Կլիմայական առանձնահատկությունները
Ուշադրություն
Հյուսիսային Ամերիկայի տարածքը ունի հյուսիսից հարավ մեծ ձգվածություն, ինչի շնորհիվ մայրցամաքը միաժամանակ գտնվում է բոլոր երեք ջերմային գոտիների սահմաններում՝ տաք, բարեխառն և ցուրտ, ինչպես նաև մայրցամաքում հանդիպում են բոլոր կլիմայական գոտիները, բացի հասարակածային կլիմայական գոտուց:
Հյուսիսային Ամերիկայի կլիմայական գոտիները մարզերը
 
Screenshot_4.png
 
Առանձնահատկություն է նաև մակերևույթի ձևերի բազմազանությունը և լեռների դիրքը մայրցամաքի տարածքում:
Քանի որ Հյուսիսային Ամերիկայի արևելյան և արևմտյան եզրերով միջօրեականի ուղղությամբ ձգվում են համապատասխանաբար Ապալաչյան և Կորդիլիերյան լեռները, իսկ կենտրոնական գոտին ամբողջովին հարթավայրային է, հյուսիսային հատվածից մայրցամաք ներթափանցող արկտիկական սառը օդային զանգվածները ձմռան սեզոնին հասնում են Մերձմեքսիկական դաշտավայր, իսկ տարվա տաք կեսին հարավից այստեղ են ներթափանցում տաք օդային զանգվածները, որոնք, հանդիպելով դեռևս չհեռացած սառը օդային զանգվածներին, առաջացնում են հզոր պտտահողմեր, որոնց մայրցամաքում ընդունված է անվանել տոռնադո:
Համաձայն ԱՄՆ կառավարության տվյալների, տարեկան գրանցվում է մոտ \(1200\) տոռնադո, որոնց մեծ մասը մայրցամաքի կենտրոնական հատվածում
 
Տոռնադոն և դրա հետևանքները բնակավայրերում
 
tornado.jpgTornado result.jpg
 
Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտով են անցնում մի շարք տաք և սառը հոսանքներ: 
Սառը օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ Կալիֆորնիա թերակղզում տիրապետում են չոր և տաք եղանակները, իսկ Լաբրադոր թերակղզում՝ չոր և ցուրտ: Միևնույն ժամանակ մայրցամաքի արևելյան, հարավային և հյուսիս-արևմտյան հատվածներում տաք օվկիանոսային հոսանքների ազդեցության արդյունքում կլիման ավելի մեղմ է և տեղումնառատ:
Այս առանձնահատկությունների պատճառով մայրցամաքի հարավային և արևելյան հատվածներում, հատկապես Մեքսիկական ծոցի ափամերձ գոտում հաճախակի են հզոր ցիկլոնները, որոնցում քամու արագությունը հասնում է \(250\) կմ/ժ, իսկ ցիկլոնի տրամագիծը՝ \(600\) կմ: Արևադարձային ցիկլոնները հաճախ կոչում են կանացի անուններով: \(2005\) թ. Մեքսիկական ծոցի հյուսիսային ափերին հասած Կատրին փոթորիկը հիմնովին ավերեց Նոր Օռլեան քաղաքը՝ հասցնելով \(100\) մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: 
 
Արևադարձային ցիկլոն Մեքսիկական ծոցի տարածքում. պատկեր տիեզերքից (ձախից) և ափամերձ գոտուց (աջից)
 
