Տեսություն

Աշխարհագրական թաղանթը  քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:
Ուշադրություն
Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:
Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ \(25-30\) կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև \(5\) կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:
 
photo.png
Աշխարհագրական թաղանթի սահմանները
 
Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է \(40\) կմ:
Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի
որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:
 
Ուշադրություն
Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:
Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները: 
 
Ուշադրություն
Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:
Օրինակ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:
Աղբյուրները
Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ., Աշխարհագրություն 6, Աստղիկ գրատուն հրատ., Երևան 2007