Տեսություն

Հայկական լեռնաշխարհի կլիմայական առանձնահատկությունները
Որևէ տարածքի կլիման հասկանալու համար նախ անհրաժեշտ է վերհիշել երկու կարևորագույն հասկացությունները` եղանակը և կլիման, ինչպես նաև դրանց տարբերությունները: Երբ մենք խոսում ենք այս պահին դիտվող ջերմաստիճանի, տեղումների, ճնշման և մթնոլորտի ստորին շերտի այլ ֆիզիկական ցուցանիշների մասին, ապա քննարկում ենք եղանակը: Սակայն երբեմն մենք կատարում ենք ընդհանրական դիտարկումներ այն մասին, թե ինչպիսի եղանակային պայմաններ են բնորոշ որևէ տարածքի, օրինակ` ամռանը կամ աշնանը: Այդպիսի դատողությունները վերաբերում են կլիմա հասկացությանը:
Եղանակը մթնոլորտի ստորին շերտի ֆիզիկական վիճակն է տվյալ պահին, տվյալ վայրում, իսկ կլիման՝ տվյալ վայրում դիտվող միանման եղանակների բազմամյա կրկնությունը:
Հայկական լեռնաշխարհի կլիման տարբեր հատվածներում տարվա տարբեր եղանակներին աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանցից առավել կարևոր են.
 
1)  աշխարհագրական դիրքը
2)  մթնոլորտի շրջանառության առանձնահատկությունները
3)  մակերևույթի բնույթը
Աշխարհագրական դիրքի ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի կլիմայի վրա
1-02 (2).png12.png
Հայկական լեռնաշխարհի դիրքը տարածաշրջանում
 
Հայկական լեռնաշխարհը ամբողջովին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, որը անցումային կլիմայական գոտի է, հետևաբար այստեղ որևէ օդային զանգված չի ձևավորվում, իսկ արևի կողմից ստացվող լույսն ու ջերմությունը տարվա ընթացքում զգալիորեն տատանվում են:
 
1. Այս ամենի պատճառով լավ արտահայտված են տարվա չորս եղանակները։ Ընդ որում, ամառները շոգ են, քանի որ Արեգակի ճառագայթների անկման անկյունը հունիսի \(22\)-ին հասնում է տվյալ լայնությունների համար առավելագույնին և լեռնաշխարհի հյուսիսային ու հարավային եզրերում կազմում է համապատասխանաբար \(72°\) և \(77°\), իսկ ձմեռները ցուրտ են, քանի որ այդ անկյունը դեկտեմբերի \(22\)-ին նվազում է, կազմելով՝ համապատասխանաբար \(25°\) և \(30°\):
Արևադարձերի օրերին՝ հունիսի \(22\)-ին և դեկտեմբերի \(22\)-ին, Արեգակի ճառագայթների անկման անկյունը Երկրագնդի մակերևույթի որևէ կետում հաշվում են \(r=90-(а±23.5)\), իսկ գիշերահավասարի օրերին՝ մարտի \(21\)-ին և սեպտեմբերի \(23\)-ին՝ \(r=90-a\) բանաձևերով, որտեղ \(а\)-ն տվյալ կետի աշխարհագրական լայնությունն է, իսկ \(r\)-ը՝ ճառագայթների անկման անկյունը։

2. Արեգակի բարձրության նման փոփոխությունների պատճառով էլ ամռա­նը ցերեկվա տևողությունը լեռնաշխարհում հասնում է \(15-16\) ժամի, իսկ ձմռանն այն նվազում է մինչև \(9\) ժամ։

 

Ուշադրություն
Աշխարհագրական դիրքի մյուս առանձնահատկություններից են Սև, Միջերկրական և Կասպից ծովերի, ինչպես նաև Արաբական և Իրանական անապատների մերձությունը:

3. Ծովերը Հայկական լեռնաշխարհի հատկապես եզրային հատվածների կլիմայի վրա թողնում են մեղմացնող ազդեցություն և ապահովում են այս հատվածներում խոնավության զգալի քանակ (Սև ծովի հարավային ափերին մինչև \(3000\) մմ, ինչը Արարատյան դաշտի ցուցանիշից մոտ \(10\) անգամ ավել է), իսկ անապատների մերձությունը՝ ընդհակառակը, չորացնում է կլիման և ապահովում ավելի խիստ պայմաններ (այդ թվում երաշտներ):

Մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկությունները Հայկական լեռնաշխարհում

Քանի որ Հայկական լեռնաշխարհը գտնվում է անցումային կլիմայական գոտու սահմաններում` հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում, այստեղ տարվա ընթացքում միմյանց հերթափոխում են բարեխառն, արևադարձային (հիմնականում ամռան ամիսներին) և երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները (հիմնականում ձմռան ամիսներին)։

  

1. Գարնանը և աշնանը բարեխառն օդային զանգվածները Հայկական լեռնաշխարհ են թափան­ցում հիմնականում արևմուտքից (արևմտյան հոսք)՝ բերելով խոնավություն և համեմատաբար մեղմ եղանակներ։ Դրանք, անցնելով Միջերկրական և Սև ծովերի տաք ջրերի վրայով, առատ տեղումներ են բերում Արևելապոնտական լեռների դեպի հյուսիս նայող լանջերին (\(2000-3000\) մմ), որոնք «դիմավորում» են խոնավ օդային զանգվածները, «քամում» դրանք և նվազեցնում Միջնաշխարհում թափվող տեղումների քանակը, ինչի պատճառով Հայկական լեռնաշխարհում ընդհանուր առմամբ տեղումներն առատ չեն։

 

Միջնաշխարհը տարեկան միջին հաշվով ստանում է \(400-500\) մմ տեղումներ, իսկ դրա ցածրադիր գոգավորությունները (Արարատյան, Ուրմիայի և այլն)՝ \(300\) մմ-ից էլ պակաս, ինչը արդեն կիսաանապատներին և անապատներին բնորոշ ցուցանիշ է։

 

Ուշադրություն
Հայկական լեռնաշխարհում ընդհանուր օրինաչափություն է արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ տեղումների քանակի նվազումը և եզրային լեռնահամակարգերի արտաքին՝ հողմակողմ լանջերին տեղումների ավելի մեծ քանակը, քան Միջնաշխարհի ներքին լանջերին։

2. Ամառային ամիսներին հարավից լեռնաշխարհ են թափանցում արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, որոնք, անցնելով Արաբական և Իրանական անապատների տարածքով ոչ միայն կուտակում են շատ ջերմություն, այլև բավական փոշոտ են, ինչի պատճառով ամռան ամիսներին ցածրադիր գոգավորություններում հաստատվում է երաշտային՝ չոր ու շոգ եղանակ (ջերմաստիճանները երբեմն \(+40°\)-ից բարձր) և փոշոտվածության պատճառով կտրուկ նվազում է նաև օդի թափանցելիությունը (Երևանի բարձրադիր հատվածներից քաղաքին նայելիս թվում է, թե քաղաքը մշուշի մեջ է)։

  

3. Ձմռան ամիսներին հյուսիսից մեր լեռնաշխարհ են թափանցում դարձյալ բարեխառն և երբեմն նաև արկտիկական օդային զանգվածները, որոնք կարող են նաև պատճառ դառնալ վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների։

 

Միջնաշխարհում ձմեռը երկարատև է և ձյունառատ։ Ձյան շերտի հաստությունը աճելով՝ բարձր լեռների գագաթամերձ մասերում հասնում է \(2\) մ-ի։

 

Բարեխառն օդային զանգվածների նման գերակշռությունը երբեմն ձևավորում է այն սխալ կարծիքը, որ Հայկական լեռնաշխարհը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, սակայն պետք է հիշել, որ իրականում այն մերձարևադարձային գոտում է:
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 16-18
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009