Տեսություն

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը
Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:
 
Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում: Այդ խորություններում հնարավոր է ֆոտոսինթեզել: Ջրային կենսակերպին առավել լավ հարմարված են կենդանիները, որոնք մեծ քանակներով բնակվում են ծովերում, գետերում և լճերում:
Օրինակ
Ձկները, կետերը, խեցգետինները և այլ օրգանիզմներ։
maxresdefault.jpg
  
Օդացամաքային միջավայր: Այս միջավայրում առատ են օդն ու  լույսը, սակայն հաճախ են տատանվում ջերմաստիճանն ու խոնավությունը։ Հետաքրքիր դեր ունի քամին։ Այստեղ են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Կենդանիներից այս միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները և այլ օրգանիզմներ։
 
1498981740120040899.jpg
  
Հողային միջավայր: Հողը երկրագնդի մակերեսի վերին շերտն է, որից կախված է բույսերի և բազմաթիվ այլ կենդանի օրգանիզմների կյանքը։ Օրգանիզմների մնացորդները աստիճանաբար փտում են և առաջացնում հումուս։
Հումուսը օրգանիզմների քայքայված մնացորդների ամբողջություն է, որը բերրիացնում է հողը: 
Հողում ապրում են պարզ ջրիմուռներ, բույսերի արմատներ, սերմեր, սպորներ: Հողը հարուստ է բակտերիաներով: Հողի մեկ խորանարդ սանտիմետրում առկա է մի քանի միլիոն միկրոօրգանիզմ։ Հողում բնակվում են նաև կենդանիների ներկայացուցիչներ:
Օրինակ
Անձրևորդեր, մրջյուններ, այլ միջատներ և դրանց թրթուրներ։
lange_Maulwurf.jpg
  
Օրգանիզմային միջավայր: Այն օրգանիզմն է, որը տեր է հանդիսանում մակաբույծ բույսի կամ կենդանու համար:
Օրինակ
Գայլուկը, մակաբույծ հիվանդածին մանրէներն ու նախակենդանիները, սնկերն ու որդերը:
img7.jpg
 
Կենդանի օրգանիզմների կյանքը բնության մեջ պայմանավորված է իրենց շրջակա միջավայրի պայմաններով։ 
Այդ պատճառով էլ օրգանիզմների և նրանց շրջակա միջավայրի միջև առաջանում են բազմազան փոխադարձ կապեր և ներգործություններ: Կենդանի օրգանիզմը փոխհարաբերությունների մեջ է մտնում շրջակա բնության հետ: Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ստեղծվում է հարաբերությունների կայուն համակարգ:
Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի, ինչպես նաև տարբեր օրգանիզմների փոխհարաբերությունների մասին գիտությունը կոչվում է էկոլոգիա (հունարեն՝ «օյկոս» - տուն, «լոգոս» - գիտություն բառերից):
Untitled.png12365.png
 
Ինչպես տեսանք, էկոլոգիան գիտություն է օրգանիզմի և նրա միջավայրի միջև եղած բազմազան ու հետաքրքիր կապերի մասին:
 
Ցանկացած կենսամիջավայրում կենդանի օրգանիզմները գրավում են իրենց կյանքի համար նպաստավոր վայրեր։ Օրինակ, որոշ ձկներ հանդիպում են միայն գետերի և լճերի մաքուր ջրերում։ Շնաձկներն ապրում են ծովերի խորքում, տափակաձկները` միայն ծովի հատակին։ 
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Կենդանի օրգանիզմների և նրանց բնակեցման վայրերի ամբողջությունը կազմում է էկոլոգիական համակարգ:
Էկոլոգիական համակարգ հասկացությունն առաջարկել է անգլիացի բուսաբան Արթուր Թենսլին \(20\)-րդ դարում:
 
Բակտերիան անձրևաջրի կաթիլում, փտող ծառն՝ իր վրա բնակվող մանր կենդանի օրգանիզմներով, լիճը՝ իր բույսերով, ձկներով և այլ օրգանիզմներով էկոլոգիական համակարգերի օրինակներ են:
 
Ուշադրություն
Երկրագնդի ամենամեծ էկոլոգիական համակարգը կենսոլորտն է:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 136-138
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 137-139
https://cs6.pikabu.ru/post_img/big/2017/07/02/5/1498981740120040899.jpg
https://s-media-cache-ak0.pinimg.com/originals/4e/07/cc/4e07cc24e310e68203d8afd6e25b14bd.jpg
https://fs00.infourok.ru/images/doc/200/228935/img7.jpg
http://lusana.ru/files/8514/573/1.jpg
https://i.ytimg.com/vi/iiy_-nWUHIw/maxresdefault.jpg