Տեսություն

ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
Երկիր մոլորակի բնությունն աչքի է ընկնում բազմազանությամբ: Երկրագնդի վրա բնության տարրերն ու երևույթները տեղաբաշխված են անհավասարաչափ: Երկրի մակերևույթի ջերմությունը և խոնավությունը հասարակածից դեպի բևեռներ, իսկ լեռներում` ստորոտից
գագաթ, օրինաչափորեն փոփոխվում են (հիշում ենք հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում և վերընթաց գոտիականությունը լեռներում): Այդ փոփոխությունների շնորհիվ փոփոխվում են նաև բնության բաղադրիչները՝ հողերը, բույսերը, կենդանիները  այլն:
Օրինակ
Անտառները հիմնականում աճում են հասարակածային և բարեխառն լայնություններում:
Լեռնային ռելիեֆ                                              Հարթավայրային ռելիեֆ
 
download (1).jpg  images.jpg
 
Երկրաբանական գործոններով պայմանավորված՝ նավթի և գազի ռեսուրսների մեծ մասը կուտակվել է պլատֆորմների եզրային տեղամասերում, իսկ մետաղների հանքանյութի պաշարները գտնվում են հին և նոր գեոսինկլինալներում (Ալպ-Հիմալայան և Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալներ):

Ինչպես գիտենք, մարդկությունը գոյություն ունի և զարգանում է մշտապես հարաբերվելով բնության հետ և հաճախ իր տնտեսական գործունեությունը կազմակերպելու համար ոչ միայն հարմարվում է բնության պայմաններին այլ փորձում դրանք հարմարեցնել իրեն:
 
Բնական ռեսուրսների խմբերը.jpg
ռեսուրսներ1.jpg
 
ռեսուրսներ2.jpg
Հողային ռեսուրսներ:
Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը կազմում է 13,1մլրդ հա: Այն մոտավորապես հավասար է մեր մոլորակի ցամաքային մակերեսին, (չհաշված սառցապատ տարածքները՝ Անտարկտիդան ու Գրենլանդիան, բևեռամերձ կղզիները և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները):  Հողային ֆոնդի գլխավոր օգտագործողը գյուղատնտեսությունն է: Նրա կողմից օգտագործվող հողերը հայտնի են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ անունով։
Օրինակ
Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկները (այգիներ), որոնք միասին մշակովի հողերն են, արոտներն ու խոտհարքները։
Գյուղատնտեսական նշանակության հողերի թե՛ ընդհանուր մակերեսը և թե՛ կառուցվածքը անփոփոխ չեն: Մարդը մի կողմից ընդարձակում է դրանք` յուրացնելով ոչ գյուղատնտեսական հանդակները` հատելով անտառները, չորացնելով ճահիճները, ոռոգելով անապատները: Միայն XX դարում երկրագնդի վարելահողերի ընդհանուր տարածությունը գրեթե կրկնապատկվել է:
Մյուս կողմից` մարդու ոչ խելամիտ գործունեության հետևանքով տեղի են ունենում գյուղատնտեսական հողերի քայքայում ու աղքատացում: Ուժեղանում է հողածածկույթի քայքայումը (հողերի էրոզիան), ջրովի ընդարձակ տարածություններն աղակալվում են, միլիոնավոր հեկտար պիտանի հողերի վրա կառուցապատում է ընթանում: Այս ամենի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմում է աշխարհի հողային ֆոնդի ընդամենը մոտ 30%-­ը:
 
Նկարներում ներկայացված են մարդու սխալ գործունեության արդյունքում տեղի ունեցած հողերի քայքայման և որակազրկման պատկերներ 
 
download (4).jpg  download (6).jpg 
Ընդհանուր առմամբ մարդկության ապահովվածությունը մշակելի հողերով բավական ցածր է: Եթե անցյալ դարի կեսերին այդ ցուցանիշը 0,5 հա/մարդ էր, ապա XXI դարի սկզբին՝ գրեթե կրկնակի պակաս՝ 0,3 հա: Կան երկրներ (Ճապոնիա, Եգիպտոս), որտեղ վարելահողերով ապահովվածությունը համաշխարհային միջին ցուցանիշից մի քանի անգամ ցածր է: Այն ցածր է նաև Հայաստանի  Հանրապետությունում՝ ընդամենը 0,14 հա (աշխարհի միջինը՝ 0,28 հա): Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ այդ ցուցանիշը ավելի է տասնյակ անգամ, օրինակ` Ավստրալիայում (3,0 հա):
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն 7, Երևան, «Արևիկ», 1999
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն  7, Երևան, «Մանմար» 2013
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.thetower.org/article/how-israel-is-solving-the-global-water-crisis/
http://www.unep.org/dewa/vitalwater/article141.html
https://www.youtube.com/watch?v=Qw6uXh9yM54