Տեսություն

Եվրասիան կազմող պլատֆորմներն ու գեոսինկլինալները
Ի տարբերություն այլ մայրցամաքների, Եվրասիայի կազմավորման գործընթացն ավելի երկարատև և բարդ է եղել:
 
2.jpg
Եվրասիայի կազմավորման գործընթացը
 
Հայտնի է, որ մայրցամաքի հիմքում հինգ պլատֆորմներ են՝ Արևելա-Եվրոպական, Սիբիրյան, Չինական, Հնդկական և Արաբական: Ընդ որում առաջին երեքն ի սկզբանե հանդիսացել են Լավրասիայի մաս, իսկ վերջին երկուսը՝ Գոնդվանայի, սակայն հետագայում, կտրվելով Գոնդվանայից, շարժվել են հյուսիս և միացել ժամանակակից Եվրասիային՝ հատման հատվածի ամբողջ երկայնքով առաջացնելով ակտիվ տեկտոնական գոտի, որը ստացել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ անվանումը: Այն տարածվում է Եվրասիայի ամբողջ հարավային գոտով՝ ընդգրկելով նաև Եվրոպայի ծայր արևմուտքը: Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի կենտրանական հատվածում է ձևավորվել նաև Հայկական լեռնաշխարհը: Այսպիսով, Եվրոպայի արևելքը՝ մինչև Ուրալյան լեռներ, ձևավորվել է Արևելա-Եվրոպական պլատֆորմի տարածքում, որը միակ պլատֆորմն է Եվրոպա աշխարհամասի հատվածում: Ուրալյան լեռներից արևելք ընկած Ասիայի հյուսիսային հատվածը ձևավորվել է Սիբիրյան պլատֆորմի տարածքում, որը ամենախոշորն է Ասիայի պլատֆորմներից: Ասիայի կենտրոնական գոտու արևելքում է Չինական պլաֆորմը, աշխարհամասի հարավում՝ Հնդկական պլատֆորմը, իսկ հարավ-արևմուտքում՝ Արաբական պլատֆորմը: 
 
Մայրցամաքի արևելքում Եվրասիայի պլատֆորմներին սեղմում է Խաղաղ Օվկիանոսի հիմքում գտնվող երկրակեղևի խոշոր կտորը՝ Խաղաղօվկիանոսյան սալը, ինչի շնորհիվ մայրցամաքի արևելքը նույնպես ակտիվ տեկտոնական գոտի է և ստացել է Խաղաղօվկիանոսյան «հրե օղակ» գեոսինկլինալ անվանումը: Վերջինս ավելի ակտիվ գոտի է և այստեղ հրաբուխներն ու երկրաշարժերն ավելի հաճախ են գրանցվում:
 
Asia_relief.jpg
Եվրասիայի մակերևույթի ձևերի բազմազանությունը վկայում է նրա կազմավորման գործընթացի բարդության մասին
Եվրասիայի ակտիվ տեկտոնական գոտիները: Հրաբուխներ և երկրաշարժեր
Ուշադրություն
Եվրասիան աչքի է ընկնում գործող և հանկած հրաբուխների առատությամբ, քանի որ տարածքի մի զգալի հատված գեոսինկլինալների գոտում է:
Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի գոտում են գտնվում Իտալիային պատկանող երկու նշանավոր հրաբուխներ՝ Վեզուվն ու Էթնան: Վեզուվը գտնվում է Ապենինյան թերակղզու հարավում  և նրա ամենահայտնի ժայթքումներից մեկը տեղի է ունեցել \(79\) թ.-ին, ինչի արդյունքում կործանվել է Պոմպեյ քաղաքը: Հետաքրքիր է, որ Պոմպեյի բնակչության կործանման պատճառը, ոչ թե լավային հոսքն է եղել, այլ գազափոշու շիկացած ամպը, որը րոպեների ընթացքում ծածկել է քաղաքը և շիկացրել է հրաբխի մերձակա տարածքների օդը՝ այրելով և խեղդամահ անելով մարդկանց:
 
vesuvius.jpgEtna.jpg
Եվրոպայի ամենավտանգավոր հրաբուխները՝ Վեզուվ (ձախից). տեսարան Նեապոլ քաղաքից և Էթնա (աջից). լուսանկարում \(2014\)թ. ժայթքումն է:
 
Սիցիլիա կղզում է գտնվում Էթնան, որը Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է: Ինչպես և Վեզուվը, այն նույնպես բազմիցս ժայթքել է վերջին \(2\) հազարամյակում, իսկ վերջին ժայթքումը գրանցվել է \(2014\) թ.-ին: Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի գոտում են նաև Հայկական լեռնաշխարհի երկու գործող հրաբուխները՝ Նեմրութն ու Թոնդրակը, որոնք երկուսն էլ Վանա լճի ավազանում են:
 
Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի տարածքում ամենահայտնի հրաբուխներն են Կլյուչևսկայա Սոպկան, Ֆուձիյաման և Կրակատաուն: Կլյուչևսկայա Սոպկան Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխն է և գտնվում է Կամչատկա թերակղզում: Ի դեպ համաձայն տարբեր գրական աղբյուրների, Կամչատկա թերակղզում են գտնվում \(28-36\) գործող հրաբուխներ և բազմաթիվ գեյզերներ: Ֆուձիյաման տեղակայված է Ճապոնիային պատկանող ամենախոշոր կղզու՝ Հոնսյուի վրա և հանդիսանում է ճապոնացիների սրբազան լեռը:
 
Klyuchevskaya.jpgFuji.png
Ձախից պատկերված են Կամչատկայի երկու ամենաբարձր հրաբուխները՝ Կամենը և Կլյուչևսկայա Սոպկան, իսկ աջից՝ ճապոնացիների սրբազան լեռը՝ Ֆուձիյաման, որը հիշեցնում է մեր սրբազան Մասիսը
  
Կրակատաուն պատկանում է Ինդոնեզիային և գտնվում է աշխարհի ամենախտաբնակ կղզու՝ Ճավայի հարևանությամբ՝ Զոնդյան նեղուցի տարածքում: Նրա ամենահզոր ու հայտնի ժայթքումը տեղի է ունեցել \(1883\) թ.-ին: Այն այնքան հզոր է եղել, որ ժայթքմանը նախորդած պայթյունը լսվել է նույնիսկ Ավստրալիայում, իսկ ժայթքման արդյունքում առաջացել է հզոր ցունամի, որը տարածվել է Հնդկական և Խաղաղ օվկիանոսներով:
 
Այս գեոսինկլինալային գոտիներից դուրս է գտնվում Իսլանդիան, որը առաջացել է տեկտոնական «թեժ» կետի հատվածում և ամբողջությամբ իրենից ներկայացնում է հրաբուխների ժայթքման արդյունք: Այս կղզու երկու ամենահայտնի հրաբուխներն են Լակին և Հեկլան:
 
Իսլանդիայում \(2010\) թ. հրաբխի ժայթքման արդյունքում միայն առաջին \(6\) օրվա ընթացքում Եվրոպայում չեղյալ հայտարարվեց \(94000\) ինքնաթիռային թռիչք
 
Ուշադրություն
Գեոսինկլինալային գոտիները նաև երկրաշարժավտանգ տարածքներ են: Մասնավորապես ավերիչ և հաճախ կրկնվող երկրաշարժեր են գրանցվում Պիրենեյան և Ապենինյան թերակղզիներում, Հայկական, Իրանական, Պամիրի և Տիբեթի լեռնաշխարհներում, Կամչատկա թերակղզում, Սախալին, Կուրիլյան, Ճապոնական, Ֆիլիպինյան, Մեծ Զոնդյան և այլ կղզիներում:
Առավել հզոր և հայտնի երկրաշարժերից են \(1775\) թ.-ի Լիսաբոնի, \(1923\) թ. Տոկիոյի, \(2003\) թ. Բամի (Իրան), \(2011\) թ. Ճապոնական Տոհոկուի, \(2015\) թ. Նեպալի երկրաշարժերը: Հետաքրքիր է, որ չնայած \(1775\) թ. երկրաշարժը պատմության մեջ ամենահզորներից մեկն էր, սակայն զոհերի թիվը համեմատաբար փոքր է եղել, քանի որ այն տեղի է ունեցել առավոտյան, երբ քաղաքի բնակիչների զգալի մասը փողոցում էր գտնվում՝ աշխատանքի շտապելիս: \(1923\) թ. Ճապոնիայի երկրաշարժն էլ այդքան աղետալի հետևանքներ չէր ունենա, եթե դրա արդյունքում Տոկիոյում ամենուրեք չբռնկվեին հրդեհներ, որոնք հրկիզեցին ամբողջ քաղաքը, քանի որ կառուցապատման ժամանակ շատ էր օգտագործվում փայտը: \(2003\) թ. Իրանի Բամ քաղաքի երկրաշարժը ամենահզորն էր \(21\)-րդ դարում մեր տարածաշրջանում գրանցված երկրաշարժերից և պաշտոնական տվյալներով խլեց \(35\) հազար մարդու կյանք, սակայն իր հետևանքներով վերջին հարյուրամյակում ամենանշանավորը \(2011\) թ.-ի Տոկոհուի երկրաշարժն էր, որի արդյունքում վնասվեց աշխարհի այդ պահի դրությամբ ամենահզոր և ամենաապահով համարվող ատոմակայանը՝ Ֆուկուսիման և ամբողջ աշխարհին սպառնում էր ճառագայթման վտանգը, եթե չլիներ անձնազոհ ճապոնացիների արագ արձագանքումը: Այդ երկրաշարժը առաջացրեց նաև հզոր ցունամի, իսկ աշխարհում երկրորդ ամենահզոր տնտեսություն ունեցող Ճապոնիայի զարգացումը կտրուկ արգելակեց և Չինաստանը կարողացավ դուրս գալ երկրորդ հորիզոնական՝ հիմնական տնտեսական ցուցանիշներով շրջանցելով Ճապոնիային:
 
Earthquake-Japan.jpg
\(2011\) թ. Տոկոհուի երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքներից մեկը
 
Վերջին խոշոր երկրաշարժերի շարքը գրանցվեց \(2015\) թ. Նեպալում՝ մայրաքաղաք Կատմանդույից ոչ մեծ հեռավորության վրա: Դրա հետևանքները զգացին ոչ միայն հարևան երկրները, այլև Ջոմոլունգման նվաճող 19 լեռնագնացներ, որոնք նահատակվեցին երկրաշարժի ցնցումներից առաջացած ձնահոսքերի պատճառով: Երկրաշարժավտանգ տարածք է նաև Հայկական լեռնաշխարհը, որի բազմաթիվ երկրաշարժերից առավել հայտնի են եղել \(1319\) թ. Անիի, \(1679\) թ. Գառնու և \(1988\) թ. Սպիտակի երկրաշարժերը: