Տեսություն

Գետային ցանցի խտության որոշում
Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:
Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:
Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին:
Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:
Գետի անկման և թեքության որոշում
Հայտնի է, որ գետերը հոսում են ծանրության ուժի ազդեցությամբ բարձր վայրերից դեպի ցածր վայրեր: Հետևաբար, նրանք կատարում են անկում: Որքան մեծ է գետի չափվող հատվածի սկզբնակետի և վերջնակետի բացարձակ բարձրությունների տարբերությունը, այնքան մեծ է գետի անկումը: Քանի որ ամբողջական գետի համար սկզբնակետը ակունքն է, իսկ վերջնակետը՝ գետաբերանը, ապա գետի անկման որոշման համար պետք է իմանալ, թե ինչ բարձրությունից է սկիզբ առնում գետը և որ բարձրության վրա է թափվում մեկ այլ ջրային ավազանի մեջ կամ վերջանում գետը:
Գետի անկումը գետի ակունքի բացարձակ բարձրության և գետաբերանի բացարձակ բարձրության տարբերությունն է:
Գետի անկումն իմանալով` կարելի է պատկերացում կազմել նրա բնույթի մասին. լեռնային է այն, թե՞ հարթավայրային, ի՞նչն ունի տնտեսական մեծ կարևորություն: Սակայն էլ ավելի կարևոր ցուցանիշ է դառնում գետի թեքությունը:
Գետի թեքությունը անկման հարաբերությունն է երկարությանը:
Տվյալ ցուցանիշը ցույց է տալիս միավոր տարածության վրա (\(1\) կմ) ինչքան անկում է կատարում գետը: Այն թույլ է տալիս գնահատել ոչ միայն ռելիեֆի առանձնահատկությունները գետավազանի հատվածում, այլև կատարել տնտեսական հաշվարկներ կապված գետի էներգետիկ պոտենցիալի, էռոզիոն գործընթացների և այլնի հետ: Որքան մեծ է թեքությունը, այնքան գետի էներգետիկ պոտենցիալը կարող է մեծ լինել (կարևոր է նաև տեղափոխվող ջրի ծավալը և դրա սեզոնային փոփոխությունները):
Գետի ծախսի որոշումը
Գետի հունով մշտապես հոսում է որոշակի քանակի ջուր (հակառակ դեպքում այն գետ չի կոչվի): Հաճախ գետի տնտեսական ադրյունավետության և օգտագործման ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է լինում գնահատել, թե որքան է տարբեր հատվածներում հոսող ջրի ծավալը միավոր ժամանակահատվածում: Այդ նպատակով ներմուծվել է գետի ծախս հասկացությունը՝ \(Q\):
Գետի ծախսը մեկ վայրկյանում կենդանի կտրվածքով անցնող ջրի քանակն է:
 
Այն որոշելու համար անհրաժեշտ է իմանալ ինչպես գետի կենդանի կտրվածքի մակերեսը՝ \(S\), այնպես էլ գետի հոսքի արագությունը՝ \(V\) և բազմապատկել այդ երկու ցուցանիշը իրար. \(Q=S*V\)
 
Գետի կենդանի (լայնական) կտրվածքը մի ափից մյուսը, հոսքի ուղղությանը ուղղահայաց արված կտրվածքն է:
 
Masrik storin.png 
  
Մասրիկ գետի ստորին հոսանքի հատվածի կենդանի կտրվածքը (չափումները՝ Վ.Լ . Ասատրյանի)
 
Ընդունված է գետի կենդանի կտրվածքը որոշելու համար օգտագործել ուղղանկյան մակերեսի որոշման բանաձևը՝ երկարություն*բարձրություն, որը գետի համար ձևափոխվում է որպես միջին խորություն*լայնություն: Երբեմն գետի կենդանի կտրվածքը կարող է ավելի նման լինել եռանկյան: Այդ դեպքում նրա մակերեսը կարելի է որոշել \(1/2\)*միջին խորություն*լայնություն բանաձևով, սակայն, եթե այդ առանձնահատկության մասին հիշատակում խնդրի պայմանում չկա, կիրառվում է ուղղանկյան մակերեսի որոշման բանաձևը:
 
Sotq verin.png
 
Սոթք գետի վերին հոսանքի հատվածի կենդանի կտրվածքը (չափումները՝ Վ. Լ. Ասատրյանի)