Տեսություն

Աշխարհի քաղաքական բաժանումը
Այս թեմայում կուսումնասիրենք աշխարհի քաղաքական քարտեզը, նրա ձևավորման փուլերը:
Աշխարհի քաղաքական քարտեզն արտահայտում է երկրագնդի պետական-տարածքային բաժանումը, այսինքն՝ ցույց է տալիս աշխարհի պետությունները, դրանց սահմանները, մայրաքաղաքները:
Ի տարբերություն աշխարհի և մայրցամաքների ֆիզիկական քարտեզների՝ աշխարհի քաղաքական քարտեզը շատ դինամիկ է և կարող է փոփոխվել քաղաքական իրադարձություններից հետո: Այդպիսի քաղաքան իրադարձություններ են պատերազմները, երկրների կառավարման համակարգի փոփոխությունները, երկրների միավորումները կամ անկախության հանրաքվեի արդյունքում որոշ տարածքների անկախացումը և այլն: 
Օրինակ
Երբ Կամբոջան հրաժարվեց պետության հանրապետական ձևից և ընտրեց սահմանադրական միապետությունը:

Բրազիլիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Ռիո- դե- Ժանեյրոյից Բրազիլիա:

2011թ.-ին անկախացավ Հարավային Սուդանը:
Ուշադրություն
Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորումն  երկարատև պատմական գործընթաց է, որն սկսվել է առաջին պետությունների առաջացմամբ և շարունակվում է նաև մեր օրերում:
Այդ ձևավորումը հիմնականում ընթանում է դանդաղ՝ երկրների սոցիալտնտեսական կարգի փոփոխման, պետությունների միավորման կամ տրոհման հետևանքով: Սակայն, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կտրուկ արագացնում են քաղաքական քարտեզի ձևավորման գործընթացը: Նման իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածները կոչվում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման փուլեր:
Առանձնացնում են աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման մի շարք փուլեր, որոնց տարանջատումը պայմանական է: Ստորև կներկայացվեն քաղաքական քարտեզի ձևավորման փուլերը՝ առանձնացնելով նրանց բնորոշ կարևոր իրադարաձությունները:

Առաջին փուլի (հին փուլ) սկիզբը համընկնում է առաջին պետությունների առաջացման հետ և տևում է մինչև \(5\)-րդ դար:
 
Այս փուլում են ստեղծվել, զարգացել և անկում ապրել Հին աշխարհի պետությունները, ինչպիսին էին Հին Հռոմը, Աթենքը, Ասորեստանը, Ուրարտուն, Հին Եգիպտոսը և այլն:
 
Նկարում պատկերված է Քաղաքակիրթ աշխարհը՝ըստ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության: Այստեղ ներկայացված են հիմնականում այն պետությունները, որոնք գտնվում են Միջերկարական ծովի ափերին, Հարավարևմտյան Ասիայում, Հարավային Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի որոշ տարածքներ: Ուշադրություն դարձրեք, որ հին դարերում մարդկանց ծանոթ էր աշխարհի միայն փոքր մասը, որն ընդգրկված է այս նկարում:
 
Image_5442.jpg
 
Հին աշխարհի նշանավոր պետություններից մեկն էլ Տիգրան Մեծի ստեղծած և «ծովից-ծով» ձգվող տերությունն էր:
 
 Տիգրան Մեծ քարտեզ.jpg
  
Երկրորդ փուլը համընկնում է միջնադարի հետ ( \(5\)-ից \(15\)-րդ դարեր), որի ընթացքում սկսվեց Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի վերաբաժանումը, առաջացան ավատատիրական պետություններ, ակտիվացան տարբեր պետությունների տնտեսությունները, նրանց միջև ստեղծվեցին և զարգացան շուկայական հարաբերությունները, զգալի զարգացում ապրեցին առևտուրը և պետությունների միջև մշակութային կապերը: Իսկ փուլի ավարտին նաև հիմքեր ստեղծվեցին նոր տարածքների հայտնաբերման և նվաճման համար:
 
Միջնադարում առաջացան այնպիսի հսկայածավալ պետություններ, ինչպիսիք են օրինակ՝ Բյուզիանդիան, Կիևյան Ռուսիան, Մոնղոլական, Օսմանյան կայսրությունները, Արաբական Խալիֆայությունը: Այս փուլում բավականին զարգացել էին նաև եվրոպական մի շարք երկրներ, ինչպես օրինակ՝ Պորտուգալիան, Իսպանիան, Անգլիան:
 
Նկարում արաբ աշխարհագետ Ալ Իդրիսի քարտեզն է: Կարևոր է հիշել, որ  միջնադարում աշխարհագրական միտքը զարգանում էր հիմնականում արաբ գիտնականների շնորհիվ, քանի որ Եվրոպայում եկեղեցին կառավարում էր նաև գիտության զարգացումը, և որևէ լուրջ քարտեզագրական աշխատանք եվրոպացիների կողմից այդ ամբողջ ժամանակի ընթացքում չի իրականացվել: 
  
TabulaRogeriana_upside-down.jpg
  
Երրորդ փուլը (նոր փուլ) տևել է \(15\)-րդ դարից մինչև \(20\)-րդ դար, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա տեղի են ունեցել տարածքային առաջին լուրջ փոփոխությունները:
 
Այս փուլը համընկնում է աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանին և դրան հաջորդած գաղութային համակարգի հիմնմանը:
Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման այս փուլը կապիտալիզմի բուռն զագացման հետ է կապվել:
 
Նոր հայտնագործված տարածքներից էին Ամերիկա աշխարհամասը, որը հայտնաբերվել է Ք. Կոլումբոսի կողմից \(15\)-րդ դարի վերջում, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Խաղաղօվկիանոսյան կղզիները և այլն: Ձևավորվեց համաշխարհային տնտեսությունը, և ակտիվացան տարբեր պետությունների միջև տնտեսական հարաբերությունները: Զարգացան նաև Իտալիան, Գերմանիան, որոնք չէին հասցրել մասնակցել «աշխարհի բաժանմանը» և ցանկանում էին գաղութատեր երկրներից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) խլել դրանց գաղութները՝ հումքի, էժան աշխատուժի աղբյուրների և շուկաների համար: Մյուս կողմից էլ, անկախանալով Մեծ Բրիտանիայից, արագ զարգացավ ԱՄՆ-ը և նույնպես իր մասնաբաժինն էր ցանկանում բաժանվող աշխարհում: Հիմքեր ստեղծվեցին աշխարհի քաղաքական նոր բաժանման համար, ինչը հանգեցրեց \(I\) աշխարհամարտին, որի ավարտից հետո առաջացավ Ազգերի Լիգան:  
 
Նկարում Բրիտանական կայսրության տարածքներն են մինչև 1921 թ.: Այն համարվել է աշխարհի հզորագույն պետություններից մեկը՝ ընդգրկելով հսկայական տարածքներ տարբեր աշխարհամասերում: Այստեղից էլ ծնունդ է առել հետևյալ արտահայտությունը. «Բրիտանական կայսրության տարածքում արևը մայր չի մտնում»:
 
British_Empire_1921_IndianSubcontinent.png
 
 
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://www.encyclopedia.am/pages.php?hId=1375 https://en.wikipedia.org/wiki/Early_world_maps#/media/File:TabulaRogeriana_upside-down.jpg