Տեսություն

Հյուսիսային Ամերիկայի ներքին ջրերի առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկայի ջրագրական ցանցը ունի զարգացման և տեղաբաշխման մի շարք առանձնահատկություններ: Նախ և առաջ Հյուսիսային Ամերիկայում գետերը և լճերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, ինչը պայմանավորված է տեղումների անհավասարաչափ բաշխմամբ: Ջրագրական ցանցը ամենախիտն է մայրցամաքի հյուսիսում, ուր խոնավացման գործակիցը առավել բարձր է:
Խոնավացման գործակիցը հաշվում են եկած տեղումների քանակը հարաբերելով տվյալ ջերմաստիճանային պայմաններում գոլորշացման ենթակա ջրի քանակին (գոլորշունակությանը):
Որքան գործակիցը մեծ է, այնքան տարածքը ավելի խոնավ է:
 
Հյուսիսային հատվածում են տարածվում ամենախոշոր լճերը, որոնք ունեն սառցադաշտային ծագում և մի շարք խոշոր գետեր: Գերխոնավ պայմանների արդյունքում հյուսիսում շատ են նաև ճահիճները: Խոնավացման գործակիցը մեծ է նաև մերձարևադարձային և արևադարձային խոնավ կլիմայի մարզերի սահմաններում, ինչի շնորհիվ այդ հատվածներում նույնպես գետերը բավական խիտ ցանց են ստեղծում և առկա են նաև ճահիճներ, ինչպես օրինակ Ֆլորիդա թերակղզու տարածքում:
 
Canada.jpg
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածի տիեզերական լուսանկարի վրա ակնհայտ երևում են հազարավոր մեծ ու փոքր սառցադաշտային ծագման լճերը
 
Առանձնահատկություն է նաև այն, որ առավել հզոր գետերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին և հիմնականում գտնվում են բարեխառն և տաք ջերմային գոտիների սահմաններում, սակայն դրանք դանդաղահոս են: Ի հակադրություն վերջինների, Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերը հիմնականում կարճ են, սակայն արագահոս, ինչի շնորհիվ ունեն մեծ ջրաէներգետիկ պոտենցիալ:
 
North America-physical.jpg
Հյուսիսային Ամերիկայի քարտեզ
 
Հյուսիսային Ամերիկայի գետերն ու լճերը
Հայտնի է, որ ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար, ամենաջրառատ և ամենամեծ ջրհավաք ավազան ունեցող գետը Միսիսպին է, որի խոշոր վտակը՝ Միսսուրին ավելի երկար է, քան բուն գետը, սակայն քանի որ այն պակաս ջրառատ է, համարվում է վտակ: Միսիսիպին պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին և իր ջրերը հավաքում է Հյուսիսային Ամերիկայի ամբողջ կենտրոնական հատվածից՝ իր վտակների համակարգով զբաղեցնելով Կորդիլիերներից մինչև Ապալաչյան լեռներ և Կենտրոնական հարթավայրերից մինչև Մեքսիկական ծոց ընկած հսկայական տարածքը: Քանի որ այն անցնում է չորային տարածքներով, մեծ քանակի նստվածքներ է կուտակում և տեղափոխում գետաբերանային հատված՝ առաջացնելով հզոր դելտա:
 
Misisipi delta arm.jpg
Միսիսիպի գետի դելտան հազարամյակների ընթացքում ընդարձակվելով՝ պատճառ է դառնում նեկայիս ԱՄՆ ցամաքային տարածքի բնական ճանապարհով մեծացման: Նկարի 2010թ. ի պատկերում նաև ակնհայտ երևում է 2005թ. Կատրին փոթորկի հետևանքը Միսիսիպիի գետաբերանում, որը կրճատվել է
 
Ատլանտյան օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Սուրբ Լավրենտիոսը, կապում է Մեծ Լճերի համակարգը և մասնավորապես Օնտարիո լիճը Ատլանտյան օվկիանոսին: Քանի որ Սուրբ լավրենտիոսը նավարկելի է, իսկ Մեծ Լճերը առաջացնում են փոխկապակցված համակարգ, նավերը կարող են Ատլանտյան օվկիանոսից հասնել օրինակ մինչև Չիկագո քաղաք Միչիգան լճի ափին: Մեծ Լճերի համակարգում՝ Էրի և Օնտարիո լճերի միջև կապ է հանդիսանում Նիագարա գետը, որի վրա է համանուն ջրվեժը: Չնայած իր ոչ մեծ բարձրությանը՝ այն այնքան ջրառատ է, որ ջրվեժի ձայնը լսվում է նույնիսկ 25կմ հեռավորության վրա: Նիագարայի ջրվեժը Այծի կղզով բաժանվում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև և հսկայական եկամուտ բերում երկու երկրին էլ, այստեղ այցելող միլիոնավոր տուրիստների շնորհիվ: 
Niagara falls.jpg
Մեկ հատված Նիագարայի ջրվեժներից, որոնց ընդհանուր ձգվածությունը հասնում է \(1,2\) կմ
 
Ատլանտյան Օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Ռիո Գրանդեն թափվում է Մեքսիկական ծոց և դրանով է անցնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի պետական սահմանը: Խաղաղ օվկիանոսի ավազանին են պատկանում Յուկոն գետը, որն ամենաերկարն է այս ավազանում, Կոլումբիան, որը հայտնի է իր ջրաէներգետիկ մեծ պոտենցիալով, ինչի շնորհիվ էլ նրա վրա կառուցվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր ջրային էլեկտրակայանը՝ Գրանդ Կուլին և Կոլորադոն, որը հայտնի է իր գեղատեսիլ կանյոնով: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի ամենաերկար գետը Մաքենզին է:
 
Grand Coulee.jpgGrand Canyon.jpg
Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերից Կոլումբիան (ձախից) հայտնի է իր հզոր ջրաէլեկտրակայաններով, իսկ Կոլորադոն (աջից) Մեծ կանյոնով
 
Հյուսիսային Ամերիկան հարուստ է խոշոր լճերով, որոնք հիմնականում ունեն սառցադաշտային ծագում և քաղցրահամ են: Այս օրինաչափությունից դուրս է մնում Մեծ Աղի լիճը՝ Կորդիլիերյան լեռների համակարգում: Ամենահայտնի լճերի խումբը կոչվում է Մեծ Լճեր, որոնք կազմված են միմյանց հետ փոխկապակցված հինգ լճերից՝ Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո: Մեծ լճերից ամենախոշորը և ընդհանրապես աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լիճը Վերինն է:
 
Great Salt lake.jpg
Մեծ Աղի լիճը կալիումական աղի հսկայական մատակարար է ԱՄՆ համար
 
Մեծ Լճերի համակարգից հյուսիս գտնվում են մի շարք նշանավոր քաղցրահամ լճեր. Վիննիպեգ, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի և այլն, որոնք բոլորը խիստ հարուստ են նաև ձկնային պաշարներով: Հետաքրքիր է Մեծ Ստրկական լճի անվան ծագումնաբանությունը:
 
Ուշադրություն
Անգլերեն լեզվում այն հնչում է որպես Գրեյթ Սլեյվ, ինչը նվիրված է այստեղ բնակված Սլեյվի կոչվող հնդկացիական ցեղի անվանը, սակայն թարգմանաբար Սլեյվ անգլերեն բառը նշանակում է ստրուկ, ինչի շնորհիվ էլ առաջացել է թյուրիմացությունը և լիճը սխալմամբ անվանվել է Մեծ Ստրկական, այլ ոչ Մեծ Սլեյվ:
Այն ամենախորը լիճն է Հյուսիսային Ամերիկայում: