Տեսություն

Շրջակա միջավայրի գործոնները
Օրգանիզմների գոյությունը պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ Կենդանի օրգանիզմները կարող են ապրել այնտեղ, որտեղ կան կյանքի և կենսագործունեության համար բարենպաստ գործոններ։
Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ:
Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝
  
1. անկենդան գործոններ
2. կենսական գործոններ
3. մարդածին գործոններ
 
Բնության անկենդան գործոններ: Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:
Դիտարկենք դրանցից կարևորագույների դերն ու նշանակությունը օրգանիզմների կյանքում:
  
1. Լույս: Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է: Լույսի ազդեցությամբ կատարվում է ֆոտոսինթեզ:
 
Արդյունքում`
 
· լույսի էներգիան կուտակվում է քիմիական նյութերում,
· անօրգանական նյութերից առաջանում են օրգանական նյութեր,
· անջատվում է թթվածին:
 
Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը և բույսերում ընթացող փոփոխությունները.
 
· բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը,
. չվող թռչունների երամներ կազմելը,
· արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն:
 
1478698564_897841.jpg
  
2. Ջուր: Ջուրը և´բնակության վայր է, և´օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։
 
Անապատային բույսերի արմատները ջուր են ներծծում մինչև \(16\) մ խորությունից: Կակտուսների փշերի ձևափոխված տերևները կրճատում են ջրի գոլորշացումը։ Շատ կրիաներ ամռանը ջրի քանակության պակասի պայմաններում քուն են մտնում։
 
water-life-crop-650x392.jpg
  
3. Ջերմություն: Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Նրանք հարմարված են ջերմաստիճանային որոշակի տիրույթում գոյատևելուն:
Ջերմաստիճանի փոփոխություններն առավելապես ազդում են սառնարյուն կենդանիների վրա.
Օրինակ
Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։
Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին.
Օրինակ
Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները` մազածածկով և ճարպային շերտով։
630_360_1448962003-6431-klimat-pogoda-gradusnik.jpg
  
Բնության կենսական գործոններ: Կենդանի օրգանիզմները միմյանցից մեկուսացած չեն, այլ հակառակը, ապրում են միմյանց հետ ակտիվ ներգործությունների պայմանում: Այդ ներգործությունները կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերն են:
Օրինակ` կենդանիները սնվում են բույսերի սինթեզած օրգանական նյութերով, իսկ բույսերը չեն գոյատևի առանց փոշոտող միջատների:
 
Տարբերակում ենք բնության հետևյալ կենդանի գործոնները`
 
Միակողմանի օգտակար կապ - փոխհարաբերություն է, երբ մի օրգանիզմը ստանում է օգուտ, իսկ մյուսը` մնում անվնաս: Փոքր ձկները կպչում են մեծ ձկներին և տեղափոխվում մեծ տարածություններ:
  
Փոխադարձ օգտակար կապ - օրինակ մրջյունների և լվիճների փոխհարաբերությունը: Լվիճների արտազատած քաղցր հյութով սնվելու համար մրջյունները պահպանում և տարածում են նրանց:
 
Գիշատչություն - /գիշատիչ – զոհ/ փոխհարաբերությունների կապն է: Օրինակ` զատկաբզեզը սնվում է լվիճներով, բազեն` մկներով և այլն: Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
  
Մակաբուծություն - այն կապն է, երբ մի օրգանիզմն ապրում է այլ օրգանիզմի հաշվին: Օրինակ` մարդու աղիներում ապրող մակաբույծ որդերը:
  
Մարդածին գործոններ: Մարդու ակտիվ գործունեության շնորհիվ բնությունը փոփոխվում է: Արդյունքում փոխվում են օրգանիզմների բնակեցման վայրերը: Շրջակա միջավայրում օդի, ջրի և հողի աղտոտումը ազդում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության, բազմացման և բնության մեջ տարածման վրա:
 
Ուշադրություն
Էկոլոգիական համակարգերում փոխադարձ կապի դրսևորում է օրգանիզմների սնուցումը մեկը մյուսով:
Ինչպես հիշում եք, բուսակեր օրգանիզմները սնվում են ավտոտրոֆ բույսերով: Իրենց հերթին, բուսակերները սնունդ են հանդիսանում կենդանակերների և ամենակերների համար: Կենդանակերներն էլ, իրենց հերթին, կարող են սնունդ դառնալ այլ գիշատիչների և ամենակերների համար:
Սննդառության աստիճանակարգային փոխառնչությունը օրգանիզմների միջև կոչվում է սննդային շղթա:
Սննդային շղթայում սննդանյութերի հետ միասին մեկ օրգանիզմից մյուսին է անցնում նաև էներգիան, որն անհրաժեշտ է կենսագործունեության պահպանման համար:
 
Սննդային շղթայի օրինակներ են`
 
1. Կարճ սննդային շղթա. խոտաբույս - մուկ - աղվես:
45 (1).jpg
 
2. Երկար սննդային շղթա. խոտաբույս - ծղրիդ - մողես - արծիվ:
 
Untitled-174987.jpg
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 136-141
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 140-142
http://открытыйурок.рф/%D1%81%D1%82%D0%B0%D1%82%D1%8C%D0%B8/510398/img2.jpg
https://media.publika.md/md/image/201706/full/1468236328ad1d93cd_83504000.jpg
https://arhivurokov.ru/multiurok/d/5/8/d58731ec535bcb34aac0f6ec3dee4809f10d14ef/tsiepi-pitaniia_2.png
https://media.licdn.com/mpr/mpr/AAEAAQAAAAAAAAgjAAAAJDQ0NzFkNWJiLWUzN2QtNGMwMi05YTk5LTczZTY3OWVhYTE2Nw.jpg
http://3.bp.blogspot.com/-VVR0320C4MM/Uw4fGEW3O6I/AAAAAAABetM/YcP1m3vck9I/s1600/PARAJE.jpg