անապատների և կիսաանապատների զոնայում: Անապատների և կիսաանապատների զոնային ավելի բնորոշ են սողուններն ու միջատները, որոնցից ամենահայտնին են տերմիտները: