Տեսություն

Ռելիեֆի ազդեցությունը Հայկական լեռնաշխարհի կլիմայի վրա

Հայկական լեռնաշխարհում կլիմայական տարբերություններ առաջացնող տեղական ամենակարևոր գործոնը լեռնային բարդ ռելիեֆն է։ Տարածքի բարձր դիրքը (Հայկական լեռնաշխարհի միջին բարձրությունը ծովի մակարդակից \(1800\) մ է), միջլեռնային գոգավորությունների առկայությունը և լեռնալանջերի կողմնադրությունը մեծ ազդեցություն են թողնում լեռնաշխարհի առանձին հատվածների կլիմայի վրա։

 

1. Ինչպես արդեն գիտենք, եզրային լեռնաշղթաները թույլ չեն տալիս խոնավ օդային զանգվածներին ազատ ներթափանցել Միջնաշխարհ, սակայն լեռների միջև առկա խոշոր հովիտները (միջլեռնային գոգավորությունները) դառնում են միջանցքներ, որոնք ուղղորդում են օդային զանգվածներին։

Օրինակ
Կասպից ծովից եկող խոնավ օդային զանգվածներն Աղստև գետի հովտով հասնում են Վանաձոր (Լոռու մարզ), առաջացնում տեղումներ և մեղմացնում են կլիման։
climate-graph-w401.png
 

ՀՀ ֆիզիկական քարտեզից ակնհայտ երևում է այն ուղին, որով խոնավ օդային զանգվածները Աղստևի հովտով անարգել հասնում են Վանաձոր և հարակից տարածքներ

 

Ընդհանուր առմամբ ՀՀ հյուսիս-արևելքում լեռնաշղթաների ձգվածությունը թույլ է տալիս հյուսիս-արևելքից եկող խոնավ օդային զանգվածներին ներխուժել տարածքի խորքերը: Նույն երևույթը կատարվում է Ճորոխի և Սևծովյան ավազանի գետահովիտների միջին և վերին մասերում։


2. Լեռնային ռելիեֆի պատճառով լեռնաշխարհում արտահայտված է նաև վերընթաց գոտիականությունը, որի շնորհիվ կլիման փոփոխվում է ոչ միայն եզրային հատվածներից դեպի Միջնաշխարհ, այլև վերընթաց ուղղությամբ: Գլխավոր օրինաչափությունը ջերմաստիճանի \(5°–6°-\)ով անկումն է յուրաքանչյուր \(1000\) մ բարձրանալիս։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև \(3000-3400 \)մ բարձրություններում դրական է, իսկ դրանից բարձր՝ բացասական։

Օրինակ
Արարատ և Արագած լեռնագագաթներին այն կազմում է \(-2° -6°\)

3. Լեռների կատարային մասերում՝ \(4200\) մ-ից սկսած, ձյունը պահպանվում է ամբողջ տարին։ Հետևաբար, հենց այդ նիշն է հանդիսանում Հայկական լեռնաշխարհի Ձյան գիծ:

  

4. Լեռնային ռելիեֆը և միջլեռնային գոգավորությունների առկայությունը տարվա ցուրտ ժամանակահատվածում առաջացնում են ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա)։

 

Տարվա ցուրտ եղանակին լեռների բարձրադիր հատվածներում օդը կտրուկ սառչում է, ծանրանում և լանջերով իջնում դեպի գոգավորությունների հատակ, որտեղից դուրս է մղում համեմատաբար ավելի տաք և հետևաբար թեթև օդը, որը ուղղահայաց բարձրանալով՝ կուտակվում է սառը օդի շերտի վրա և առաջացնում մառախուղի նմանվող երևույթ։ Արդյունքում օդի ջերմաստիճանը ցածրադիր տարածքում լինում է ավելի ցածր, քան դրանից վեր գոտում, ինչը և ստացել է ջերմաստիճանային շրջադասություն անվանումը:

 

