Տեսություն

Եվրասիայի կլիմայական գոտիների և մարզերի աշխարհագրական բաշխումը
Եվրասիայի տարածքում հարավից հյուսիս միմյանց են հաջորդում հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձարկտիկական և արկտիկական կլիմայական գոտիները, ընդ որում միաժամանակ Եվրոպայի և Ասիայի տարածքում հանդիպում են միայն մերձարևադարձային, բարեխառն և մերձարկտիկական կլիմայական գոտիները, սակայն արևելքից-արևմուտք մեծ ձգվածության արդյունքում կլիմայական պայմանների տարածական տարբերություններով աչքի են ընկնում միայն մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիները, ինչի շնորհիվ այստեղ առանձնացնում են կլիմայական մարզեր:
Հասարակածային կլիմայական գոտին հանդիպում է միայն Ասիայի հարավ-արևելքում գտնվող Մալակկա թերակղզու հարավում և հարակից Մալայան արշիպելագի կղզիներում, մերձհասարակածային գոտին՝ հիմնականում Հնդկաչին և Հնդստան թերակղզիների տարածքում, իսկ նույն լայնությունների վրա գտնվող Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տիրապետում է արևադարձային կլիման: Եվրոպայի հարավը, ինչպես և Հայկական լեռնաշխարհը և դրանից արևելք ձգվող լեռնային գոտիները և Մեծ Չինական դաշտավայրի տարածքը Ասիայում գտնվում են մերձարևադարձային կլիմայական գոտում:  Ընդ որում Եվրոպայի ամբողջ հարավը՝ Միջերկարական ծովի ավազանը, գտնվում է մերձարևադարձային գոտու միջերկրածովային կլիմայական մարզի սահմաններում, որից արևելք՝ Հայկական լեռնաշխարհն ու Իրանական լեռնաշխարհի հյուսիսային հատվածը՝ ցամաքային կլիմայական մարզի: Մեծ Չինական դաշտավայրի տարածքում էլ մուսսոնային քամիների պատճառով մուսսոնային կլիմայի մարզն է առանձնացվում: Մերձարևադարձային գոտուց հյուսիս՝ 40-65° լայնությունների միջև տիրապետողը բարեխառն կլիման է, որի սահմաններում են նաև Եվրոպայի և Ասիայի խոշորագույն հարթավայրերը՝ Արևելա-եվրոպականը և Արևմտասիբիրականը: Բարեխառն գոտու ծայր արևմուտքը և հյուսիս-արևմուտքը տաք օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ գտնվում է ծովային կլիմայի մարզի սահմաններում: Նույն մարզն է նաև Կամչատկա թերակղզու սահմաններում: Եվրոպայի տարածքի մեծ մասը՝ ընդգրկելով ամբողջ արևելյան Եվրոպան մինչև Ուրալյան լեռներ աչքի է ընկնում ցամաքային կլիմայով, որի երբեմն անվանում են չափավոր ցամաքային, իսկ Ուրալյան լեռներից արևելք՝ Ասիայի տարածքի մեծ մասում գերակշռում է խիստ ցամաքային կլիմայի մարզը, որին էլ երբեմն անվանում են ցամաքային: Միայն ծայր արևելքում՝ Ճապոնական ծովի ավազանում և մերձակա տարածքներում դարձյալ հանդիպում է մուսսոնային կլիմայի մարզը: Եվրոպայի ծայր հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզում և դրանից արևելք գտնվող Ասիայի տարածքում նեղ գոտով տարածվում է մերձարկտիկական կլիմայական գոտին, իսկ Ասիայի ծայր հյուսիսում՝ Թայմիր թերակղզում և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզիներում տիրապետող է արկտիկական կլիման:
Eurasia climate.jpg
Եվրասիայի կլիմայական գոտիների ու մարզերի աշխարհագրական բաշխումը
Կլիմայական գոտիների և մարզերը կլիմայական պայմանների բնութագիրը
Հասարակածային կլիմայական գոտին աչքի է ընկնում օդային հոսանքների վերընթաց շարժմամբ և որպես արդյունք ամբողջ տարին հավասարաչափ բաշխված առատ տեղումներով (2000-3000մմ), որոնց հաճախ անվանում են զենիթային անձրևներ, քանի որ դրանք սովորաբար գալիս են կեսօրին և դրանից հետո: Ջերմաստիճանները մշտապես պահպանվում են +25+27°C սահմաններում:
Մերձհասարակածային գոտում ամռանը տիրապետում են հասարակածային օդային զանգվածները, որոնց գումարվում է նաև ամառային մուսսոնների ազդեցությունը և այս ժամանակահատվածում առատ տեղումներ են առաջանում, իսկ ձմռանը մուսսոնային քամիների ազդեցությամբ տեղումների քանակը չնչին է, սակայն ջերմաստիճանները տարվա ընթացքում մշտապես բարձր են և տատանվում են +22+30°C սահմաններում:
