Տեսություն

Ենթաձայն և անդրադարձ
Ձայնային ալիքները բնութագրվում են \(16\) Հց-ից մինչև \(20\) կՀց հաճախությամբ: 
 
ν \(<\) 16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն (ինֆրաձայն), իսկ  ν \(>\) 20 կՀց հաճախություն ունեցողները` անդրաձայն (ուլտրաձայն) (տե՛ս նկար):
  
 Untitled000.png 
Ենթաձայն
 Մարդը ենթաձայն չի լսում: Չնայած դրան` այդ ալիքներն ընդունակ են մարդու վրա որոշակի ֆիզիոլոգիական ազդեցություն ունենալ: Այդ ազդեցությունը բացատրվում է ռեզոնանսով: Մեր մարմնի ներքին օրգանների սեփական հաճախությունները բավականին ցածր են. որովայնախոռոչինը և կրծքավանդակինը` \(5\)-\(8\) Հց, գլխինը` \(20\)-\(30\) Հց: Ռեզոնանսային հաճախության միջին արժեքն ամբողջ մարմնի համար կազմում է \(6\) Հց: Նույն կարգի հաճախություններ ունենալով` ենթաձայնային ալիքները ստիպում են մեր օրգաններին թրթռալ և շատ մեծ ինտենսիվության դեպքում կարող են ներքին արյունազեղումներ առաջացնել:
 
Հատուկ փորձերը ցույց են տվել, որ մարդկանց վրա բավականաչափ ինտենսիվ ենթաձայնը կարող է հանգեցնել հոգեկան հավասարակշռության զգացողության կորստի, սրտխառնոցի, ակնախնձորի ակամա պտույտների և այլն: Օրինակ` \(4\)-\(8\) Հց հաճախության դեպքում մարդը ներքին օրգանների տեղաշարժի զգացողություն է ունենում, իսկ \(12\) Հց-ի դեպքում ծովային հիվանդության նոպա է սկսվում:
Մարդու օրգանիզմի վրա ցածր հաճախություն ունեցող ձայների ռեզոնանսային ազդեցությամբ է բացատրվում նաև ժամանակակից ռոք երաժշտության գրգռիչ ներգործությունը, որը հագեցած է թմբուկների, բաս-կիթառների և այլնի բազմապատիկ ուժեղացված ցածր հաճախություններով:
 
Որոշ կենդանիներ կարողանում են լսել ենթաձայնը: Օրինակ` մեդուզաները վստահորեն ընկալում են \(8-13\) Հց հաճախությամբ ենթաձայնային ալիքները, որոնք առաջանում են փոթորկի ժամանակ` ծովի ալիքների կատարների հետ օդի հոսանքների փոխազդեցության արդյունքում: Հասնելով մեդուզաներին` այդ ալիքները նախապես (\(15\) ժամ առաջ) «նախազգուշացնում են» նրանց փոթորկի մոտենալու մասին:
 
Ենթաձայնի աղբյուր կարող են լինել ամպրոպի պարպումը, թնդանոթի կրակոցը, հրաբխի ժայթքումը, ատոմային ռումբի պայթյունը, երկրաշարժը, ռեակտիվ ինքնաթիռի աշխատող շարժիչը, ծովի ալիքների կատարները շրջանցող քամին և այլն:
 
Ենթաձայնային ալիքը տարբեր միջավայրերում ունի փոքր կլանում, ինչի շնորհիվ այն կարողանում է տարածվել շատ մեծ հեռավորությունների վրա:
Սա հնարավորություն է տալիս որոշելու հզոր պայթյունի վայրը, կրակող թնդանոթի տեղը, հսկողություն սահմանել ստորգետնյա միջուկային պայթյունների նկատմամբ, կանխատեսել ցունամին և այլն:
Անդրաձայն
Անդրաձայնը ևս մարդու ականջը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Ուղարկելով և ընդունելով հետ դարձած անդրաձայնային ազդակները` նրանք ընդունակ են \(20-30\) մ հեռավորության վրա հայտնաբերել անգամ փոքրագույն մարմինը, որը զգուշորեն իջեցվել է ջրի մեջ: Անդրաձայնն օգնում է նաև չղջիկներին, որոնք վատ տեսողություն ունեն կամ էլ, ընդհանրապես, ոչինչ չեն տեսնում: Իրենց լսողական ապարատի միջոցով անդրաձայնային ալիքներ արձակելով (վայրկյանում մինչև \(250\) անգամ)` դրանք կարողանում են կողմնորոշվել թռչելիս և հաջողությամբ որս են անում անգամ լիակատար խավարի մեջ: Որոշ միջատներ՝  ի պատասխան այս ամենի, հատուկ պաշտպանական ռեակցիա ունեն. գիշերային թիթեռների և բզեզների որոշ տեսակներ կարողանում են ընկալել չղջիկների արձակած  անդրաձայները և լսելով դրանք` անմիջապես ծալում են թևերը, ընկնում ներքև և անշարժանում գետնին:
  