Բարձրադիր գոգավորություններում (Կարսի, Աշոցքի) օդի ջերմաստիճանը երբեմն կարող է իջնել \(-40°\)-ից ցածր։

 

5. Արևափայլի տևողությունը (տարվա ընթացքում անամպ ժամերի գումարը) մեծ է Միջնաշխարհում և տարեկան կազմում է \(2600-2800\) ժամ, իսկ եզրային լեռնաշղթաների արտաքին լանջերին ամպամածության մեծացման պատճառով այն փոքրանում է։

 

6. Լեռնային ռելիեֆի պայմաններում Արեգակի ճառագայթման ուժգնությունը (ինտենսիվությունը) լեռների բարձրադիր մասում ավելի մեծ է։ Անցնելով օդի շերտերով՝ ճառագայթ­ների մի մասը կլանվում է ջրային գոլորշիների, փոշու մասնիկների կողմից։ Այդ պատճառով ճառագայթման ինտենսիվությունը, օրինակ, Արարատի, Սիփանի \(3000\) մ բարձրություններում հավասար է \(1,6-1,7\) կկալ/սմ², իսկ Սև ծովի ափին՝ \(1,2-1,3\) կկալ/սմ²։

 

Հայկական լեռնաշխարհում ամենատաք ամիսը հուլիսն է։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը ամենացածր դաշտերում հասնում է \(25–30°\), միջին բարձրության լեռնային գոտում՝ \(15°–20°\), բարձր լեռնային գոտում՝ \(5°–10°\)։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Ուրմիա լճի ավազանում (Թավրիզում՝ \(+\)\(46°\))։ Օդի ջերմաստիճանների տատանման լայնույթն (առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը) անցնում է \(90°\)-ից։ Վերջինս լեռնաշխարհի կլիմայի ցամաքայնությունը հաստատող հիմնական ցուցանիշն է։

 
Որևէ վայրի կլիմայական առանձնահատկությունների մասին կարելի է պատկերացում կազմել ջերմաստիճանի և տեղումների արժեքների հիման վրա կառուցված գծապատկերի միջոցով, որը կոչվում է կլիմագրամ:
 
0-131.png
 
0-121.png
 

Հայկական լեռնաշխարհում, ցրտահարություններից բացի, մարդու գործունեությանը մեծ վնասներ են հասցնում կարկուտները, գարնանային ձնհալքերից ու տեղատարափ անձրևներից առաջացող սելավները։


Հայկական լեռնաշխարհում առաջանում են նաև տարբեր տեղական քամիներ, որոնցից հաճախ են հանդիպում բրիզները, լեռնահովտային և ֆյոն քամիները:

Լճերի և խոշոր գետերի ափամերձ տարածքներում հանդիպող, օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող (ցերեկները ջրից ցամաք, իսկ գիշերները՝ ցամաքից ջրային տարածք փչող) քամիները կոչվում են բրիզ:
Հիմնականում տարվա տաք եղանակներին հանդիպող, լեռների և հարակից գոգավորությունների միջև ձևավորվող, օրական երկու անգամ ուղղությունը փոխող (օրվա առաջին կեսին ստորոտից գագաթ, իսկ երկրորդ կեսին հակառակ ուղղությամբ փչող) քամիները կոչվում են լեռնահովտային:
Միևնույն լեռնաշղթաների տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշման մեծ տարբերությունների արդյունքում առաջացող չոր և տաք քամիները, որոնք մեծ արագությամբ իջնում են գագաթային հատվածներից դեպի լեռնահովիտներ կոչվում են ֆյոն:
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 16-18
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
http://img0.liveinternet.ru/images/attach/c/6/90/721/90721440_ArmeniaKarabakh49.jpg
https://www.youtube.com/watch?v=T_U3TXHBt-0
https://images.climate-data.org/location/610/climate-graph.png
https://images.climate-data.org/location/11514/climate-graph.png