Տեսություն

Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան
Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով
 
Ինչպե՞ս են առաջանում գույները:
  
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:
 1368638575_1201826578.gif
 
Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
 
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:
  
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
 
Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:
  
Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:
 
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
 
Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
Օրինակ
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։
Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 
 
images (12).png
 
Ուշադրություն
Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։
Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։
 
Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։
  
Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։
Պատասխան
Ծիածան

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:
Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։
Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։
 
image_862505151154407774174.gif
 
90051907_4497432_87740694_1338392137_raduga.gif
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն