Միջազգային բեռնափոխադրումների ուղղությունները
Ատլանտյան օվկիանոսի ծովային ուղիներով փոխադրվող բեռների զգալի մասը կազմում են մերձավորարևելյան, հյուսիսաֆրիկյան նավթն ու նավթամթերքները, լատինամերիկյան հանքային հումքը և եվրոպական զարգացած երկրների, ԱՄՆ-­ի ու Կանադայի մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության արտադրանքը և գյուղատնտեսական մթերքը։ Ատլանտյան օվկիանոսով ուղևորների փոխադրման ծավալը նույնպես մեծ է: Այստեղով են անցնում ծովային զբոսաշրջության համաշխարհային գլխավոր երթուղիները:
 
Ծովային ուղիների լայն ցանց ունի նաև Հնդկական օվկիանոսը։ Այստեղով են անցնում Հարավային Ասիայի ու Ասիական-­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստները Եվրոպայի, Ավստրալիայի և Աֆրիկայի հետ կապող ծովային ճանապարհները։ Այս ճանապարհների հիմքի վրա կառուցվել են ժամանակակից ենթակառուցվածքներով ու տեխնիկայով հագեցած խոշոր նավահանգիստներ Հարավային Ասիայի ծովափերին (Մումբայ, Կարաչի), Չինաստանի արևելյան առափնյա գոտում (Շանհայ, Տյանին (Տյանցզին) և այլն) և Սինգապուրում: Հնդկական օվկիանոսի ծովային ուղիներով Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա ու Ճապոնիա են փոխադրվում գլխավորապես նավթ և նավթամթերք, իսկ Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նոր արդյունաբերական երկրներից՝ մեքենաշինական արտադրանք ու գյուղատնտեսական մթերք։
 
Ուշադրություն
Հնդկական օվկիանոսից դեպի Ատլանտիկա ջրի մեջ մինչև \(13\) մ ընկղմված ծովային նավերն անցնում են Սուեզի ջրանցքով, իսկ գերխոշոր լցանավերը՝ Աֆրիկան շրջանցելով:
Խաղաղ օվկիանոսի ափերից ծովային ճանապարհների անընդհատ ընդլայնվող ցանցը Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և հատկապես ԱՄՆ-­ի արևմտյան առափնյա շրջանների ու Չինաստանի տնտեսության շարունակական աճող պահանջարկի արդյունք է:
Ծովային նավագնացության զարգացման գործում կարևոր դեր են կատարում միջազգային ծովային ջրանցքներն ու նեղուցները։ Ամենաբանուկը Սուեզի ջրանցքն է։ Այն շահագործման է հանձնվել \(1869\) թ. և հնարավորություն է տալիս նավերին, առանց Աֆրիկան շրջանցելու, կարճ ուղիով Միջերկրական ծովից անցնել Կարմիր ծով, ապա՝ Հնդկական օվկիանոս և ընդհակառակը: Յուրաքանչյուր տարի ջրանցքով անցնում են \(25\) հազարից ավելի նավեր, որոնք տեղափոխում են \(250\) մլն տ բեռ։ Հիշենք, որ Սուեզի ջրանցքի բացման արարողության կապակցությամբ իտալացի հռչակավոր երգահան Ջուզեպե Վերդիի կողմից գրվել է «Աիդա» օպերան:
 
Տեսարաններ Սուեզի ջրանցքից
 
Սուեզի ջրանցք՛.jpg
 
Իր նշանակությամբ երկրորդը Պանամայի ջրանցքն է, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Հյուսիսային ու Բալթիկ ծովերն իրար միացնող ջրային ուղիներից առանձնանում է Քիլի ջրանցքը:

Շատ մեծ է նաև ծովային նեղուցների նշանակությունը։ Ամենաբանուկ միջազգային ծովային ուղիներն անցնում են Լա Մանշի, Մալակայի, Զոնդյան, Ջիբրալթարի, Հորմուզի, Պա դը Կալեի, Ֆլորիդայի, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով։ Ի դեպ՝ Զոնդյան նեղուցով կարող են անցնել ջրում մինչև \(28\) մ, իսկ Մալակայի նեղուցով՝ մինչև \(12\) մ խորությամբ ընկղմված նավերը:
 
Տեսարան Պանամայի ջրանցքից
 
Պանամայի ջրանցք.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.worldshipping.org/about-the-industry/global-trade/top-50-world-container-ports
http://www.businessinsider.com/16-busiest-airports-in-the-world-2016-4
https://www.youtube.com/watch?v=DndEKVGpL3k
www.portshanghai.com.cn
www.singaporepsa.com
www.szport.net
www.mardep.gov.hk
www.zhoushan.cn/english