Միջազգային զբոսաշրջությունը
Միջազգային զբոսաշրջությունը ծառայությունների փոխանակման համեմատաբար արագ զարգացող ձև է: Այսպես` միայն \(XX\) դարի երկրորդ կեսին աշխարհի միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ \(40\) անգամ: 

Զբոսաշրջության այսպիսի բուռն զարգացման կարևորագույն նախադրյալն աշխարհի, հատկապես զարգացած երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացումն է, որն իր հերթին մեծացնում է զբոսաշրջության պահանջարկը: Կարևոր դեր են կատարում նաև անձնական օգտագործման ավտոմեքենաներ և տրանսպորտի այլ միջոցներ ունեցող մարդկանց թվի աճը, մարդկանց ազատ ժամանցի մեծացումը, զբոսաշրջության նյութական հիմքի` հյուրանոցների, քեմփինգների, մոթելների, ավտոբուսների թվի աճը:
 
Զբոսաշրջության աճը պայմանավորող մյուս նախադրյալը բնակչության պահանջարկը ձևավորող պատճառների փոփոխությունն է: Եթե նախկինում մարդիկ շրջագայում էին զուտ իրենց շրջակա միջավայրը կարճ ժամանակով փոփոխելու բնազդային ձգտմամբ, ապա ներկայումս այդ ձգտմանն ավելացել են նաև մարդկանց աշխատանքի ու կենցաղային պայմանների բարդացումը, նյարդային լարվածության բարձրացումը, քաղաքային պայմաններում  ֆիզիկական ուժերի վերականգնման հնարավորության գրեթե բացակայությունը: Այդպիսի պայմաններում միայն զբոսաշրջության և հանգստի շնորհիվ են վերացվում լարված աշխատանքի գործընթացում և միապաղաղ կյանքում մարդկանց մեջ առաջացած սթրեսն ու հոգնածությունը:
 
2.jpg
 
Վերջապես` զբոսաշրջության զարգացման տնտեսական կարևոր պատճառ է նաև այդ ոլորտի բարձր եկամտաբերությունը (մեկ  զբոսաշրջիկի  հաշվով` շուրջ \(1000\) դոլար եկամուտ):  Զբոսաշրջությունը մեծաթիվ երկրների տնտեսության կարևոր հատվածն է:
Օրինակ
Այդ երկրներում ձևավորվել են զբոսաշրջության տարբեր տեսակի շրջաններ` ծովափնյա, լեռնադահուկային և ծովային ճանապարհորդական, քաղաքների այցելության, էկոլոգիական, կրոնական ուխտագնացության և այլն: Աշխարհի միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թվի մեջ շատ մեծ են Եվրոպայի, այնուհետև` Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի (հատկապես Չինաստանի և Ճապոնիայի) բաժինները:
1.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)