Տեսություն

Երկրաբանական առանձնահատկությունները
Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի յուրատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):
Ավելի մանրամասն Երկրագնդի երկրաբանական ժամանակագրությանը և տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձություններին ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել ստորև բերվող աղյուսակը` որպես լրացուցիչ նյութ հետաքրքրասերին:
1-07.png
Հայկական լեռնաշխարհը ըն­կած է Եվրասիայի տարածքում Պիրենեյան թերակղզուց մինչև Հնդկաչին թերակղզի ձգվող Ալպ-Հիմալայան լեռնային գոտու գրեթե կենտրոնական մասում: 
Միլիոնավոր տարիներ առաջ, երբ ժամանակակից մայրցամաքները դեռ վերջնականապես չէին բաժանվել և ձևավորվել որպես առանձին մայրցամաքներ, Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի տե­ղում եղել է նույնանուն գեոսինկլինալային իջվածքը, որտեղ տարածվել է Թետիս օվկիանոսը։ Ինչը նշանակում է, որ ժամանակակից Հայկական լեռնաշխարհի տեղում օվկիանոս է տարածվել:
Գեոսինկլինալները (երկրածալքերը) երկրակեղևի ընդարձակ անկյուն, խզված, անհարթ մակերևույթով շարժունակ տեղամասեր են, որտեղ չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները, հաճախ են հրաբուխներն ու երկրաշարժերը:
Պլատֆորմները (հարթակները) երկրակեղևի ընդարձակ հարթ, ամուր և կայուն  հիմքով տեղամասեր են, ուր լեռնակազմական գործընթացները ավարտվել են և հրաբուխների ժայթքումներ կամ երկրաշարժեր չեն դիտվում:
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ \(25-30\) մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարու­նակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) և Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը։
Ստեփանոս Օրբելյանը \(735\)թ-ին Վայոց ձորում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին գրում է.
Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր: Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ: Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր:
Միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված Հայկական լեռնաշխարհի ժամանակակից բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ և մի շարք առանձնահատկություններով, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերվող գծապատկերից.
Untitled.png1.png
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 8-15
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան բն,  Երևան  2009