Տեսություն

Սննդառությունը տարատեսակ կենդանի օրգանիզմներում
Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:
Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:
Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
 
rosomaha.jpg
 
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.
 
1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:
  
2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:
  
3. Այնուհետև՝
  
ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:
 
Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
  
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
 
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:
  
4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:
 
Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.
  
  • ավտոտրոֆներ- էներգիա են ստանում արևից:
  •  հետերոտրոֆներ - էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  •  միքսոտրոֆներ - էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:
Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
  
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
 
phpM96OgC_Vozdushnoe-pitanie.-Fotosintez_7.png
 
Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:
 
Ուշադրություն
Կանաչ էվգլենան միքսոտրոֆ է:
Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.
  
Բուսակեր - սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:
Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:
  
Կենդանակեր - սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:
Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:
  
Ամենակեր - սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:
Օրինակ` մարդը, արջը, կետը:
 
Untitled.png
 
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.
 
Սապրոֆիտներ - սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:
Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:
  
Գիշատիչներ - բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:
Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:
 
Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:
Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:
 
Untitled.png
 
Մակաբույծներ - ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը: 
Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 112-116
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 112-115
http://t3.ftcdn.net/jpg/00/73/95/08/500_F_73950806_jaLhpZBM0iGYpKLlrSC5Njl2PIJHj3GJ.jpg
https://arhivurokov.ru/intolimp/html/2017/02/07/i_58998d3ec8d72/phpM96OgC_Vozdushnoe-pitanie.-Fotosintez_7.png
http://www.ziganshin.ru/animals/images/rosomaha.jpg
http://mojznak.ru/wp-content/uploads/2013/05/278.jpg
https://havetisyandotcom.files.wordpress.com/2016/11/f54eeefc3eb953_54eeefc3ec11c.jpg?w=1000
http://2.bp.blogspot.com/-eO0q2YhWLHQ/VPc8S0oAWVI/AAAAAAAAAW4/0h1u93iAurI/s1600/1294271003_018.jpg
http://myhouserabbit.com/wp-content/uploads/2014/05/coco2.jpg
https://wallpaperscraft.com/image/bear_food_fish_water_66967_1920x1080.jpg
https://i.ytimg.com/vi/fPHFgf0TfFo/hqdefault.jpg