Տեսություն

Հավասարաչափ շարժում, արագություն
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Հավասարաչափ են շարժվում, օրինակ՝  ժամացույցի սլաքների ծայրակետերը, գրեթե հավասարաչափ է շարժվում Երկիրն Արեգակի շուրջը, հավասարաչափ են ընկնում՝ անձրևի կաթիլները, գազավորված ջրում բարձրանում պղպջակները և այլն:      
  
Հավասարաչափ շարժման արագություն
Հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ կամայական ժամանակում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը հաստատուն մեծություն է: Այն ցույց է տալիս մարմնի անցած 
ճանապարհը միավոր ժամանակում և կոչվում է հավասարաչափ շարժման արագություն:
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Հավասարաչափ շարժման արագությունը այդ շարժման կարևոր բնութագիրն է: Այն քանակապես բնութագրում է  մարմնի արագ կամ դանդաղ շարժվելը: Որքան մեծ է մարմնի արագությունը, այնքան այն ավելի արագ, այսինքն, ավելի փոքր ժամանակահատվածում է անցնում հետագծի տվյալ տեղամասը: 
Օրինակ
Միևնույն հեռավորությունը սպորտային ավտոմեքենան ավելի արագ է անցնում, քան բեռնատարը, որովհետև նրա արագությունն ավելի մեծ է: 
Մարմնի արագությունը որոշելու համար պետք է չափել հետագծի կամայական տեղամասի երկարությունը և այն բաժանել այդ տեղամասն անցնելու ժամանակամիջոցին:
Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
Ներմուծելով նշանակումներ, կստանանք՝  \(v = S/t\)
Արագության միավորը
Միավորների ՄՀ -ում արագության միավորը \(1\) մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը \(1\) վ-ում անցնում է \(1\) մ ճանապարհ։
Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժ , կմ/վ , սմ/վ  և այլն:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:
Օրինակ
\(54\) կմ/ժ \(= 54.000\) մ/\(3600\) վ \(= \)\(54 · (1/3,6)\) մ/վ \(= \)\(15\) մ/վ 
 
\(15\) մ/ր \(=\)\(15· (1/60)\) մ/վ \(= 0.25\) մ/վ և այլն: