Տեսություն

Ջրագրական ցանցը
Ջրագրական ցանցը որևէ տարածքի ներքին ջրերի (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, ճահիճներ և այլն) ամբողջությունն է:
Քանի որ Հայկական լեռնաշխարհի կլիման եզրային և ներքին շրջաններում զգալիորեն տարբերվում է, ջրագրական ցանցը նույնպես ամենուրեք նույնչափ զարգացած չէ: Մասնավորապես, Միջնաշխարհում կլիմայի ցամաքայնության (չորայնության) պատճառով ջրագրական ցանցը թույլ է զարգացած։ Այդուհանդերձ, այստեղ նույնպես շատ են արագահոս լեռնային գետերը և գեղատեսիլ լճերը: Միջլեռնային գոգավորությունների, ինչպես նաև լեռնավահանների ու սարավանդների տարածքում էլ կուտակված են ստորերկրյա ջրեր։
Գետերը
Հայկական լեռնաշխարհը ջրբաժան է Կասպից և Սև ծովերի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանների միջև։ Հետևաբար, Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող գետերը թափվում են հենց այդ ջրավազանների, իսկ գետերի մի մասն էլ՝ լճերի մեջ: Այդպիսի գետերը պատկանում են ներքին ավազանին
 
Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Հարավարևմտյան Ասիայի (Առաջավոր Ասիա) նշանավոր գետերից Եփրատը, Տիգրիսը և Արաքսը, որոնց ակունքները լեռնաշխարհի կենտրոնական հատվածում մոտենում են միմյանց։ Այսպիսով, գետերի ուսումնասիրությունը առավել հեշտ դարձնելու համար բաժանենք դրանք ըստ ավազանների.
 
Mijlernayin2.png
Պարսից ծոցի ավազան
Եփրատն ու Տիգրիսը պատկանում են Պարսից ծոցի ավազանին։ Եփրատը կազմավորվում է Արևմտյան Եփրատի և Արևելյան Եփրատի (Արածանու) միախառնումից։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Ծաղկավետ լեռներից և, հատելով Կարնո, Աշկալայի, Դերջանի, Երզնկայի ու Կամախի դաշտերը, առաջացնում է Ակն խոր կիրճը և ապա դուրս գալիս Խարբերդի դաշտ։ Արածանիի հետ միացման հատվածում կառուցվել է Քեբանի ջրամբարը և Աթաթուրքի անվան հզոր էլեկտրակայանը:

Արածանին սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային լանջերից։ Ալաշկերտի մոտ նրան է միախառնվում Բագրևանդ վտակը։ Մինչև Խարբերդի դաշտում Արևմտյան Եփրատին միանալը գետն անցնում է Ալաշկերտի, Մանազկերտի, Մշո, Ճապաղջրի, Բալահովտի դաշտերով և դրանց միջև գտնվող խոր կիրճերով։ Արածանու ջրերը հազարամյակներ շարունակ օգտագործվել են այդ դաշտերի ոռոգման համար։
 
Mijlernayin.png

Երկու վտակների միախառնվելուց հետո Եփրատը անցնում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան և, առաջացնելով ավելի քան \(300\) սահանք ու ջրվեժ, դուրս է գալիս Միջագետքի հարթավայր։

Տիգրիսը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից և ձևավորվում է Արևմտյան և Արևելյան Տիգրիս վտակների միախառնումից։ Այն, սնվելով Հայկական Տավրոսի միջին և բարձր գոտու առատ տեղումներից, Եփրատի համեմատ ավելի ջրառատ է։ Միջագետքի հարթավայրում այն միանում է Եփրատին և կազմում Շաթ-էլ-Արաբ գետը։
Կասպից ծովի ավազան
Կասպից ծովի ավազանի նշանավոր գետերն են Արաքսը և Կուրը։ Արաքսը կոչել են «հայոց մայր գետ»։ Սկիզբ առնելով Բյուրակնի լեռնազանգվածի լճակներից՝ Արաքսը հոսում է հյուսիս-արևելք և, ճեղքելով Հայկական Պար լեռնաշղթան, մտնում է Բասենի դաշտ։ Այնուհետև, հոսելով Կաղզվանի ոչ լայն դաշտում առաջացրած \(1000\) մ խորությամբ կիրճով, գալարուն հունով մտնում է Արարատյան դաշտ, որից էլ՝ Նախիջևանի դաշտ։ Մեղրու կիրճում սահանքներ առաջացնելուց հետո գետը հասնում է Կուր-Արաքսյան դաշտավայր և, ակունքից սկսած, \(1072\) կմ թափառելուց հետո միանում է Կուրին։
 
Քանի որ Արաքսը հիմնականում հոսում է ներքին տարածքներով, որտեղ կլիման ցամաքային է, այն մեծ քանակի կոշտ նյութ է լվանում ափերից և տեղափոխում դեպի ավելի ցածրադիր դաշտեր: Այսպես, Արաքսի կողմից տեղափոխվող կոշտ նյութը (բերուկները) պատճառ է դարձել, որ գետն Արարատյան դաշտում փոխի իր հունը։ Արգիշտիխինիլի, Արմավիր և Արտաշատ պատմական քաղաքները կառուցված են եղել Արաքսի ափերին, սակայն հունի փոփոխությունից հետո բնակչությունը հեռացել է այդ քաղաքներից։ Այդ նույն պատճառով Արաքս գետի հորդացումներն ու վարարումները բավական վտանգավոր են և հաճախ հանգեցնում են նրա վրա կառուցված կամուրջների վնասման, ինչի համար ժողովուրդը գետին ասել է «կամուրջներ չհանդուրժող»:
 
Արաքսը, ինչպես և Եփրատը, համարվում է դրախտի չորս գետերից մեկը (Գեհոն)։ Արաքսի նշանավոր վտակներն են Ախուրյանը (ամենաերկար գետը ՀՀ-ում), Հրազդանը (միակ գետը, որ սկիզբ է առնում Սևանա լճից), Որոտանը (Սյունիքի մարզի խոշորագույն գետը), Մակուն (որի ավազանում է նաև Ավարայրի դաշտը), Սևջուրը (ՀՀ երկու ամենաջրառատ գետերից մեկը)։
 
Մովսես Խորենացին վկայում է, որ Երասխ (Արաքս) անունն առաջացել է հայերի անվանադիր նախնու ժառանգներից մեկի՝ Արամայիսի թոռան՝ Երաստի անունից:
  
Կուրը սկիզբ է առնում Կող բարձր լեռնային գոգավորության ճահիճներից։ Վերին հոսանքում այն գեղատեսիլ կիրճերով լեռնային գետ է։ Ստորին հոսանքում հանդարտ հոսելով՝ իր մեջ է առնում Արաքսը և թափվում է Կասպից ծով։ Կուրի նշանավոր վտակներն են Խրամ (Դեբեդի հետ միասին), Աղստև, Փարվանա և Թարթառ գետերը։
Սև ծովի ավազան
Սև ծովի ավազանի գետերը թեպետ հիմնականում ավելի կարճ են, սակայն ունեն ջրաէներգետիկ և տուրիստական մեծ պոտենցիալ:
 
Սև ծովի ավազանին պատկանող գետերից Հայկական լեռնաշխարհում հայտնի է Ճորոխը՝ իր Թորթում և Օլթի վտակներով։ Այս գետերն առաջացրել են խոր կիրճեր, սահանքներ ու ջրվեժներ։ Նշանավոր է Թորթում գետի վրա \(40\) մ բարձրությամբ համանուն գեղատեսիլ ջրվեժը։
 
ոո.jpg
Թորթումի ջրվեժը
դդ.jpg
Բերկրիի ջրվեժը
 
Հայկական լեռնաշխարհի գետերի սնման ռեժիմը (աղբյուրները) խառն է։ Հիմնականում սնվում են ձնհալքի, անձրևների և մասամբ ստորգետնյա ջրերով։ Հորդացումները տեղի են ունենում գարնանը և աշնանը։ Ամռանը և ձմռանը գետերում ջրի քանակը կտրուկ նվազում է։ Միջնաշխարհի (հատկապես Ուրմիա լճի ավազանի) կարճ, սակավաջուր գետերն ամռանը հիմնականում ցամաքում են։ 
Լճերը
Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Լեռնաշխարհում առավել տարածված են տեկտոնական, տեկտոնահրաբխային, հրաբխային և սառցադաշտային ծագման լճերը։

1. Մինչև \(20\)-րդ դարի \(80\)-ական թթ. տեկտոնական ծագման ամենամեծ լիճը Ուրմիան էր (հնում կոչվում էր Կապուտան ծով)։ Լճի մակերեսը այդ ժամանակ \(5,8\) հազ. կմ² էր, առավելագույն խորությունը՝ \(15\) մ։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից (լճի հայելու բարձրությունը) \(1275\) մ բարձրության վրա։
 
Ուրմիան անհոսք է (նրանից գետ դուրս չի գալիս), մակարդակի տատանումներն էլ տարվա ընթացքում մեծ են, քանի որ այն բավական ծանծաղ լիճ է։ Գարնանը լճի ջրերը բարձրանալով ծածկում են մոտակա ճահիճներն ու աղուտները, իսկ ամռան վերջին լճի հատակի զգալի մասում բացվում է ձյունաճերմակ աղի շերտը։ Այդ ժամանակ լճի աղիությունը հասնում է \(250\) ‰-ի (\(250\)գ/լիտր)։
 
Լիճ թափվող գետերը ջրառատ չեն։ Համեմատաբար խոշոր են Սալմաստ գետը, Կարմիրջուրը։ Ուրմիա լճում բարձր աղիության պատճառով ձկներ չեն ապրում։
 
Լիճ թափվող գետերի ջրի մեծածավալ օգտագործման հետևանքով խախտվել է լճի ջրային հաշվեկշիռը և լիճը արագ տեմպերով սկսել է ցամաքել (տես նկարը):
 
Urmia_lake_drought.gif
  
Ուրմիա լիճը \(1984-2014\)թ.-ին
  
images (1).jpg
  
Ցամաքող Ուրմիան
                                                  
2. Տեկտոնահրաբխային լճերից խոշորներն են Վանա և Սևանա լճերը (Սևանա լճի մասին տեղեկությունները տես ՀՀ լճերը նյութում)։ Վանա լիճը հնում կոչվել է Տոսպա լիճ, Ռշտունյաց ծով, Նաիրի երկրի ծով և այլ անուններով։ Հյուսիսային մերձափնյա հարթություններին զուգահեռ ձգվում են Ծաղկանց, արևելքից՝ Վասպուրականի լեռները։
 
Երկրաբանական ոչ վաղ անցյալում Վանա լճի տեղում եղել է գոգավորություն, որի մակերևութային ջրերը հոսել են Արածանու հովտով։ Հետագայում Նեմրութի լավաներն արգելափակել են երբեմնի գետի հունը, և առաջացել է ներկայիս Վանա լիճը։ Լճի մակարդակը հաճախակի տատանվել է։ ժամանակին լճի ափին կառուցված Արճեշի բերդի մնացորդներն այժմ կիսով չափ ջրի տակ են։ Դա վկայում է լճի մակարդակի բարձրացման մասին։
 
Վանա լճի հայելին գտնվում է ծովի մակարդակից \(1720\) մ բարձրության վրա, առավելագույն խորությունը \(451\) մ է։ Սա նույնպես անհոսք լիճ է։ Աղիությունը Ուրմիայի համեմատ բավականին փոքր է, կազմում է մոտ \(20\)‰ ։ Լճի մեջ արևելքից և հյուսիս-արևելքից թափվում են Բերկրի, Արճեշ և այլ գետերը։ Վանի միակ «բնակիչը» Վանա տառեխ ձկնատեսակն է։
Վանա լճում կան կղզիներ, որոնցից նշանավոր է Աղթամարը։ Այստեղ է գտնվում հայոց միջնադարյան կոթողներից մեկը՝ \(10\)-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է։
 
Untitled123.png

Տեկտոնահրաբխային լճերի շարքին է դասվում նաև լավային արգելափակման ծագում ունեցող Ծովակ Հյուսիսո (Չըլդր) լիճը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում:
 
Գտնվում է Թուրքիայի Արդահանի նահանգում՝ ՀՀ Շիրակի մարզից հյուսիս-արևմուտք՝ Հայ-Թուրքական պետական սահմանից ոչ հեռու: Հայելու մակերեսը (լճի ջրի մակերեսը) \(85\) քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից \(1959\) մ բարձրության վրա, խորությունը՝ \(42\) մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, որը փակվել է լավային պատնեշով։ Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Սնումը խառն է։ Լիճը ձմռանը սառցակալում է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։
  
3. Միջնաշխարհում շատ են հրաբխային ծագման լճերը։ Դրանք հատկապես շատ են Ախալքալաքի սարահարթում (Փարվանա, Խանչալի, Տաբացկուրի, Սաղամո)։ Փոքր լճեր են առաջացել հրաբուխների խառնարաններում, հնագույն լեռնային սառցադաշտերի առաջացրած գոգավորություններում։

4. Խառնարանային լճերը ձևավորվել են հրաբուխների խառնարաններում և վերևից դիտելիս առանձնահատուկ հմայք են հաղորդում հրաբխային գագաթներին։ Դրանցից ամենամեծը Նեմրութի լիճն է, որն առաջացել է համանուն լեռնագագաթի խառնարանում։
 
645x344-1467317659807.jpg
 
Թուրքիայի կառավարությունը \(2016\) թ-ից քայլեր է ձեռնարկում Նեմրութի խառնարանային լիճը \(UNESCO\)-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար:
 
Խառնարանային լճերը հիմնականում սնվում են մթնոլորտային տեղումներով, իսկ բազմաթիվ փոքր սառցադաշտային լճերը՝ հալոցքային ջրերով։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան  2009
https://d.neoldu.com/gallery/2592_8.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Muradiye_%C5%9Felalesi3.jpg/300px-Muradiye_%C5%9Felalesi3.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/88/Lake_urmia_1984.jpg
http://images.tabrizebidar.ir/news/tabrizebidar139610120959111514874551ir25_300x210.jpg
https://canseideprocurar.files.wordpress.com/2013/02/turquia_lago_van_paisagem.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/ParavaniLake-1-_C.jpg/280px-ParavaniLake-1-_C.jpg
https://3.bp.blogspot.com/-l_SpnuZ4nsE/VtbRJEhD0FI/AAAAAAAAAVc/z6oE_wAqRr8/s320/nemrut%2Bda%25C4%259F%25C4%25B1%2Bbitlis.jpg