Տեսություն

Մեխանիկական շարժում: Հաշվարկման մարմին:
Շարժման և դադարի հարաբերականություն
Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում  և այլն:
  
Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ, պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն ընդունված է անվանել հաշվարկման մարմին:  
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին:
 Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում:  Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին: 
Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության  մեջ  է:
Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին պտտվում է Արեգակի շուրջը:
 
Ուշադրություն
Այսպիսով,  մեխանիկական շարժումը և դադարը հարաբերական են:
Դա նշանակում է, որ միևնույն մարմինը մի հաշվարկման մարմնի նկատմամբ կարող է շարժման մեջ լինել, մեկ այլ հաշվարկման մարմնի նկատմամբ՝ անշարժ։

Առօրյայում, որպես հաշվարկման մարմին, սովորաբար ընտրում ենք Երկիրը՝ համարելով այն անշարժ և այլ մարմինների շարժումները դիտարկելով նրա նկատմամբ։

Աղբյուրները
Գրոմով Ս. Վ., Ռոդինա Ն. Ա., Ֆիզիկա։ Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդդասարանի համար: Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի - Եր.։ Անտարես