Տեսություն

Պաշտամունքային կառույցները
Պաշտամունքային կառույցները: Եկեղեցի: Մզկիթ: Պագոդա: Սինագոգ: Տաճար: 
  
Պաշտամունքային կառույցները տարբեր կրոնների ծիսական արարողությունների կատարման վայրերն են, ժողովուրդների նյութական մշակույթի արժեքավոր ու ծանրակշիռ մասը:
  
Եկեղեցին քրիստոնեական դավանանքի պաշտամունքային կառույց է: Առաջին եկեղեցիները կառուցվել են  IV դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրներում՝ Հայաստանում, Ասորիքում, Հռոմեական կայսրության տարածքում, Բյուզանդիայում: Համայնքի, բնակավայրի կամ վանքի գլխավոր եկեղեցին հաճախ անվանվում է մայր եկեղեցի կամ կաթողիկե:
 
23.jpg
  
Մզկիթը  մահմեդական պաշտամունքային կառույց է, որի` դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, 705–715  թթ.):
132.jpg
  
Պագոդան բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ է Հեռավոր Արևելքի երկրներում: Նախատեսված է բուդդայական մասունքներ պահելու համար: Կառուցվում են տաղավարների, աշտարակների (հաճախ՝ բազմաստիճան), կոթողների և այլ ձևերով՝ քառակուսի կամ բազմանկյուն հատակագծով: Որպես կառույցի տիպ՝ կազմավորվել է մ. թ. առաջին դարերում, Չինաստանում (Դայանտա բազմահարկ պագոդան, 652 թ.), տարածվել է Վիետնամում (հայտնի է Դիեն-Բո փայտե պագոդան՝ մեկ սյան վրա, 1044 թ.), Կորեայում, Ճապոնիայում և այլուր:
Դայանտա պագոդան
 
Դայանտա պագոդան (652 թ., Չանյան) Չինաստանում.jpg
  
Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում, մ. թ. ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ. թ. ա. III դարում: Մ. թ. 70 թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ:
 
Սինագոգ Բեռլինում
 
Սինագոգ Բեռլինում.jpg
  
Տաճարն անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում: Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների վայր:

Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը: Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ. թ. ա. VIII դար), Գառնիի (I դար) տաճարները:
Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ. թ. ա. III–I և մ. թ. I դարերում: Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան և ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են:
 
Գառնիի հեթանոսական տաճարը
 
Գառնիի հեթանոսական տաճար.jpg
Աղբյուրները
«Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1395