Տեսություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Այն նյութական արտադրության ճյուղերից մեկն է: Գյուղատնտեսական աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:

Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի գյուղատնտեսական նշանակության հողեր կամ հողահանդակներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ:
 
հողեր.jpg
Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի շուրջ 30-%­ը: Ի տարբերություն արդյունաբերության՝ գյուղատնտեսության արտադրությունը կախված է տարվա եղանակներից (բնակլիմայական պայմաններից): 
Օրինակ
Բարենպաստ պայմաններում հնարավոր է տարվա ընթացքում ստանալ մի քանի բերք՝ Եգիպտոսում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այլն:
Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում, գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում, ցանքաշրջանառություն և այլն:
Ցանքաշրջանառությունը միևնույն դաշտում մի քանի տարվա ընթացքում զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի գիտականորեն հիմնավորված հաջորդական հերթափոխությունն է՝ հողի բերրիությունը պահպանելու նպատակով: 
Ի տարբերություն բուսաբուծության՝ անասնապահությունը շուրջտարյա արտադրություն է, քանի որ  գյուղատնտեսական կենդանիների խնամքը և մթերքի (օրինակ` կաթի, ձվի) արտադրությունը չեն դադարեցվում ամբողջ տարվա ընթացքում:
Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը
Ուշադրություն
Գյուղատնտեսության ճյուղերն են անասնապահությունը և բուսաբուծությունը:
Յուրաքանչյուր երկրի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է տեղական բնական առանձնահատկություններով: Սովորաբար գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում անասնապահության բաժինը գերակշռում է բարձր զարգացած եվրոպական երկրներում (օրինակ` Գերմանիայում կամ Դանիայում), ինչպես նաև զարգացող այնպիսի երկրներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր, իսկ վարելահողերի տարածքը շատ փոքր է (օրինակ` Մոնղոլիա, Սուդան և Եթովպիա):
 
Սահմանափակ տարածքի և անբարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում բուսաբուծության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացումը: 
 
Գյուղատնտեսությունը զարգանում է 2 ուղղությամբ՝ էքստենսիվ և ինտենսիվ:
 
Գյուղատնտեսության էքստենսիվ ուղղությունԳյուղատնտեսության ինտենսիվ ուղղություն
Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր հողատարածքների հերկումն է, վարելահողերի մակերեսի ընդարձակումը, անասունների գլխաքանակի ավելացումը:
 
*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են քանականան փոփոխություններ
Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր՝ բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձր մթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունը գյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը:

*Գյուղատնտեսության վարման այս եղանակի դեպքում իրականացվում են որակական փոփոխություններ
 
Բրնձի մշակությունը Ֆիլիպիններում            Լավանդայի (նարդոսի) մշակությունը Ֆրանսիայում
 
89.jpg        opop0-.jpg

Զարգացող երկրների գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակով ՄԱԿ-­ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որը ստացել է «կանաչ հեղափոխություն» անվանումը: Դրանցից առավել լայնորեն կիրառվում են նոր, ավելի բարձր բերքատու մշակաբույսերի և բարձր մթերատու կենդանիների ընտրությունը կամ սելեկցիան, ժառանգական հատկանիշների բարելավումը (գենետիկան), պարարտացումը և հողաբարելավումը: Այդ միջոցառումների կիրառման շնորհիվ որոշ երկրներ (օրինակ` Մեքսիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Չինաստանը) հասել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալի շոշափելի աճի:
Աղբյուրները
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008