Տեսություն

Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:
Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել \(7\) հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և \(6\) անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ:
Մթնոլորտային ընդհանուր շրջանառության կարևորագույն բաղադրիչներն են օդային զանգվածները և դրանց տեղաշարժերը:
Միատեսակ ջերմության և խոնավության հատկանիշներով օժտված ներքնոլորտի մեծ ծավալի օդը, որը ձևավորվում է միասեռ ընդարձակ տարածքի վրա, կոչվում է օդային զանգված:
Օդային զանգվածները տեղաշարժվում են մեծ հեռավորությունների վրա, սակայն իրենց ջերմային և խոնավության պայմանները չեն փոխում, այլ ընդհակառակը այն տարածքը, ուր տեղափոխվում են օդային զանգվածները, ձեռք է բերում նույն այդ ջերմային և խոնավության հատկանիշները, որոնք բնորոշ էին տվյալ օդային զանգվածին:
Օրինակ
Ամռանը, երբ ճնշման գոտիները տեղաշարժվում են դեպի հյուսիս, հասարակածային գոտում ձևավորվող օդային զանգվածը տեղաշարժվում է դեպի մերձհասարակածային գոտի և այնտեղի կլիման նմանվում է հասարակածային գոտու կլիմային, իսկ ձմռանը, երբ ճնշման դաշտերը տեղաշարժվում են հարավ, արևադարձային գոտում ձևավորվող օդային զանգվածն է ներխուժում մերձհասարակածային գոտի և այնտեղ հաստատվում են արևադարձային գոտուն բնորոշ կլիմայական պայմաններ:
Ուշադրություն
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ
1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն
Աշխարհի կլիմայական գոտիները.jpg
Երկրագնդի կլիմայական գոտիները

Օդային զանգվածների անվանումները և առաջացման տարածքները համընկնում են հիմնական կլիմայական գոտիների հետ: Ի տարբերություն հասարակածային, արկտիկական և անտարկտիկական օդային զանգվածների, արևադարձային և բարեխառն օդային զանգվածները ունեն 2 տարատեսակ՝ ծովային և ցամաքային: Ցամաքային տարատեսակները ավելի չոր են և այս հատվածներում ջերմաստիճանների տատանումները ավելի մեծ են լինում:
Կլիմայական գոտիների համառոտ բնութագիրը
Հասարակածային կլիմայական գոտին տարածվում է հասարակածի երկու կողմերով, սակայն համատարած գոտի չի կազմում: Պայմանավորված հասարակածային օդային զանգվածի ազդեցությամբ՝ ամբողջ տարին այստեղ խոնավ է՝ \(3000-5000\) մմ տեղումներ և տաք՝ \(+25+27°C\):
 
Մերձհասարակածային գոտիները տարածվում են հասարակածային կլիմայական գոտու շուրջ, երբեմն ընդգրկելով նաև հասարակածային աշխարհագրական լայնությունները: Ամռանը հաստատվում են տաք ու խոնավ, իսկ ձմռանը՝ տաք ու չոր եղանակներ:
 
Արևադարձային գոտին արևից ստանում է ամենաշատ ջերմությունը և այստեղ տիրապետող արևադարձային օդային զանգվածը աչքի է ընկնում փոքր թափանցելիությամբ օդում փոշու մեծ քանակի պատճառով, չորությամբ և բարձր ջերմաստիճաններով: Միայն ծովափնյա որոշ գոտիներում, ուր տիրապետում է օդային զանգվածի ծովային տարատեսակը՝ կլիման նման է հասարակածային գոտու կլիմային, սակայն ավելի բարձր միջին ջերմաստիճաններով:
 
Մերձարևադարձային գոտիները տարածվում են արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների միջև և տարվա մի հատվածը բնորոշվում են չոր ու շոգ կլիմայով, իսկ մյուս հատվածը՝ բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ դառնում են ցուրտ ու չոր կամ մեղմ ու խոնավ, կապված օդային զանգվածի տարատեսակից:
 
Բարեխառն կլիմայական գոտին ցամաքի հատվածում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և ձգվում է \(40-70°\) լայնությունների գոտում: Բարեխառն ծովային օդային զանգվածների ազդեցության գոտում ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, իսկ տեղումները առատ են և հավասարաչափ բաշխված տարվա ընթացքում: Բարեխառն ցամաքային օդային զանգվածների ազդեցության գոտին աչքի է ընկնում չորային կլիմայով և ջերմաստիճանների մեծ տարեկան տատանումներով:
 
Մերձարկտիկական գոտին զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածը, ամռանը ենթարկվում էբարեխառն օդային զանգվածների ազդեցությանը, ձմռանը՝ արկտիկական, ինչի պատճառով ցուրտ է և չոր: Մերձանտարկտիկական գոտին ունի նույն բնութագիրը, սակայն հանդիպում է միայն Անտարկտիդա մայրցամաքի և դրան հարակից ջրերի տարածքում:
 
Արկտիկական և անտարկտիկական կլիմայական գոտիները համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բևեռների շուրջ և մշտապես աչքի են ընկնում ցուրտ ու չոր կլիմայով: Միայն ամռանը այն էլ կարճ ժամանակահատվածով ջերմաստիճանները դրական են լինում: