Տեսություն

Հարավային Ամերիկայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն բազմազան է, այլև յուրահատուկ, որը պայմանավորված է մայրցամաքի մեկուսի զարգացմամբ: Մայրցամաքի կենսաբազմազանության զգալի մասը կենտրոնացած է խոնավ հասարակածային անտառների զոնայում, ինչի արդյունքում ներկայացվող բույսերի և տեսակների զգալի մասը այս անտառների և հարակից գոտիների բնակիչ են: Յուրահատուկ կենդանիներից առաջինը աշխարհի ամենաերկար օձն է՝ անակոնդան, որի երկարությունը կարող է հասնել \(10\) մ և որը զոհին խեղդամահ է անում պարուրելով իր հզոր օղակներով և սեղմելով նրան: 
 
anaconda.jpgAnaconda vs caiman.jpg
Անակոնդան այնքան հզոր է, որ նրա դեմ անզոր են նույնիսկ Ամազոն գետի կայմանները, որոնց խեղդամահ անելուց հետո նա ամբողջությամբ կուլ է տալիս
 
Ամազոն գետի ամենահայտնի բնակիչներից է պիրանյան՝ ամենասարսափելի ձկներից մեկը տարածքում ապրող ոչ միայն կենդանիների այլև մարդու համար, քանի որ ասեղի պես սուր ատամներով այս փոքր ձկները վերացնում են նույնիսկ զոհի ոսկորները՝ հետք չթողնելով նրանից:
 
Նույն գետի բնակիչ է վարդագույն կամ Ամազոնի դելֆինը, որը եզակի գետային դելֆիններից մեկն է աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ այս դելֆինները հեշտությամբ վարժեցվում են մարդու կողմից, սակայն անազատության մեջ կարողանում են ապրել ընդամենը 3 տարի և այդ ընթացքում ընդհանրապես չեն բազմանում:
 
Piranha.jpgAmazon dolphin.jpeg
Ամազոն գետի բնակիչներից փոքրիկ պիրանյան հանդիսանում է այս ջրերիահ ու սարսափը, իսկ հզոր վարդագույն դելֆինը, ընդհակառակը, մարդկանց համար բացարձակ անվնաս է 
 
Մայրցամաքի անտառներում են որս անում նաև երկու ամենախոշոր կատվազգիները Հարավային Ամերիկայում՝ յագուարն ու պուման: Յագուարի անվանումը գուարանի հնդկացիական ցեղի լեզվից թարգմանաբար նշանակում է գազան, որը սպանում է մեկ թռիչքով: Անվանումը կապված է այս կենդանու որս անելու յուրահատուկ ձևի հետ, քանի որ այն սովորաբար անակնկալ հարձակվում է թիկունքից և հզոր ծնոտներով ակնթարթորեն կոտրում է զոհի պարանոցը կամ նույնիսկ գանգը, փրկվելու որևէ հնարավորություն չթողնելով զոհին:
 
Պուման ավելի լայն տարածում ունի Ամերիկա աշխարհամասում և իր ուժի ու արագության շնորհիվ նույնիսկ հանդիսանում է սպորտային հանրահայտ համազգեստ արտադրող կազմակերպության խորհրդանիշը:
 
jaguar2.jpgpuma.jpg
Յագուար և պումա. անտառների և լեռների իրական արքաները Հարավային Ամերիկայում
 
Նույն այս զոնայում է հանդիպում աշխարհի ամենագեղեցիկ և խոշոր թութակներից մեկը՝ արան: Արա թութակի տարբեր տեսակներ ունեն խիստ բազմազան գունավորում, և բոլորն էլ հանդիսանում են որսագողությամբ զբաղվողների նախընտրելի կենդանիներից մեկը, ինչի պատճառով էլ բոլոր տեսակներին էլ ներկայումս վերացման վտանգ է սպառնում:
 
Եվս մեկ յուրահատուկ կենդանի է համրուկը, որն աչքի է ընկնում խիստ դանդաղկոտությամբ և նույնիսկ «ծուլությամբ»: Այն բնակվում է ծառերի վրա և բացարձակ անպաշտպան է: Համրուկի որոշ տեսակների միակ փրկությունը գիշատիչներից՝ ծառին նմանվող կանաչ գունավորումն է, որի շնորհիվ կարողանում է աննկատ մնալ:
 
Ara.jpglenivec.jpg
Ամազոնի անտառների երկու ամենաանպաշտպան և գրավիչ տեսակներն են արա թութակը և համրուկը
 
Խոնավ հասարակածային զոնային են բնորոշ նաև կաուչուկատու հևեան, շոկոլադի ծառը և վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը: Կաուչուկատու հևեայի կեղևը վնասելով՝ մարդիկ հավաքում են այդտեղից ծորացող կաուչուկի հումքը, որը միջազգային շուկայում ունի շատ բարձր արժեք և հանդիսանում է բնական կաուչուկի միակ աղբյուրը: Շոկոլադի ծառն այլ կերպ անվանում են կակաոյի ծառ, քանի որ դրա պտուղներից է ստացվում կակաոն, որն օգտագործվում է շոկոլադի և առույգացնող ըմպելիքի արտադրության համար: Վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը աչքի է ընկնում հսկայական տերևներով՝ մինչև \(2\) մ տրամագծով, որոնք այնքան ամուր են, որ դրանց վրա կարող է նստել նույնիսկ հասուն մարդ և չսուզվել ջուրը:
 
Kauchuk.jpgkakao.jpg
Viktoria-regia.jpg
Խոնավ հասարակածայի անտառների բուսական աշխարհի յուրահատուկները՝ կաուչուկատու հևեա, շոկոլադի ծառ և վիկտորիա-ռեգիա ջրաշուշան
 
Սավանաների զոնայի դասական ներկայացուցիչներ են մրջնակերը և զրահակիրը: Առաջինը ունի մինչև 60սմ երկարությամբ լեզու, որը մոտավորապես հավասար է այս կենդանու մարմնի երկարության կեսին: Այդ լեզվով նա հավաքում և ուտում է մրջյուններ և տերմիտներ: Զրահակիրը իր անվանումը ստացել է մարմինը ծածկող կարծր պատյանի շնորհիվ, որը պաշտպանում է նրան գիշատիչներից:
 
muraved.jpgbronenosec.jpg
Հարավային Ամերիկայի էնդեմիկներից մրջնակերը և զրահակիրը աշխարհի յուրաքանչյուր կենդանաբանական այգու ամենացանկալի նմուշներից են
 
Կիսաանապատների և տափաստանների տարածքում հանդիպում են բաշավոր գայլը և նանդու ջայլամը, տարբեր մայրցամաքներում բնակվող ջայլամներից ամենափոքրը, սակայն Հարավային Ամերիկայի թռչուններից ամենախոշորը: Բաշավոր գայլն իր հերթին ավելի նման է աղվեսի, որի հետ ունի ազգակցական կապեր, սակայն ավելի խոշոր է և պարանոցին ունի յուրահատուկ գունավորմամբ մազածածկույթ:
 
Bashavor gayl.jpgnandu.jpg
Գիշատիչը և զոհը. բաշավոր գայլ և նանդու ջայլամ
 
Բարձրլեռնային գոտիներում է հանդիպում լաման՝ ուղտերի փոքրամարմին ներկայացուցիչը Հարավային Ամերիկայում, որը ընտելացվել է հնդկացիական ցեղերի կողմից ավելի քան \(1000\) տարի առաջ և ծառայել է որպես բեռները լեռնային նեղ արահետներով տեղափոխող կենդանի:
 
Lama.jpg
Լաման բարձրլեռնային գոտու բնակիչների ամենահուսալի տրանսպորտն է բեռները փոխադրելու համար