Տեսություն

Մեխանիկական շարժում
Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:
dvigenie-iloveimg-cropped.gif
Օրինակ
Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։
Շարժման արագություն
Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:
 
im23 (1).gif
 
Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած \(S\) ճանապարհի և ծախսած \(t\) ժամանակամիջոցի հարաբերությանը:
V=St
  
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:
 
im20.gif
 
Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:
Vմիջ.=Sլր.tլր.
 
Այս բանաձևում \(V\)–ն միջին արագությունն է, \(S\)-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, \(t\)-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
 
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով։
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած \(t\) ժամանակում S=Vt բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
 
179_2.jpg
 
 
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես \(8\) կմ/վ արագությամբ, այսինքն` \(1\) վ-ում անցնում է \(8\) կմ ճանապարհ:

Մարդը հանգիստ քայլելիս շարժվում է միջինում \(4,7\) կմ/ժ արագությամբ:

Ցամաքային կենդանիներից ամենամեծ արագությունն ունի վագրակատուն, որը կարճ տարածության վրա զարգացնում է մինչև \(100\) կմ/ժ արագություն: Դանդաղաշարժ կենդանիներից են կրիան, խխունջը, որոնք շարժվում են համապատասխանաբար \(5\) սմ/վ և \(1,4\) մմ/վ արագություններով: 
 
Բնության մեջ ամենամեծ արագությամբ տարածվում է լույսը, որի արագությունը \(300 000\) կմ/վ է, այսինքն` \(1\) վ-ում անցնում է \(300 000\) կմ:
Աղբյուրները
1.  Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան. Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք. Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.. Կարապետյան,Գ.,Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն