Տեսություն

Էներգիան և կենդանի օրգանիզմները

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:

Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր:

Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

070d0fee9ad6664c43c4cb24e6746493.jpg

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։
 
Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։
Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։
 
98add2d97297.gif
 
Կենդանի օրգանիզմներում քիմիական էներգիայի մի մասը փոխակերպվում է էլեկտրական, լուսային, մեխանիկական և ներքին էներգիաների։
Անջատված էներգիայի մյուս մասը ծառայում է օրգանիզմի տաքացմանը կամ արտահոսում է շրջակա միջավայր ջերմության ձևով: Հայտնի են որոշ բակտերիաներ կամ ցամաքային և ծովային կենդանիներ, որոնք էներգիան արձակում են լույսի ձևով:
 
tumblr_mczbp3eOdu1rrvewpo1_500.gif
  
Կատվաձուկը, օձաձուկը և որոշ ձկներ պաշտպանվելու, կողմնորոշվելու նպատակով օգտվում են էլեկտրական պարպումներից:
Այսպիսով, կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:
Տարբեր կենդանի օրգանիզմների միջև նման փոխազդեցությունները կոչվում են սննդային կապեր, որոնց իմացությամբ կազմվում են սննդային շղթաներ:
Օրգանական նյութերի քայքայմանը մասնակցում է օդի թթվածինը: Թթվածնի սակավության դեպքում քայքայման ռեակցիաները դանդաղում են, ուստի պակասում է նաև էներգիան:
 
Ուշադրություն
Թթվածնի պակասը կամ չլինելը կարող է ունենալ վատ հետևանքներ օրգանիզմի համար:
d2a34eb2-95e3-49c4-8476-533091f5f93d.jpg
  
Կարող ենք ասել, որ մեր մոլորակի վրա կյանքը պարտական է Արեգակին և անմիջականորեն կախված է այդ լուսատուից:
Աղբյուրները
  1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.                             
  2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան,Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն