Տեսություն

Ուրբանիզացիա
Ուրբանիզացիա: Ուրբանիզացման մակարդակ: Ուրբանիզացման աստիճան: Գյուղական տարաբնակեցում:
Ուրբանիզացումը պատմական գործընթաց է, որին բնորոշ է քաղաքային բնակավայրերի աճը, քաղաքային բնակչության տեսակարար կշռի մեծացումը բնակչության ընդհանուր թվաքանակում, քաղաքների դերի մեծացումը և քաղաքային ապրելակերպի տարածումը:
Ուրբանիզացիա  հասկացությունն առաջացել է լատ. urbanus- քաղաք, քաղաքային բառերից:
Ուրբանիզացումը բնութագրող կարևոր ցուցանիշներ են ուրբանիզացման աստիճանը և ուրբանիզացման մակարդակը:
Ուշադրություն
Ուրբանիզացման մակարդակն որոշելու համար պետք է գտնել, թե երկրի ընդհանուր բնակչության ո՞ր մասն են կազմում քաղաքաբնակները:
Ու.մ.=քաղ. բնակչության թիվ/երկրի բնակչության թիվ *100%
Ուրբանիզացման աստիճանը որոշելու համար պետք է գտնել երկրի քաղաքային բնակչության և գյուղային բնակչության հարաբերակցությունը: 
Ու.ա.=քաղ. բնակչություն/գյուղական բնակչություն
Ուրբանիզացման մակարդակը բարձր է, եթե բարձր է 50 %-ից, միջին է, եթե 20-50 % է, իսկ ցածր՝մինչև 20 %:  Օրինակ՝ Սան Մարինոյում այն 94 % է, Բելգիայում՝ 97.5 %, Մոնակոյում՝ 100 %, Ռուանդայում` 19.1 %, Չադում՝ 21.8 %:
Այսինքն՝ ուրբանիզացման մակարդակը բարձր է զարգացած երկրներում, և ցածր՝ զարգացող:
Աշխարհի բնակչության  ուրբանիզացման մակարդակը՝ ըստ տարածաշրջանների
 
դ.jpg
ՈՒրբանիզացման տեմպերը գնահատվում են  ուրբանիզացման աստիճանների տոկոսային փոփոխությամբ որոշակի ժամանակահատվածում:
 
Ուրբանիզացման տեմպերը բարձր են զարգացող երկրներում (3.3 %), իսկ զարգացած երկրներում՝ ցածր (մոտ 1 %):

Եթե 1800 ական թթ.-ին աշխարհի բնակչության շուրջ 3 % -ն եր բնակվում քաղաքներում, ապա այժմ՝ շուրջ 50 %-ը:
 
Նկարում տարբեր քաղաքներից տեսարաններ են:
 
քաղաքներ 3.jpg
Առաջին քաղաքները ստեղծվել են դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակում, երբ կատարվեց աշխատանքի առաջին հասարակական բաժանումը. արհեստները և առևտուրը առանձնացան գյուղատնտեսությունից: Դրանից հետո աստիճանաբար մեծացել է քաղաքների թիվը, քանի որ քաղաքները կրթական, տնտեսական, մշակութային, առևտրական, տրանսպորտային կենտրոններն են: Ինչպես պատկերավոր ասում են, քաղաքները պետության «հրամանատարական կազմն են», նրանք ուղղորդում են գյուղերի զարգացումը ևս:
Քաղաքների թվի և նրանց բնակչության թվաքանակի կտրուկ աճ նկատվել է ԳՏՀ-ից  հետո (գիտատեխնիկական հեղափոխություն), 20-րդ դարում, երբ ձևավորվել են տարբեր քաղաքային բնակավայրերի սերտաճած խոշոր միավորումներ, ուրբանիզացված գոտիներ՝ ագլոմերացիաներ, քաղաքների կուտակումներ:
Օրինակ
Խոշոր ագլոմերացիաներ կան ոչ միայն զարգացած (oր.՝ Փարիզ, Նյու Յորք, Միդլենդ, Տոկիո, Մոսկվա), այլև զարգացող երկրներում (Կալկաթա, Բուենոս Այրես): Բնակչության թվով ամենամեծը Տոկիոյի մեգալոպոլիսն է (37.8 մլն մարդ):
Նկարում՝ «Աշխարհ» նախագիծը Դուբայում
 
5.jpg
 
Ժամանակակից ուրբանիզացիայի բնորոշ գծերին կանդրադառնանք առանձին:
Գյուղական տարաբնակեցում
Չնայած քաղաքների արագ աճին՝ աշխարհի բնակչության մոտ կեսը շարունակում է ապրել գյուղերում (շուրջ 20 մլն գյուղական բնակավայրերում):
Գյուղական տարաբնակեցման ձևերը տարբեր են՝ կախված գյուղատնտեսության առանձնահատկություններից, սոցիալական և բնական պայմաններից (հատկապես՝ ռելիեֆից):
Ուշադրություն
Տարբերում ենք գյուղական տարաբնակեցման ցրված և խմբային ձևերը:
Գյուղական տարաբնակեցումը խմբային է, եթե գյուղական տները խմբավորված են, կուտակված են հավաք տարածքում, միմյանցից շատ հեռու չեն գտնվում (oր.՝գյուղ, աուլ, ստանիցա, ղշլաղ)՝ կախված լեռնային ռելիեֆից: Աշխարհի երկրների մեծ մասում և Եվրասիայում գերակշռում  է խմբային ձևը:

Գյուղական տարաբնակեցումը ցրված է համարվում, եթե տները (առանձնատները) ցրված են ընդարձակ տարածքում, իրարից մի քանի կմ կամ նույնիսկ տասնյակ կմ հեռու են գտնվում (oր.՝ ագարակ, ֆերմա)՝ կախված հարթավայրային ռելիեֆից: Ցրված ձևն առավել բնորոշ է ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային:
Քոչվոր անասանապահության շրջաններում մշտական բնակավայրեր ընդհանրապես չկան:
 
Նկարում աշխարհի քաղաքային և գյուղական բնակչության թվի փոփոխության կորերն են, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքային բնակչության թվաքանակն ունի աճի միտում, իսկ գյուղականը՝ նվազման:
աս.jpg
 
Գյուղական բնակավայր Գերմանիայում
 
герм.jpg
 
Գյուղական բնակավայր Ռուսաստանում
 
1_535f437a260b7535f437a260f2.jpg
 
Գյուղական բնակավայր Չադում
 
1.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008    
DEMOGRAPHIA WORLD URBAN AREAS12th ANNUAL EDITION April 2016
(Built Up Urban Areas or World Agglomerations), demographia.com/db-worldua-index.htm
United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2014).
World Urbanization Prospects: The 2014 Revision, Highlights (ST/ESA/SER.A/352)
 http://www.worldometers.info/world-population/
http://www.worldatlas.com/citypops.htm
https://www.google.com/maps/d/viewer?hl=en_US&mid=1f2t7Nx_e9n-ncLB-9EJ291Jy9B8