Տեսություն

Բնական համակեցություններ
Ինչպես արդեն նկատեցինք, բնության մեջ կենդանի օրգանիզմները գոյություն ունեն միմյանց հետ սերտ կապերի մեջ: Գոյության նույն բնակավայրում ապրող օրգանիզմները ստեղծում են կայուն խմբավորումներ, որոնք կոչվում են համակեցություններ:
 
Համակեցությունը կազմող օրգանիզմները հարմարված են համատեղ կյանքի որոշակի պայմանների: Բացի այդ նրանք անընդհատ փոխազդում են շրջակա միջավայրի և միմյանց հետ:
 
Համակեցությունները լինում են.
 
  • Բնական - բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
  • Արհեստական - մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:
 
Բնական համակեցություններ են` անտառը, լիճը, ճահիճը, մարգագետինը, անապատը, գետը և այլն:
 
Hopetoun_falls.jpg
 
Համակեցությունը կազմող կենդանի օրգանիզմների և շրջակա առանձնահատուկ միջավայրի միջև անդադար կատարվում է նյութերի և էներգիայի փոխանակում: Արդյունքում ստեղծվում է միասնական, փոխկապակցված, բարդ համակարգ: Այդ համակարգը անվանվում է կենսացենոզ: Այդ անվանումը առաջարկել է \(19\)-րդ դարում գերմանացի ջրակենսաբան Կառլ Մեբիուսը:
Էկոլոգիական համակարգը և կենսացենոզը` որպես կանոն նույնն են:
Դրանք երկուսն էլ դիտարկում են օրգանիզմի և միջավայրի անբաժան կապերը:
 
4173678-super-galaxy.jpg
  
Յուրաքանչյուր էկոլոգիական համակարգ կամ կենսացենոզ կազմված է երեք տեսակի օրգանիզմներից.
 
1. արտադրողներ
2. սպառողներ
3. քայքայողներ
  
Արտադրողներ: Կանաչ բույսերի կողմից սինթեզվող օրգանական նյութերը սննդային շղթայի հիմքն են: Առանց ֆոտոսինթեզի քայքայվում են բոլոր տեսակի համակեցությունները:
  
Սպառողներ: Խոտակեր, կենդանակեր, ամենակեր օրգանիզմները՝ որպես հետերոտրոֆներ յուրացնում են առկա օրգանական նյութը: Նրանց քանակությունը կառավարվում է ավտոտրոֆների արտադրանքի չափերով:
  
Քայքայողներ: Բազմաթիվ բակտերիաները, սնկերը, որդերը, գիշակերները, գերեզմանափոր բզեզները և այլ օրգանիզմներ սնվում են մահացած օրգանիզմների մնացորդներով: Նրանց սննդառության արդյունքում օրգանական մնացորդները քայքայվում են և կրկին վերածվում անօրգանական նյութերի: Արդյունքում այդ անօրգանական նյութերը կրկին կարող են օգտագործվել բույսերի կողմից:
 
img-_lX4ii.jpg
Արտադրողների, սպառողների և քայքայողների շնորհիվ կատարվում է նյութերի շրջապտույտ:
Նյութերի շրջապտույտը կարևոր է համակեցության և նրա կայուն գոյության համար:
 
Ուշադրություն
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնական համակեցությունների վրա:
Մարդը փոփոխում է բնական համակեցությունը և ստեղծում է արհեստական համակեցություններ: Արդյունքում խախտվում է կենսացենոզների հավասարակշռությունը և մի համակեցությունը փոխարինվում է մեկ ուրիշով: Օրինակ` ճահճացումը, անապատացումը:
  
Բնական համակեցությունների կայունության պահպանության նպատակով ստեղծվում են արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր: Հայաստանում նշանավոր են Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունու արգելոցները, Արագածի ալպիական և Գետիկի արգելավայրերը, Սևան և Դիլիջան ազգային պարկերը: Հայաստանի բնության հուշարձաններից են` Շաքիի ջրվեժը, Խնձորեսկի ժայռաբուրգերը և այլն: 
 
dilijan.jpg
 
Բնական ռեսուրսներին տիրանալու համար մարդը կատարում է անտառահատումներ, խոպան հողերի յուրացում, ամբարտակների կառուցում և այլն:
Այդ ամենը զգալի վնաս է հասցնում բնական համակեցություններին։
 
Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով էկոլոգիական համակարգերը վնասվում են նաև թունաքիմիկատներով, կեղտաջրերով, արդյունաբերական թափոններով: 
 
Բնական պաշարների խելամիտ օգտագործումը հետապնդում է երկու նպատակ.
 
1. Պահպանել բնությունը, կենսոլորտը՝ իր տեսակային ողջ բազմազանությամբ:
2. Ապահովել օգտակար բույսերի բերքատվության աճն ու կենդանիների մեծ թվաքանակը։
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 142-144
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 143-145
https://i0.wp.com/www.motto.net.ua/old_site//img/3d/1264892461_DDEAEEF1E8F1F2E5ECE0203031.jpg
https://www.fondosypantallas.com/wp-content/uploads/2012/10/w092.jpg
https://fs1.ppt4web.ru/images/5418/70161/310/img12.jpg
http://n1travel.am/images/content/dilijan.jpg