Տեսություն

ՀՀ տարածքի մակերևույթի հիմնական գծերը
ՀՀ տարածքի մակերևույթի հիմնական առանձնահատկություններից են.
 
1. ՀՀ տարածքն առանձնանում է հարևան տարածքների նկատմամբ ավելի բարձր դիրքով։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից հասնում է \(1800\) մ-ի։
 
2. ՀՀ-ում բացակայում են դաշտավայրերը, քանի որ տարածքի ամենացածր կետերը գտնվում են ծայր հարավ-արևելքում՝ Արաքսի հովտում՝ \(375\) մ բարձրության վրա, և ծայր հյուսիսում՝ Դեբեդ գետի հովտում՝ գրեթե նույն բարձրության վրա։
 
3. ՀՀ ամենաբարձր կետը Արագածի լեռնագագաթն է (\(4090\) մ)։ Այսպիսով, հանրապետության տարածքի առավելագույն և նվազագույն բացարձակ բարձրությունների տարբերությունն անցնում է \(3700\) մ-ից։
 
spec.jpg

4. ՀՀ տարածքի \(82\) %-ը զբաղեցնում են լեռները, մնացած \(18\) %-ը՝ հարթավայրերը։
 
5. ՀՀ-ում մարդու տնտեսական գործունեության համար նպաստավոր են մինչև \(2500\) մ բարձրություն ունեցող տարածքները։
Դրանք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան \(2/3\)-ը։ Դրանից ավելի բարձր տարածքի բնակլիմայական պայմանները մարդկանց մշտական բնակության և տնտեսական գործունեության համար պակաս նպաստավոր են։
 
Գյուղատնտեսության համար առավել բարենպաստ պայմանները ծովի մակարդակից մինչև \(1000\) մ բարձրության տարածքներում են, որոնք կազմում են հանրապետության ընդհանուր մակերեսի ոչ ավելի, քան \(10\) %-ը։
 
ՀՀ տարածքը բաժանում են չորս լեռնագրական մարզի.

1) հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների,
2) հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների,
3) հրաբխային լեռնավահանների և սարավանդների,
4) միջինարաքսյան գոգավորության։
 
Այս մարզերի տեղաբաշխումը հեշտությամբ հիշելու համար անհրաժեշտ է ՀՀ տարածքի հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք անցկացնել անկյունագիծ: Այդ անկյունագծի երկայնքով ձգվում են հրաբխային ծագման կառույցները, որոնք զբաղեցնում մեր տարածքի գրեթե \(1/3\)-ը:
 
Անկյունագծից հյուսիս-արևելք Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզն է, հարավ-արևմուտք՝ Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների ու միջլեռնային գոգավորությունների մարզը, իսկ Արարատյան դաշտի տարածքը կազմում է՝ Միջինարաքսյան գոգավորության հայաստանյան հատվածը:
 
map.jpg
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 39-42
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009