Տեսություն

Ձայնի տարածումը և անդրադարձումը
Մենք ձայնը լսում ենք աղբյուրից բավականին մեծ հեռավորությունների վրա։ Իսկ ինչպե՞ս է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին։
 
Ուշադրություն
Ձայնը լսելու համար ձայնի աղբյուրի և ականջի միջև պետք է լինի որևէ հաղորդող միջավայր, անօդ տարածությամբ ձայնը չի տարածվում։

longitudinal.gif       gsl.gif

Տատանվող լարը շարժման ուղղությամբ առաջացնում է իր առջևի օդի խտացում, իսկ մյուս կողմով՝ օդի նոսրացում։

Օդի այդպիսի խտացումները և նոսրացումները արագ հաջորդում են իրար և հաղորդվում ավելի հեռու գտնվող շերտերին. օդում տարածվում է ձայնային ալիք:
Երբ այն հասնում է մեր ականջին, մենք լսում ենք աղբյուրի արձակած ձայնը։
 
Lwave.gif
 
Ձայնը լավ է հաղորդում ոչ միայն օդը, այլև ջուրը, փայտը, հողը, մետաղները և այլն։
  
Տարբեր նյութերում ձայնը տարածվում է տարբեր արագություններով:
Օրինակ
Օդում ձայնը տարածվում է մոտավորապես \(340\) մ/վ արագությամբ, ջրում՝ \(1500\) մ/վ:
Ձայնը շատ ավելի լավ տարածվում պինդ մարմիններում, հատկապես՝ մետաղներում: Երկաթում ձայնը տարածվում է մոտ \(5000\) մ/վ արագությամբ:
Երկու մարդկանց խոսակցությանը չեն խանգարում նրանց միջև գտնվող ծառը կամ ցանկապատը։ Դա նշանակում է, որ ձայնը շրջանցում է ոչ մեծ չափերի արգելքները։
 
slide-16.png
  
Սակայն ձայնը չի կարող շրջանցել զգալի չափեր ունեցող արգելքները՝ լեռը, շենքի պատը, անտառը և այլն։   
  
Ձայնը անդրադառնում է զգալի չափեր ունեցող արգելքներից:
Երբ արգելքներից անդրադարձած ձայնը հասնում է մեր ականջին, մենք լսում ենք ձայնի արձագանքը։
Որպեսզի մեր ականջը տարբերի արձակած և անդրադարձած ձայները, անհրաժեշտ է, որ ձայնն անդրադարձնող մարմինը գտնվի բավականաչափ մեծ հեռավորության վրա: Դրա շնորհիվ է, որ սովորաբար մենք արձագանքը լսում ենք դատարկ շինություններում:
 
im14.gif
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.            
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն