Տեսություն

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱԶՄ:  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ:

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105-­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15  տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
  
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը:
  
Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:
Բնակչության տարիքային կազմը  (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։
 
Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15-­59  տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:

Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:
 

Ուշադրություն
Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:
db90d57bd876ac527916366d621573f81dfb3a4a - Copy.jpg
 
Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (2014թ.):
 
Աֆղանստան.jpg Մեծ Բրիտանիա.jpg
Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (28%), ապա` իտալացիները (26%), գերմանա­ցիները (\(25\)%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայու­թյունների (\(2\)%) և Քուվեյթի (3%) ժողովուրդներն են: ՀՀ-­ում 60­-ից բարձր տարիք ունի բնակչության 14%-­ը :
  
Հայաստան.jpg
  
Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը: 
 
բուրգ.jpg
  
Աշխատանքային ռեսուրսներ:
Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում  15 -­ 65տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։
Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քա­նակով, այլև որակով։  Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ», 1999
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,2013, Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 https://en.wikipedia.org/wiki/Population_pyramid