Տեսություն

Ջերմային ընդարձակում
Փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր նյութերը, անկախ իրենց ագրեգատային վիճակից՝ տաքացնելիս ընդարձակվում են: Այս երևույթն անվանում են ջերմային ընդարձակում:  
Ջերմային ընդարձակման ժամանակ մարմնի զանգվածը չի փոխվում, սակայն ծավալը մեծանում է, հետևաբար տաքանալիս նյութի խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս՝ մեծանում։
Գազերի ջերմային ընդարձակումը կարող եք դիտարկել՝ կատարելով նկարում պատկերված փորձը։
 
p-06b-3.gif
 
\(1\)-ին անոթը դրված է սառույցի մեջ, \(2\)-րդը՝ սենյակային ջերմաստիճանում է, \(3\)-րդը՝ տաքացվում է: Ջերմաստիճանի բարձրացման հետ օդը անոթից ռետինե խողովակով անցնում է  \(U\)-աձև խողովակի մեջ, ճնշում է հեղուկի մակերևույթին, ինչի հետևանքով մյուս ծնկում ջրի սյունը բարձրանում է:
 
Անոթի տաքացման ընթացքում նրա մեջ գտնվող օդն ընդարձակվելով զբաղեցնում է ավելի մեծ ծավալ: Հեղուկի ջերմային ընդարձակում կարելի է դիտել հեղուկային ջերմաչափով չափում կատարելիս:
  
exp0603.gif
 
Պինդ մարմինների ջերմային ընդարձակումը կարելի է դիտել, կատարելով փորձ պողպատյա օղակի և գնդիկի միջոցով: 
Օղակի միջով հանգիստ անցնող գնդիկը, որի տրամագիծը միայն չնչին չափով է փոքր օղակի տրամագծից, սպիրտայրոցի վրա տաքացնելուց հետո օղակի անցքի միջով այլևս չի անցնում: Դա վկայում է այն մասին, որ տաքանալիս պինդ մարմինները ևս ընդարձակվում են:
 
87.jpg
 
Ուշադրություն
Ջերմային ընդարձակման երևույթը հաշվի է առնվում տեխնիկայում, շինարարության մեջ և կենցաղում։
Օրինակ
1) Երկաթուղային գծերի կցման տեղում թողնում են փոքրիկ արանքներ, որպեսզի ամռանը տաքանալու հետևանքով գծերը չքանդվեն։
 
2) Կամրջի տարբեր մասերը միմյանց ամրացնում են ոչ թե կոշտ միացումներով, այլ հատուկ ճկուն մեղմիչներով, որոնք ջերմային ընդարձակման կամ սեղմման ժամանակ թույլ չեն տալիս, որ կամուրջը քանդվի:
 
3) Էլեկտրական հաղորդագծերն անշարժ չեն միացնում հիմնասյուներին, որովհետև սառնամանիքին սեղմվելով և կարճանալով՝ դրանք կարող են կտրվել, իսկ շոգին՝ ընդարձակվել և կախ ընկնել։ Որպեսզի դա չլինի, հաղորդալարերն անցկացնում են սյուներին ամրացված ճախարակների վրայով։
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.             
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն