Տեսություն

Թթուներ
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:
Առավել հայտնի թթուներն են՝
  
-աղաթթուն՝ HCl
 
-ազոտական թթուն՝ HNO3  
  
-ծծմբական թթուն՝ H2SO4
 
-ֆոսֆորական թթուն՝ H3PO4
 
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:
 
Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ \(Cl\) ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:
Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:
Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում:
 
fenolftaleina-385x440.jpg
 
  
Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը:
 
Ուշադրություն
Երբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:
Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:
 
Ուշադրություն
Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:
otsermkislo-iloveimg-cropped.gif
  
Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները. 
 
\(1\). Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):
  
Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:
  
FG14_08.JPG
 
\(2\). Ծծմբական թթուն՝ H2SO4
 
Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:   
 
552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg
 
Ուշադրություն
Չի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:
Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկար):
 
01-09.png14-w1077.png
 
Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:
  
\(3\). Ազոտական թթուն՝ HNO3
 
Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:
 
27493.png
 
Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի \(1:3\) ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:
 
скачанные файлы (17).jpg 
 
\(4\). Ֆոսֆորական թթու
 
H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ \(42°C\):
Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:
 
h3po4.jpg  nutrientes-para-plantas-hidroponicas.jpg
 
Աղբյուրները
1. Բնագիտություն  6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.– Եր: Աստղիկ գրատուն, 2013 թ.
2. Բնագիտություն 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Գ. Պետրոսյան,Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան, Գ Ալեքսանյան, Երևան -2013, Զանգակ  հրատարակչություն