\(25\) կՀց-ից մեծ հաճախության անդրաձայնային ալիքներից թռչունները ցավի զգացողություն են ունենում: Սա օգտագործվում է ճայերին խմելու ջրի ամբարներից հեռու վանելու նպատակով: Անդրաձայնը լայն կիրառություն է ստանում գիտության մեջ և տեխնիկայում:
 
Ուշադրություն
Անդրաձայնի աղբյուրներ են տեղադրվում նավերի և սուզանավերի վրա: Անդրաձայնային ալիքների կարճ ազդակներ ուղարկելով` կարելի է որսալ դրանց անդրադարձումը ջրի հատակից կամ այլ առարկաներից:
Ուշադրություն
Անդրադարձող ալիքի ուշանալու ժամանակից ելնելով` կարելի է դատել մինչև արգելքն ընկած հեռավորության մասին: Այս դեպքերում օգտագործվող ձայնախորաչափերը (էխոլոտներ) և ձայնատեղորոշիչները (հիդրոլոկատորներ) հնարավորություն են տալիս չափել ծովի խորությունը (տե՛ս նկար), լուծել նավագնացության տարբեր խնդիրներ (ժայռերի, խութերի մոտով լողալը և այլն), իրականացնել ձկնորսական հետախուզություն (հայտնաբերել ձկների վտառներ), ինչպես նաև լուծել ռազմական խնդիրներ (թշնամու սուզանավերի որոնում, առանց շրջադիտակի տորպեդահարումներ և այլն):
images (5).png 
Ուշադրություն
Արդյունաբերության մեջ մետաղական ձուլվածքներում եղած ճեղքերից անդրաձայնի անդրադարձման միջոցով գտնում են արտադրանքի թերությունները: Անդրաձայները մանրացնում են հեղուկ և պինդ նյութերը` ստեղծելով տարբեր էմուլսիաներ և սուսպենզիաներ: Անդրաձայնի միջոցով հաջողվում է զոդել ալյումինե ապրանքները, ինչը մյուս եղանակներով չի ստացվում, քանի որ ալյումինի մակերևույթին միշտ օքսիդային թաղանթի հաստ շերտ է լինում: Անդրաձայնային զոդիչի ծայրը ոչ միայն տաքանում է, այլև մոտ \(20\) կՀց հաճախության տատանումներ է կատարում, ինչի շնորհիվ ալյումինի վրայի օքսիդային թաղանթը քայքայվում է:
Անդրաձայնի վերածումը էլեկտրական տատանումների և լույսի թույլ է տալիս ձայնատեսություն իրականացնել: Ձայնատեսության շնորհիվ հնարավոր է առարկաները տեսնել անլուսաթափանց ջրում:
Բժշկության մեջ անդրաձայնի միջոցով կոտրված ոսկորներ են կպցնում, հայտնաբերում են ուռուցքներ, մանկաբարձության բնագավառում ախտորոշիչ հետազոտություններ են իրականացնում և այլն: Անդրաձայնի կենսաբանական ազդեցությունը (որը սպանում է մանրէներին) թույլ է տալիս այն օգտագործել կաթի, դեղանյութերի, ինչպես նաև բժշկական գործիքների մանրէազերծման նպատակով:
 
Աղբյուրները
Ս. Վ. Գրոմով , Ն. Ա. Ռոդինա,  Ֆիզիկա-8, հանրակրթական դպրոցի դասագիրք ( I, II, III և V գլուխների հեղինակ Ա. Մամյան); Երևան, Անտարես -2014 թ.