Տեսություն

ՀՀ օգտակար հանածոները
Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:
 
Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը)։
 
Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են ՔաջարանիԱգարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ \(7\) %-ը: Այն օգտագործում են լեգիրացված  (ամրություն, կռելիություն, կոռոզիադիմացկունություն այլ հատկանիշներ ունեցող) պողպատներ ձուլելու համար, ինչպես նաև էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ, միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր պատրաստելու համար։
 
Քաջարանի ևԿապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։ Դրանք հանքարդյունաբերական մյուս թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում։
 
ur.jpg

Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռներում։

Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ «ցրոնային» տեսքով։ ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը։
 
Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է շինանյութերի՝ բազալտի, տուֆի, կրաքարի, մարմարի, պեմզայի, պեռլիտի ու զանազան կավերի պաշարներով։
 
Տուֆը հրային ապար է, որն իր թեթևության, դիմացկունության և գեղեցիկ տեսքի շնորհիվ լայն կիրառություն ունի շինարարության մեջ։ Տուֆակերտ են պատմական հուշարձանների մեծ մասը, բազմաթիվ բնակելի շինություններ։ Տուֆի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Արագածի լանջերին, Շիրակում, Մերձերևանյան շրջանում։
 
Tuf-w1029.jpg

ՀՀ-ում գործնականում անսպառ են բազալտի պաշարները։  Բազալտի բարակ սալերը կտրվում և հղկվում են որպես հատակի, շենքերի երեսապատման սալիկներ, ինչպես նաև հուշարձանների և այլ շինարարական աշխատանքներում կիրառվելու նպատակով:
 
Արժեքավոր շինանյութ է գրանիտը։ Մեզանում այն օգտագործվում է որպես որմնաքար, շենքերի արտաքին և ներքին երեսպատման համար և քանդակագործության մեջ։ Տարածված է Սյունիքի և Լոռու մարզերում։

Հրաբխային ապարաշերտերում լայն տարածում ունեն օբսիդիանն ու պեռլիտը։ Օբսիդիանը ապակենման, բազմերանգ լեռնային ապար է, որին անվանում են նաև «սատանի եղունգ»։ Օբսիդիանից պատրաստում են զանազան իրեր՝ զարդեր, հուշանվերներ և այլն։ Այն կարող եք տեսնել Երևան-Սևան ավտոմայրուղու որոշ հատվածներում:

Պեռլիտը արտաքուստ նման է օբսիդիանին և հանդես է գալիս ավազի ու խճի տե սքով։ Այն հեշտությամբ ենթարկվում է ջերմային մշակման և տարբեր տեսակի շինարարական իրերի ու հախճապակու արտադրության համար արժեքավոր հումք է։ Արդյունաբերական պաշարները կուտակված են Արագածի (Թալինի տարածաշրջան) հանքավայրում։

ՀՀ-ն ունի կրաքարի հարուստ պաշարներ։ Կրաքարից ստանում են ցեմենտ, մետաղաձուլության մեջ օգտագործվում է որպես բովախառնուրդ (ֆլյուս), իսկ քիմիական արդյունաբերության մեջ՝ որպես կալցիումի կարբիդի արտադրության հումք և այլն։

Հանրապետության ոչ մետաղային օգտակար հանածոներից նշանակալից են նաև կերակրի աղի, ֆոսֆորիտների ու կավերի պաշարները։ Կերակրի աղի շատ մեծ պաշարներ կան Երևան-Արմավիր գոտում։ Կերակրի աղն օգտագործվում է ոչ միայն սննդի արդյունաբերության մեջ և կենցաղում, այլև քիմիական արդյունաբերության մեջ՝ քլորային տարբեր միացություններ ստանալու համար։

ՀՀ-ն հարուստ է հանքային ջրերի աղբյուրներով։ Դրանք տարածված են երկրակեղևի խորքային բեկվածքներին հարող տարածքներում, գազերով հագեցած տաք կամ սառը աղբյուրների ձևով։ Մեր երկրում կա հանքային ջրերի շուրջ \(700\) աղբյուր։ Հատկապես նշանավոր են Ջերմուկի, Արզնու, Բջնիի, Դիլիջանի, Հանքավանի հանքային աղբյուրները։ Դրանցից մի քանիսի մոտ կառուցվել են խոշոր առողջարաններ։
 
Untitled111.png 
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 34-38
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006