Տեսություն

Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը
Քանի որ համաշխարհային տնտեսությունը կազմված է ազգային տնտեսություններից, հետևաբար նրա գլխավոր ոլորտները և դրանցում ներառված ճյուղերը համընկնում են ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքին: Այսպիսով, համաշխարհային տնտեսության երկու հիմնական ոլորտներն են նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:
 
համաշխ տնտես.jpg
Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, պահածո և այլն):
 
Ուշադրություն
Նյութական արտադրության ոլորտի ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը,  բեռնատար տրանսպորտը, շինարարությունը, նյութական արտադրությանը սպասարկող կապը:
Արդյունաբերության ճյուղերից են մետաղաձուլությունը (սև, գունավոր), վառելիքաէներգետիկ համալիրը, մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկակական, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն և այն), քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը և այլն: Գյուղատնտեսության ճյուղերից են անասնապահությունը (խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, ձիաբուծություն և այլն), բուսաբուծությունը (խաղողագործություն, հացահատիկի, թելատու՝ բամբակենի, վուշ, յուղատու՝ արևածաղիկ, ձիթապտուղ, շաքարատու՝ շաքարեղեգ, շաքարի ճակնդեղ, և այլն մշակաբույսերի մշակությունը):
 
Տրանսպորտի ճյուղերից են ցամաքային (երկաթուղային, խողովակաշարային, ավտոմոբիլային), օդային, ջրային (ծովային, ներքին ջրային) և էլեկտրոնային տրանսպորտը:

Իր հերթին ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը
մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են, որոնք միտված են բավարարելու մարդկանց սոցիալական և հոգևոր-մշակութային կարիքները:
 
kap.jpg
Օրինակ
Այդ ծառայություններից են բնակչությանը սպասարկող կապը, ուղևորատար տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապահովությունը, մշակույթը, գիտությունը, կառավարումը, գովազդը և համանման այլ գործունեությունները:
t8a.jpg
Screenshot_1.jpg
 
d.jpg
Տնտեսության տարածքային կառուցվածքը:
Տնտեսության տարածքային կառուցվածքը որոշակի տարածքում և միմյանց նկատմամբ որոշակի ձևով տեղադրված տնտեսության տարածքային օբյեկտների ամբողջությունն է:
Այն ցույց է տալիս, թե տվյալ տարածքում ինչպիսի արտադրություններ և ծառայություններ կարելի է հանդիպել, ինչպես են դրանք տեղաբաշխված և ինչպես են կապակցված միմյանց հետ: 
Օրինակ
Տնտեսության տարածքային կառուցվածքի միավորներ կարող են լինել  տնտեսական  շրջաններն ու տնտեսական գոտիները, արդյունաբերական շրջանները, քաղաքային կուտակումները, տրանսպորտային հիմնական մայրուղիները, բնակչության հանգստի և զբոսաշրջության գոտիները:
Պետությունների վարած տնտեսական քաղաքականության, տարածքի յուրացման, բնակչության թվի ավելացման և տարբեր արտադրությունների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի շնորհիվ ժամանակի ընթացքում երկրի տնտեսության տարածքային կառուցվածքը ճյուղային կառուցվածքի նման ևս փոփոխվում է:

Զարգացած երկրների տնտեսության տարածքային կառուցվածքն ավելի բարդ ու կատարյալ է, քան նոր զարգացող երկրներինը: Մեծ տարածք և բազմազան բնական պայմաններ ունեցող զարգացած երկրներում էլ կան բարձր զարգացած շրջաններ, արդյունաբերական շրջաններ, գյուղատնտեսական շրջաններ, նոր յուրացվող շրջաններ և դրանց կողքին` թույլ զարգացած ծայրամասային շրջաններ: Բարձր զարգացած շրջաններից են, օրինակ, Կալիֆոռնիան ԱՄՆ­ում, Իտալիայի հյուսիսը, Հռենոս­-Ռուրի շրջանը Գերմանիայում: Արդյունաբերական  շրջաններից  են, օրինակ,Դոնբասը Ուկրաինայում և Ռուսաստանում, Ուրալը Ռուսաստանում:
 
Գյուղատնտեսական շրջաններից  են, օրինակ, Սիցիլիան Իտալիայում, Պոմերանիան  Գեմանիայում: Նոր յուրացվող շրջաններից են Ամազոնիան Բրազիլիայում, Ալյասկան՝ ԱՄՆ-ում, Սիբիրը՝ Ռուսաստանում:  Թույլ  զարգացած  ծայրամասային  շրջաններից է, օրինակ՝ Ռուսաստանի հյուիսիս-­արևելքը:

Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամանատարական» դեր է կատարում պետության խոշորագույն քաղաքը, որն  առավել  հաճախ երկրի մայրաքաղաքը կամ գլխավոր նավահանգիստն  է: Իսկ համաշխարհային  տնտեսության  տարածքային  կառուցվածքում «հրամանատարական» դեր են կատարում ԱՄՆ­-ը, Արևմտյան Եվրոպայի  երկրները,  Ճապոնիան, Չինաստանը  և  դրանց  որոշ  խոշորագույն  քաղաքները: 
 
uxi.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008