Արևադարձային կլիմայական գոտում օդային հոսանքների վարընթաց շարժման պատճառով կլիման չափազանց չորային է (հազվադեպ կարող են լինել մինչև 300մմ տեղումներ), իսկ ջերմաստիճանների տատանումները համեմատած նախորդ գոտիների՝ ավելի մեծ՝ +15+35°C:
Մերձարևադարձային գոտում առանձնացվում է 3 կլիմայական մարզ՝ միջերկրածովային, ցամաքային և մուսսոնային: Մուսսոնային կլիմայի մարզն աչքի է ընկնում մեղմ ու խոնավ ամառներով, և չոր ու մեղմ ձմեռներով, ինչը պայմանավորված է մուսսոնների ազդեցությամբ: Միջին ջերմաստիճանները +9°C-ից մշտապես բարձր են, տեղումներն էլ բավական առատ (մինչև 1800մմ): Ցամաքային կլիմայի պայմաններում տեղումները սակավ են և գալիս են հիմնականում գարնանն ու աշնանը, իսկ միջերկրածովային մարզի տարածքում՝ ձմռանը: Վերջինիս ամառները շոգ են և չոր, ինչպես ցամաքային կլիմայի մարզում, սակայն ձմռանը բացասական ջերմաստիճաններ հազվադեպ են դիտվում, ինչի պատճառով ձյունը նույնպես հազվադեպ երևույթ է:
Forest fire greece-beach.jpg
Միջերկրական ծովի ափերին միջերկրածովյան կլիմայի պայմաններում ամառային չոր ու շոգ եղանակները հանգեցնում են անտառային մեծածավալ հրդեհների
Ամենամեծ տարածական ընդգրկումն ունեցող բարեխառն կլիմայական գոտու սահմաններում առանձնացնում են 4 կլիմայական մարզեր՝ ծովային, ցամաքային, խիստ ցամաքային և մուսսոնային: Դրանցից ամենամեծ տարածումն ու ջերմաստիճանների ամենամեծ տատանումը տարվա ընթացքում ունի խիստ ցամաքային մարզը, քանի որ այստեղ ծովերի և օվկիանոսների ազդեցությունը չնչին է: Այդ ազդեցության բացակայությամբ է նաև պայմանավորված տեղումների սակավությունը՝ 300-350մմ և ձմեռային սառնամանիքների պայմաններում նաև հողի բազմամյա սառածության առկայությունը, ինչը խոչընդոտում է այս հսկայական տարածքների տնտեսական յուրացմանը և բնակեցմանը: Ջերմաստիճանների տատանումների նվազագույնը դիտվում ծովային կլիմայի պայմաններում, քանի որ այստեղ մեծ է ծովերի ու օվկիանոսների մեղմացնող ազդեցությունը: Տեղումների քանակը նույնպես ամենամեծն է այս մարզում՝ 800-1000մմ, որոնք տարվա ընթացքում բաշխված են հավասարաչափ և գալիս են հիմնականում անձրևի տեսքով, քանի որ նույնիսկ ձմռանը ջերմաստիճանները դրական են: Ծովային և խիստ ցամաքային մարզերի միջև միջանկյալ դիրք է գրավում ցամաքային կլիմայի մարզը: Այստեղ ջերմաստիճանները լինում են բացասական, սակայն սառնամանիքներ չեն դիտվում: Ձմռանը տեղումները ձյան տեսքով են գալիս, սակայն հողի բազմամյա սառածություն չի դիտվում և տեղումների քանակը կազմում է 500-700մմ: Խաղաղօվկիանոսյան գոտում առանձնացվող մուսսոնային կլիմայի մարզն աչքի է ընկնում մեղմ ու խոնավ ամառներով, և չոր ու ցուրտ ձմեռներով, ինչը պայմանավորված է մուսսոնների ազդեցությամբ:
Kamaz.jpg
Բարեխառն ցամաքային կլիմայի մարզում ձնաբքերը հանգեցնում են նաև այսպիսի հետևանքների առաջին հայացքից երթևեկության համար բացված ճանապարհներին
  
Մերձարկտիկական գոտում ամռանը բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ միջին ջերմաստիճանները հասնում են +6°C, իսկ ձմռանը՝ արկտիկական օդային զանգվածների ազդեցությամբ ընկնում են մինչև -40°C: Տեղումները քիչ են (200-300մմ) և գալիս են հիմնականում ձյան տեսքով:
Ամենախիստ կլիմայական պայմանները դիտվում են արկտիկական կլիմայական գոտում, ուր օդային հոսքերի վարընթաց շարժման պատճառով տեղումների քանակը չնչին է՝ 100-200մմ: Միջին ամառային ջերմաստիճանները դրական են, սակայն մոտ 0-ին, իսկ ձմռանը դիտվում են ուժեղ սառնամանիքներ:
Bazmamya saracutyun.jpg
Նկար 4. Հողի բազմամյա սառածության օրինակ մերձարկտիկական կլիմայական գոտում