cyclone-ivan.jpgCyclone inside.jpg
 
Մայրցամաքի ամենաչոր հատվածը Մեծ Ավազան սարահարթի տարածքն է, որտեղ միջինում գալիս են \(100-200\) մմ տեղումներ, ավելի քիչ, քան կիսաանապատային կլիմա ունեցող Արարատյան դաշտում: Մայրցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մահվան հովտում՝ \(+57\ \)°C, իսկ ամենացածրը՝ Յուկոն սարավանդի տարածքում, որը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է՝ \(-64\)°C: Ընդհանրապես ամբողջ Ամերիկա աշխարհամասի ամենացածր ջերմաստիճաններն էլ գրանցվում են մայրցամաքի հարակից կղզիների տարածքում և մասնավորապես Գրենլանդիայում՝ հասնելով \(-70\)°C:
Կլիմայական գոտիների և մարզերի բնութագիրը
Հյուսիսային Ամերիկայի ծայր հյուսիսում և հարակից կղզիներում տիրապետող է արկտիկական կլիմայական գոտին, որն աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով: Այստեղ միջին ամսական ջերմաստիճանները երբեք \(+5\)°C-ից բարձր չեն լինում, իսկ ձմռանը գրանցվում են ուժեղ սառնամանիքներ: Տեղումների քանակը շատ քիչ է, սակայն գոլորշունակությունը եկած տեղումներից ավելի քիչ է, ինչի շնորհիվ առաջանում է տեղումների ավելցուկ, որը դրսևորվում է առաջացած սառցադաշտերի տեսքով:
Գոլորշունակությունը ջրի այն քանակն է, որը կարող է գոլորշանալ տվյալ ջերմաստիճանի պայմաններում: 
Արկտիկական գոտուց հարավ տարածվում է մերձարկտիկական կլիմայական գոտին, որտեղ ձմռանը տիրապետում են արկտիկական օդային զանգվածները, ինչի շնորհիվ ձմռանը տեղումների քանակը չնչին է, իսկ ջերմաստիճանները՝ խիստ ցածր: Ամռանը այս գոտում տիրապետում են բարեխառն օդային զանգվածները, ինչի շնորհիվ տեղումների քանակը, համեմատած ձմեռային սեզոնի հետ, մի փոքր ավելանում է, սակայն դրական ջերմաստիճանների պատճառով ձնածածկույթ չի հանդիպում:
 
Գրենլանդիան ձմռանը (ձախից) և ամռանը (աջից)
 
Greenland in winter.jpgGreenland summer.jpg
 
Ավելի հարավ տարածվում է բարեխառն կլիմայական գոտին, որն ամենամեծ տարածքն է զբաղեցնում և աչքի է ընկնում հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ինչի շնորհիվ գոտու տարբեր հատվածներում տեղումների քանակը և նվազագույն ու առավելագույն ջերմաստիճանները խիստ տարբերվում են: Այդ տարբերությունների հիման վրա էլ առանձնացնում են ծովային, ցամաքային և չափավոր ցամաքային կլիմայի մարզերը: Գոտու արևելյան և արևմտյան հատվածներում խոնավությունը մեծ է, իսկ ներքին շրջաններում՝ սակավ: Գոտու հարավ-արևելքում նույնիսկ ձմռանը դիտվում են դրական միջին ջերմաստիճաններ:
 
Բարեխառն գոտուց հարավ տարածվում է մերձարևադարձային կլիմայական գոտին, ուր ամռանը տիրապետում են արևադարձային օդային զանգվածները, իսկ ձմռանը՝ բարեխառն: Գոտու արևելյան հատվածը Գոլֆստրիմ և Անտիլյան տաք հոսանքների ազդեցության պատճառով աչքի է ընկնում առատ տեղումներով, ինչի շնորհիվ այս հատվածում առանձնացվում է խոնավ կլիմայի մարզը, իսկ արևմտյան հատվածում տիրապետում է միջերկրածովային կլիմայի մարզը, որին բնորոշ են չոր և տաք ամառները և մեղմ ու խոնավ ձմեռները:
 
Մերձարևադարձային գոտուց հարավ՝ Մեքսիկական բարձրավանդակի, Կալիֆորնիական և Ֆլորիդա թերակղզիների տարածքում, առանձնացնում են արևադարձային կլիմայական գոտին, որի Մեքսիկական ծոցին հարող հատվածները խոնավ են, իսկ ներքին շրջանները և Կալիֆորնիական թերակղզին՝ չոր, ինչի շնորհիվ էլ այստեղ առանձնացնում են երկու մարզեր՝ անապատային կլիմայի և խոնավ կլիմայի:
 
mexico-cactus.jpgMexico-yucatan.jpg
 
Արևադարձային կլիմայական գոտու սահմաններում, Մեքսիկայի ներքին շրջաններում հանդիպում է անապատային կլիմայի մարզը, մինչդեռ Յուկատան թերակղզին գտնվում է խոնավ կլիմայի մարզի սահմաններում
 
Մայրցամաքի ծայր հարավում տարածվում է մերձհասարակածային կլիմայական գոտին, որն աչքի է ընկնում համեմատաբար չոր ու տաք ձմեռներով և խոնավ ու տաք ամառներով: