Տեսություն

Բնական զոնաների առանձնահատկությունները
Բնակլիմայական պայմանների մեծ բազմազանության և մայրցամաքի ձևավորման երկրաբանական առանձնահատկությունների արդյունքում Հարավային Ամերիկայի տարածքում ձևավորվել են մի շարք բնական զոնաներ, որոնցից առավել ուշադրության են արժանի խոնավ հասարակածային անտառների, սավանաների և նոսրանտառների, տափաստանների, ինչպես նաև անապատաների և կիսաանապատների զոնաները: Մայրցամաքի համեմատաբար մեկուսացած աշխարհագրական դիրքի արդյունքում էլ մեծ է բույսերի և կենդանիների էնդեմիզմը:
Մայրցամաքում հանդիպող մյուս զոնաները (տես բնական զոնաների քարտեզը) համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում կամ չունեն բուսակենդանական աշխարհի էական տարբերություններ հարևան զոնաներից: Խոնավ հասարակածային անտառների զոնան ամենաբնորոշն է Հարավային Ամերիկայի պես խոնավ մայրցամաքի համար և հանդիսանում է այս մայրցամաքի «դիմագիծը»: Այդ անտառներին անվանում են նաև «մոլորակի թոքեր»: Խոնավ հասարակածային անտառների զոնան յուրահատուկ է նաև իր ահռելի կենսաբազմազանությամբ, որի հետ չի կարող համեմատվել աշխարհի և որևէ այլ բնական զոնա:
amazon-rainforest.png
Նկար 1. Գիտնականների գնահատմամբ անծայրածիր և անանցանելի սելվայում դեռևս հազարավոր անհայտ կենդանիների և բույսերի տեսակներ կան 
Այս յուրահատկությունների պատճառով էլ անընդհատ մեծանում է միջազգային հանրության մտահոգությունը Ամազոնի անտառներում մարդու տնտեսական գործունեության աճի նկատմամբ, որը կարող է հանգեցնել համամոլորակային հիմնախնդիրների սրման: Այս զոնային Հարավային Ամերիկայում ընդունված է կոչել սելվա, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է անտառային կամ պարզապես անտառ և որտեղից էլ առաջացել է կանացի Սիլվա անունը:
Ուշադրություն
Խոնավ հասարակածային անտառներին բնորոշ է նաև շարահարկայնությունը, այսինքն այն երևույթը, երբ անտառը կազմող ծառերը բաժանվում են խմբերի ըստ իրենց բարձրության և անտառում զբաղեցրած «հարկի»:
Բավական մեծ տարածք է զբաղեցնում նաև սավանաների և նոսրանտառների զոնան, որին Օրինոկոյի դաշտավայրում անվանում են լյանոս, իսկ Բրազիլական սարահարթի տարածքում՝ կամպոս, սակայն երկու բառն էլ թարգմանաբար նշանակում են հարթավայր, կամ դաշտ:
Pantanal-2.jpgԿամպոսի և սելվայի միջև անցումային գոտում է ձևավորվել աշխարհի խոշորագույն ճահճապատ տարածքը՝ պանտանալը, որը նույնպես աչքի է ընկնում հսկայական կենսաբազմազանությամբ
  
Սավանաներից հարավ տարածվող տափաստաններին Հարավային Ամերիկայում անվանում են պամպա, որը կեչուա հնդկացիների լեզվով նշանակում է հող առանց անտառի: Եվ սա ևս մեկ անգամ ընդգծում է անտառների մեծ դերը Հարավային Ամերիկայում, քանի որ նույնիսկ այլ բնական զոնաների անվան մեջ դրված է անտառի հետ համեմատության գաղափարը: Պամպաները իդեալական արոտավայրեր են ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների համար, ինչի շնորհիվ այս գոտում գտնվող երկրները այդ կենդանիների բուծմամբ աշխարհի առաջատարներից են:
 
pampa.jpgՊամպաների խոտը տափաստանների զոնայի ամենաբնորոշ բույսերից է և անասնապահության զարգացման կարևոր նախադրյալ
Բնական զոնաների աշխարհագրական բաշխումը
Հարավային Ամերիկայի տարածքի մեծ մասում գործում է հորիզոնական գոտիականության օրենքը և բնական զոնաները միմյանց հերթափոխում են հյուսիսից հարավ ուղղությամբ: Բացառություն է կազմում Անդերի հատվածը, ուր գործում է վերընթաց գոտիականության օրենքը և բնական զոնաները օրինաչափորեն միմյանց հերթափոխում են ստորոտից գագաթ ուղղությամբ:
Այսպես, սավանաների և նոսրանտառների բնական զոնան տարածվում է մայրցամաքի ծայր հյուսիսում՝ Մարակայբո լճի ավազանում և դրանից հարավ՝ Օրինոկոյի դաշտավայրի տարածքում: Հարավային կիսագնդում այս զոնան հանդիպում է Բրազիլական սարահարթի տարածքում և այդտեղից սկիզբ առնող գետերի վերին հոսանքում, ինչպես օրինակ Պարանա գետի դեպքում:
 
Bioms-arm-south-america.jpgՀարավային Ամերիկայի բնական զոնաները
 
Հասարակածային գոտում՝ Ամազոնի դաշտավայրի տարածքում է տարածվում խոնավ հասարակածային անտառների զոնան: Պարանա և Ուրուգվայ գետերի գետաբերանային հատվածներում, այսինքն Լա Պլատա գետի ավազանում տարածվում է տափաստանների զոնան, որից հարավ՝ Պատագոնիայի սարահարթում տարածվում է անապատների և կիսաանապատների զոնան, որը հանդիպում է նաև Անդերի արևմտյան լանջերին՝ առաջացնելով աշխարհի ամենաչոր անապատը՝ Ատակաման: Ատակամայից հարավ, մերձարևադարձային գոտում տիրապետողը մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան է: Մայրցամաքի ծայր հարավային հատվածում և հարակից կղզիներում տիրապետողը տունդրայի զոնան է:
Բնական զոնաների բաղադրիչների բնութագիրը
Հարավային Ամերիկայի բնական զոնաների ձևավորման գործում առաջնային նշանակություն ունեն կլիմայական պայմանները: Մասնավորապես յուրաքանչյուր կլիմայական գոտուն կամ մարզին առավել բնորոշ է բնական զոնաներից որևէ մեկը: Օրինակ հասարակածային կլիմայական գոտում, որը բնորոշվում է ամբողջ տարին հավասարաչափ բաշխված առատ տեղումներով և բարձր ջերմաստիճաններով ձևավորվել է խոնավ հասարակածային անտառների բնական զոնան: Մերձհասարակածային գոտում, որը բնորոշվում է խոնավ ամառներով (մինչև 2000մմ տեղումներ) և չոր ձմեռներով, ձևավորվել է սավանաների և նոսրանտառների բնական զոնան: Արևադարձային գոտու անապատային կլիմայի մարզում, որտեղ տեղումներ կարող են չգալ տասնամյակներ շարունակ, ինչպես նաև մերձարևադարձային գոտու չոր կլիմայի և բարեխառն գոտու չափավոր ցամաքային կլիմայի մարզերում, ուր տեղումների քանակը հասնում է 300մմ-ի ձևավորվել է անապատների և կիսաանապատների բնական զոնան: Մերձարևադարձային կլիմայական գոտու համաչափ խոնավությամբ կլիմայի մարզում ձևավորվել էտափաստանների բնական զոնան, իսկ բարեխառն գոտու չափավոր ցամաքային կլիմայի մարզի տարածքում գտնվող Ֆոլկլենդյան կղզիներում, ուր ամբողջ տարին ջերմաստիճանները բարձր չեն, իսկ տեղումները՝ սակավ, ձևավորվել է տունդրայի բնական զոնան:
 
Folklend island.jpgՖոլկլենդյան կղզիներում խիստ կլիմայական պայմանների արդյունքում բնակվում են նաև Անտարկտիդային բնորոշ կենդանիներ
 
Հայտնի է, որ բնակլիմայական պայմանների բազմազանությունը առաջացնում է նաև հողերի և բուսակենդանական աշխարհի մեծ բազմազանություն: Այսպես, խոնավ հասարակածային անտառներում տիրապետողը կարմրադեղին կամ լատերիտային կոչվող հողերն են, որոնց վրա աճում են շարահարկայնության օրենքով դասավորված խիտ անտառները: Այստեղ ընդունված է առանձնացնել երեք շարահարկ. վերին հարկում աճում են 60-100մ բարձրություն ունեցող սեյբան, ֆիկուսները և բարձրահասակ արմավենիները, երկրորդ հարկում աճում են պակաս լուսասեր շոկոլադի ծառը (կակաոյի ծառ), կաուչուկատու հևեան, սեխի ծառը, հինայի ծառը և այլն, իսկ ստորին հարկում աճում են թփեր և խոտային բուսականություն: Ամենուրեք կարելի է հանդիպել ծառերին փաթաթվող լիաններ, իսկ գետերի հանդարտահոս հատվածներում վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը: Կենդանական աշխարհի ամենահարուստ բազմազանությունը նույնպես դիտվում է խոնավ հասարակածային անտառներում: Սակայն այս գոտուն բնորոշ որոշ կենդանիներ, ինչպես օրինակ մրջնակերը, յագուարը, պուման հանդիպում են նաև այլ բնական զոնաներում: Խոնավ հասարակածային անտառներին առավել բնորոշ տեսակներ են գետակինճը, համրուկը, կռնչակապիկը, արա թութակը, իսկ ջրային տարածքներին՝ անակոնդան, վարդագույն դելֆինը և պիրանյան:
 
amazon3.JPG
Ամազոն գետը կենսական նշանակություն ունի ոչ միայն ջրային \(2000 \)տեսակից ավելի կենդանիների, այլև ամբողջ խոնավ հասարակածային անտառների կենսաբազմազանության համար
Սավանաների և նոսրանտառների զոնայում կարմրագորշ հողերի վրա աճում է առատ խոտային բուսականություն, ինչպես նաև արմավենիներ և արաուկարիաներ: Սավանաների և նոսրանտառների բնական զոնային բացի մրջնակերից, յագուարից և պումայից բնորոշ են նաև զրահակիրը և պեկարիները:
 
Տափաստանների զոնայում տիրապետող են սևահողերը, և ի տարբերություն նախորդ զոնաների, այստեղ ծառային բուսականությունը բացակայում է, սակայն հացազգիները՝ շյուղախոտ,փետրախոտ, պամպաների խոտ և այլն, ստանում են ավելի մեծ տարածում: Այս զոնայում բնական կենդանական աշխարհը թույլ է պահպանվել և հիմնականում հանիպում են միջատներ և կրծողներ: Բարձրլեռնային տափաստաններին բնորոշ է լաման և ալպակոն:
  
Անապատների և կիսաանապատների զոնայում տարածվում են շագանակագույն և գորշ հողերը: Անապատների և կիսաանապատների բնական զոնայում բուսականությունը չափազանց աղքատ է և հիմնականում բնորոշվում էկակտուսներով և բարձիկանման թփերով: Կենդանական աշխարհի դասական ներկայացուցիչներ են նանդու ջայլամը և բաշավոր գայլը: 
 
Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնայում տիրապետում են դարչնագույն հողերը, սակայն բնական բուսականությունը մարդու տնտեսական գործունեության արդյունքում ամբողջովին ձևափոխվել է և վերածվել պտղատու այգիների:
 
Vine.jpg Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան Չիլիում վերածվել է եկամտաբեր խաղողի այգիների, ինչի շնորհիվ Չիլին գինի արտադրող խոշորագույն երկրներից մեկն է աշխարհում