Տեսություն

Բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները
Աշխարհի բնակչության տեղաբաշխման օրինաչափությունները: Բնակչության կուտակման գլխավոր արեալները:
 
Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները՝

ա. բնակչության խտությունը նվազում է տեղանքի բացարձակ բարձրության մեծացման հետ զուգահեռ,
բ.բնակչությունը կենտրոնացված է ծովափյա շրջաններում: Աշխարհի բնակչության մոտ կեսն ապրում է ծովափից մինչև 200 կմ լայնությամբ ցամաքային շերտում (ցամաքի 16 %-ը):
գ. որքան հեռանում ենք ծովափից, այնքան նվազում է բնակչության միջին խտությունը:
  
Նկարում աշխարհի բնակչության առավել մեծ կուտակման արեալներն են՝ առանձնացված կարմիր գույնով և շրջանակներով:
 
արեալ.jpg
 
Բնակչության տեղաբաշխման քարտեզի համաձայն բնակչության առավել մեծ կուտակումներ կան ծովափնյա, մինչև 500 մ բացարձակ բարձրության, նախկինում յուրացված և մարդկության ծագման հնագույն արեալներում (տարածքներում), արդյունաբերական շրջաններում: Օր.՝ այդպիսի արեալներ են Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան շրջանները, Նեղոսի հովիտը, հարավային Ասիայի մեծ մասը, Գանգեսի և Ինդոսի հովիտները, Ճավան, Չինաստանի արևելյան շրջանները, Գվինեական ծոցի ափամերձ գոտին և այլն:
Աշխարհի բնակչության տեղաբաշխումը խայտաբղետ պատկեր է ստանում նաև լեռնային շրջաններում, որտեղ բնակչությունը կուտակված է հիմնականում մինչև 1000 մ բարձրությունները (օր.՝ ՀՀ-ում):
Այսպիսով, աշխարհի բնակչության տեղաբաշխման պատկերն արտահայտում է բնակլիմայական պայմանների ազդեցությամբ մարդկության  անհավասարաչափ բաշխումը Երկրի վրա:
Իրականում այդ պատկերը իրենից ներկայացնում է մի բարդ խճանկար: 
 
Ուշադրություն
Բնակչության կուտակման գլխավոր արեալներն են Ասիա աշխարհամասի արևելքը, հարավը և հարավ-արևելքը, Արևմտյան Եվրոպան, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը, Աֆրիկայում՝ Գվինեական ծոցին հարող գոտին:
Տիեզերքից կատարված լուսանկարները ցույց են տալիս, թե որքան լուսավոր են գիշերային Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Ճապոնիան՝ ողողված խոշոր քաղաքներից ճառագող լույսերով:
 
1211px-Earthlights_2002.jpg cropped-western-europe-earth-night-relief-map-anton-balazh-shutterstock133120046.jpg
 
NorthAmericaNight.jpg PRK.jpg
 
Ասիա աշխարհամասի արևելքը, հարավը և հարավ-արևեքը և՛ մարդկության ծագման բնօրրաններից է, և՛ զարգացած գյուղատնտեսական շրջան, որտեղ բնակչության կուտակումներն առավել զգալի են գետահովիտներում և գետաբերաններում  (օր.՝ Ինդոս, Գանգես, Բրահմապուտրա, Հուանհե, Յանցզի և այլն):
Օրինակ
Ամենախտաբնակ շրջաներից է Ճավա կղզին, որտեղ բնակչության միջին խտությունը կազմում է 2000  մարդ/քկմ:
Ուշադրություն
«Պոլիս» բառը նշանակում է քաղաք, հետևաբար «մեգապոլիս»՝ մեծ քաղաք, իսկ մեգալոպոլիսը ագլոմերացիաների ընդարձակման և տարածականորեն միմյանց հետ սերտաճման արդյունքում առաջացող համատարած տարաբնակեցման գոտի է:
Արևմտյան Եվրոպան մարդկության կողմից վաղ յուրացված տարածաշրջաններից է, որն աչքի է ընկնում նպաստավոր աշխարհագրական դիրքով և բնակլիմայական պայմաններով (ծովային կլիմա, հարթավայրային ռելիեֆ): Այստեղ բնակչության խտությունը կազմում է միջինում 200 մարդ/քկմ, իսկ խոշոր քաղաքներում՝ 1000 -1500 մարդ/քկմ և ավելի: Այս արեալում չկան այնպիսի գերխոշոր քաղաքներ (մեգապոլիսներ) կամ դրանց կուտակումներ (մեգալոպոլիսներ), ինչպես որ մյուս խտաբնակ արեալներում, քանի որ այս արեալն առաջացել է հիմնականում արդյունաբերական կենտրոնների կուտակումից, որոնք առաջացել են դեռևս միջնադարում՝ քաղաքային բնակավայրերի աճի բարձր տեմպերի շնորհիվ: Այդ տեմպերը, հասնելով գագաթնակետին, այժմ դանդաղել են: Արեալում համեմատաբար խոշոր ուրբանիզացված (քաղաքային) գոտիներ են Ռուրշտադտը (Գերմանիայում՝ Հռենոս), Միդլենդը (Մեծ Բրիտանիայում), Սիլեզիան (Լեհաստանում), որոնք տեղաբաշխված են հանքարդյունաբերական շրջաններին մոտ:

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում բնակչության մեծ կուտակման պատճառը գերհզոր արդյունաբերական շրջանների առկայությունն է: Այս արեալը համեմատաբար երիտասարդ է: Ունի ծովափյա աշխարհագրական դիրք: Արեալում ձևավորվել են ուրբանիզացված գոտիներ՝ մեգալոպոլիսներ, որոնց մեջ առանձնացվում են մի շարք մեգապոլիսներ:
Օրինակ
Փիթսբուրգ և Չիկագո մեգապոլիսների միջև ձևավորվել է Չիփիթս մեգալոպոլիսը, Բոստոնի և Վաշինգտոնի միջև՝ Բոսվաշը: Այս արեալի մեջ են մտնում նաև ամերիկյան Մեծ լճերի ափամերձ խոշոր նավահանգիստները: Այլ խոշոր մեգապոլիսներից են Դեթրոյթը, Նյու- Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Բալտիմորը, Ինդիանապոլիսը, Փիթսբուրգը, Մոնրեալը, Օտտավան և այլն:
Բնակչության մեծ կուտակման չորրորդ տարածքը ձևավորվել է Աֆրիկայում՝ Գվինեական ծոցին հարող գոտում: Վերջինս ամենաերիտասարդն է, որտեղ բնակվում է ավելի քան 300 մլն մարդ:   
  
Նկար 3. տեսարաններ խոշոր քաղաքներից
 
Մեխիկո
Մեխիկո.jpg
Չիկագո
Չիկագո.jpg
Նյու Յորք
Նյու Յորք.jpg
Տոկիո
Տոկիօ.jpg
Շանհայ
Շանհայ.jpg
Դուբայ
Դուբայ.jpg
Փարիզ
Փարիզ.jpg
Լոնդոն
լ.jpg
 
Մոսկվա
images.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.prb.org/publications/datasheets/2013/2013-world-population-data-sheet/world-map.aspx#map/world/population/inc
http://www.indexmundi.com/map/?v=21000