Տեսություն

ՀՀ երկրաբանական հիմքը
ՀՀ տարածքը անցել է երկրաբանական ձևավորման բարդ ուղի և աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով:
 
1. ՀՀ տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի կենտրոնական գոտում՝ Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման (կոլիզիայի) գոտում: Արաբական սալի շարժումը դեպի հյուսիս \(18±2\) մմ/տարի միջին արագությամբ բերում է երկրակեղևի դեֆորմացիաների, որոնք ուղեկցվում են նրա բեկորների բաժանմամբ, երկրաշարժերով և հրաբխային ակտիվությամբ:
 
2. ՀՀ ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանել է ալպյան լեռնակազմությանը: Պլիոցենից սկսած (մոտ \(7\) մլն տարի առաջ)՝ ՀՀ տարածքը բարձրանալով վերջնականապես վերածվում է ցամաքի: Տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ:
 
3. Առանձնահատկություն է նաև այն, որ մեր ընդամենը մոտ \(30\) հազ. կմ² տարածքում կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային ապարներից (ավելի քան \(0.5\) մլրդ տարեկան) մինչև անթրոպոգենի (սկսվել է մոտ \(2-2.5\) մլն տարի առաջ) հրաբխային ու լճագետային գոյացումները (տես ՀՀ երկրաբանական քարտեզը):
 
4. Երկրաբանական հիմքի մեծ բազմազանության արդյունքում ՀՀ-ում տարածված են վառելիքային, նստվածքային օրգանական, նստվածքային անօրգանական և փոխակերպային ծագման զանազան օգտակար հանածոներ:
 
Без имени-3.jpg
 
Լրացուցիչ նյութ հետաքրքրասերին
Մինչքեմբրի փոխակերպային ապարները ՀՀ տարածքում կարելի է տեսնել Ծաղկունյաց լեռների, Լոռու, Տավուշի հատվածներում:
 
Վերին պալեոզոյան (մոտ \(540\) մլն տարի առաջ) ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ-արևմուտքում. ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով:

Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները (սկսվել է մոտ \(250\) մլն տարի առաջ) տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի հատվածներում. ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Իջևանում յուրայի (\(200\) մլն տարի առաջ) հասակի նստվածքները պարունակում են ածուխ: Տրիասի (մոտ \(250\) մլն տարի առաջ)   նստվածքները տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նտվածքներով:
 
Վերին կավճի (մոտ \(145\) մլն տարի առաջ) նստվածքները տարածված են Ալավերդու, Կապանի, Բազում-Զանգեզուրի մերձարաքսյան գոտիներում. ներկայացված են կարբոնատային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ: Վերին կավճի ժամանակ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արդյունքում ողջ Հայաստանի տարածքը ծածկվել է ծովով:
 
1-07.png

Կայնոզոյան գոյացումները (Կայնոզոյը սկսվել է մոտ \(65\) մլն տարի առաջ) տարածված են առավելապես ՀՀ կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի): Պալեոգենի ծովային նստվածքները (\(65\)-ից \(23\) մլն տարի հնության) լայն տարածում ունեն ՀՀ հարավային և հարավ-արևմտյան, իսկ հրաբխածին և հրաբխածին նստվածքային ապարները՝ հյուսիսային և արևելյան շրջաններում։

Նեոգենի գոյացումները (\(23\) մլն-ից \(2,5\) մլն տարի առաջ) ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով և տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով, ինչպես նաև  Հրազդան և Ազատ գետերի միջագետքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում:
 
Նեոգենի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդերը:
 
Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) – հոլոցեն ժամանակահատվածում ՀՀ տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային ժայթքումները զբաղեցնում են ՀՀ տարածքի մոտ \(1/3\)-ը: Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է: Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները:
ՀՀ տարածքը լինելով Հայկական լեռնաշխարհի մի մասը՝ ակտիվ երկրաշարժային գոտի է:
 
Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ.թ.ա. \(550\) թ-ին Արարատ լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը: 

Վայոց ձորի \(735\) թ-ի \(9\) բալ ուժգնության երկրաշարժի մասին հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը:

\(1319\) թ-ի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը:

Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին \(1988\)-ի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում:
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 34-38
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009