Տեսություն

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն. ընդհանուր բնութագիր
Արդյունաբեության կարևորագույն ճյուղերից է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը:
  
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության  բոլոր ենթաճյուղերին,  տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է  էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք: 
 
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության  տեղաբաշխման վրա: 
Օրինակ
Հայտնի է, որ էներգատար արտադրությունները տեղաբաշխվում են հենց վառելիքային ռեսուրսների և էժան էլեկտրաէներգիայի արտադրության շրջաններում:
Աշխարհում արագ աճում է վառելիքի և էներգիայի սպառման ծավալը, քանի որ մի կողմից աճում է բնակչության թիվը, իսկ մյուս կողմից` մեկ շնչի հաշվով սպառվող էլեկտրաէներգիայի քանակը:
Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը կազմված է հետևյալ ճյուղերից՝  վառելիքային արդյունաբերությունից և էլեկտրաէներգետիկայից։
Վառելիքային արդյունաբերությունը ծանր արդյունաբերության ճյուղերի համախումբ է (ամբողջություն է), որոնք արդյունահանում և վերամշակում են վառելիքի տարբեր տեսակներ:
Այն ներառում է հետևյալ ճյուղերը.
 
Վառ. արդ..jpg
Ծանր արդյունաբերությունը գերազանցապես արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերության ճյուղերի համախումբ է:Այն ներառում է արդյունահանող արդյունաբերությունը և մշակող արդյունաբերության մի մասը, վառելիքային արդյունաբերությունը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, անտառային, փայտամշակման, շինանյութերի արդյունաբերությունը և այլն:
Առանձնացվում է վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման 3 փուլ՝ ածխային, նավթագազային և ժամանակակից` անցումային։ 
 
Մինչև 20-րդ դարի  երկրորդ կեսը գլխավոր վառելիքը եղել է ածուխը, որին բաժին էր ընկնում օգտագործած վառելիքի կեսից ավելին: Այս ժամանակաշրջանն անվանում են ածխային փուլ: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է նավթագազային փուլը. կտրուկ նվազել է պինդ վառելանյութի (ածուխ, տորֆ, վառելափայտ) բաժինը, աճել է նավթի  ու գազի բաժինը։
20-րդ դարի 70-­ական թվականներից սկսվում է ժամանակակից` անցումային փուլը, որին բնորոշ են  նավթագազային պաշարների սպառման վտանգը, միջուկային վառելիքի, էներգիայի վերականգնվող և ոչ ավանդական տեսակների (արեգակնային, մակընթացային, ծովի ալեբախության, քամու, երկրաջերմային էներգիայի) բաժինների ավելացումը:
արդյուն..jpg
Ածխարդյունաբերությունը: Ներկայումս ածուխ արդյունահանվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում: Քարտեզի ուսումնասիրությունից հետո կարելի է նկատել, որ առաջատարներն են Չինաստանը (համաշխարհային հանույթի ավելի քան 1/4-­ը), ԱՄՆ-­ը, Հնդկաստանը, Ավստրալիան, Ռուսաստանը և այլն: 
3.2.jpg
Նավթարդյունաբերությունը վառելիքային արդյունաբերության գլխավոր ճյուղն է: Այժմ մարդկության օգտագործած էներգիայի 40%-­ը բաժին է ընկնում նավթին: Նավթ արդյունահանում են աշխարհի ավելի քան 80 երկրներում:
Օրինակ
Նավթի հանույթի ծավալով աշխարհում առաջատար երկրներն են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ­ը, Մեքսիկան, Իրանը, Վենեսուելան, իսկ ներկրման ծավալով` Չինաստանը, ԱՄՆ­ը, Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի երկրները:
Հարկ է նշել, որ նավթարդյունաբերությունը բավականին մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին՝ հանգեցնելով ջրային, օդային, հողային ռեսուրսների աղտոտոմանը:
 
Նավթատար նավերի վթարի հետևանքները
 
timthumb.jpg

Ներկայումս համաշխարհային առևտրում նավթը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն և բացի տնտեսական գործոն լինելուց` նաև հզոր քաղաքական գործոն է։ 
Գազարդյունաբերությունն աշխարհի վառելիքային արդյունաբերության ամենաարագ աճող ենթաճյուղն է: Շատ կարևոր է նաև, որ նավթի  համեմատությամբ այն էկոլոգիապես մաքուր է, իսկ պաշարներն ավելի մեծ են։
 
Գազարդյունաբերության զարգացումը սկսվել է անցած դարի 50­-ական թվականներից։
Օրինակ
Գազամուղներով գազը Արևմտյան Սիբիրից հասնում է Արևմտյան Եվրոպա, Կանադայից` ԱՄՆ, Ալժիրից և Լիբիայից Միջերկրական ծովի հատակով՝ Իտալիա, Ֆրանսիա և եվրոպական այլ երկրներ։ Բնական հեղուկացված գազի գլխավոր սպառողներն են Ճապոնիան, ԱՄՆ-­ը և Եվրոպայի որոշ երկրներ: 
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ա. Խաչատրյան, Աշխարհագրության խնդրագիրք, Երևան, «Արևիկ»,\(2012\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008