Լսողության հիգիենա
Մարդու ականջը նրա լսողության օրգանն է:
Տեսանելի է արտաքին ականջը՝ ականջախեցին, որով ձայնն ուղղորդվում է դեպի ներքին մասը՝ միջին և ներքին ականջը:
  
genika aftiou_2_down.jpg
 
Երկու ականջների գոյությունը մարդուն հնարավորություն է տալիս որոշելու, թե որ կողմից է գալիս ձայնը։
       
Ուշադրություն
Ականջը պետք պահել մաքուր վիճակում:
Ականջում ջրի կաթիլները, փոշին, կեղտը կամ տարբեր այլ օտարածին մասնիկները, այդ թվում՝ բակտերիաները, կարող են վնասել լսողությունը, թուլացնել, առաջացնել բորբոքային երևույթներ, զարգացնել ցավը: Այդ պատճառով.

\(1\). Լողանալուց հետո, պետք է գզուշորեն հեռացնել ջրի կաթիլները:

\(2\). Չի կարելի «փորփրել» ականջում: Դա շատ վտանգավոր է:

\(3\). Պետք է խուսափել ձմռանը շատ ցածր ջերմաստիճանից, խորհուրդ է տրվում օգտագործել գլխարկ կամ ականջակալներ:

Օրինակ
Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը և անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։ Մնացած դեպքերում, ինչպես աղմուկները, այնպես էլ երաժշտական ուժգին ձայները վնասում են մարդու առողջությունը։
Ուշադրություն
Բարձր ձայնը կամ ուժեղ աղմուկը շատ վտանգավոր են մարդու համար: Դրանցից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում բացել բերանը:
Աղմուկի տևական ազդեցության հետևանքով մարդիկ սկսում են վատ լսել, արագ հոգնել, տառապել գլխացավով և անքնությամբ։
Այդ հետևանքները կանխելու համար սահմանված են թույլատրելի աղմուկի առողջարարական նորմեր։
Բնակելի տներում, բակերում, հասարակական շենքերում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։
  
Ուշադրություն
Աղմուկը հաճախակի կամ երկարատև ազդեցության հետևանքով կարող է հանգեցնել աղմուկային հիվանդության:

Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով ձեռնարկվում են տարբեր միջոցներ։

d37537cf42aff8de4b8f6ab5327f4e03.png

 

\(1.\) Գործարանային աղմկոտ արտադրամասերում աշխատող բանվորները և հրետանավորներն օգտագործում են հատուկ ականջակալներ։
 
\(2.\) Շենքերի պատերը և միջնորմները ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաններ, սենյակների հատակը ծածկում են գորգերով և այլն։
 
\(3.\) Աղմուկը զգալի չափով նվազեցնում են կանաչ տնկիները։
  
Ուշադրություն
Լսողության խանգարումների դեպքում պետք է անպայման դիմել բժշկին:

Մեր օրերում մշակված են միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել լսողության թուլացումը կամ այլ խանգարումները, այլև` որոշ դեպքերում բուժել խլությունը: 

Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.. Կարապետյան,Գ..Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն