Տեսություն

Ձայնի աղբյուրներ
Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:
Օրինակ
Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ:
 
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:
Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։
Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
  
Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով: 
 
Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:
  
kamerton_1.jpg
Օրինակ
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ուշադրություն
Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (\(1\) Հց):
Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է \(16\)-ից մինչև \(20000\) Հց տիրույթում:
\(16\)-ից մինչև \(20000\) Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։
\(16\) Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ \(20000\) Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:
Ուշադրություն
Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:
0007-007-Zvukovye-volny.png
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.           
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա..Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն