Տեսություն

Էլեկտրացույց: Հաղորդիչներ և մեկուսիչներ: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը
Մարմինները կարելի է էլեկտրականացնել ոչ միայն շփելով, այլև հպելով նախապես էլեկտրականացված մի այլ մարմնի: Հպումից հետո էլեկտրական լիցքի մի մասը կանցնի նրան: Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը:
Առաջին սարքը կոչվում է էլեկտրացույց, երկրորդը՝ էլեկտրաչափ:
Դպրոցական էլեկտրացույցը շատ պարզ կառուցվածք ունի: 
 
Электроскоп3.jpg
 
Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:
 
Ընդ որում՝ որքան մեծ լինի էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ կլինի վանողության ուժը և թերթիկների միմյանցից շեղման անկյունը:
 
Էլեկտրաչափի կառուցվածքը մի փոքր այլ է. նրա մեջ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը կարող է ազատ պտտվել: Էլեկտրաչափը  լիցքավորելիս ալյումինե սլաքը վանվում է ձողից և շեղվում մի որոշ անկյունով: Էլեկտրաչափի աստիճանավորված սանդղակը թույլ է տալիս սլաքի շեղման անկյան միջոցով որոշել էլեկտրաչափին հաղորդված լիցքի մեծությունը:
 
'електрац.jpg
 
Ինչպես ցույց են տալիս փորձերը, լիցքը կարող է  մի մարմնից անցնել մյուսին:
Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը կարելի է բաժանել հաղորդիչների և մեկուսիչների:  
Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:
Մարդու մարմինը, բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են:  
Մեկուսիչներ են կոչվում այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում:
Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, պլաստմասսան, մետաքսը, կապրոնը, կերոսինը, օդը և այլն:
 
Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է \(2\) միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:
 
делехн.jpg
 
Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, \(I\) էլեկտրաչափի լիցքը կբաժանվի \(2\) հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը \(I\) էլեկտրաչափից կանցնի \(II\)-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:
 
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:
 
Շարունակելով փորձը՝ կարելի է լիցքաթափել \(II\) էլեկտրաչափը և հաղորդիչ ձողով միացնել \(I\) էլեկտրաչափին. կստացվի սկզբնական լիցքի քառորդ մասը: Այնուհետ կարելի է ստանալ լիցքի մեկ ութերորդ, մեկ տասնվեցերորդ և ավելի փոքր մասեր:
 
Լիցքի բաժանումը կարելի է շարունակել այնքան, մինչև մնացած լիցքը հնարավոր չլինի հայտնաբերել էլեկտրաչափով: Սակայն, ինչպես ցույց տվեցին ավելի ճշգրիտ փորձերը, էլեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել. այն ունի բաժանման սահման: Այդպիսի փորձերի արդյունքում ամերիկացի գիտնական Ռոբերտ Մելիկենը ստացել է ամենափոքր, անբաժանելի՝ տարրական լիցքի մեծությունը:
 
меликен.jpg
 
Այդ լիցքը նշանակում են \(e\) տառով.
 
e=1,6×1019Կլ
Ցանկացած լիցք տարրական լիցքի ամբողջ թվի բազմապատիկն է:
Տարրական լիցքի կրողներ են տարրական մասնիկները՝ էլեկտրոնները և պրոտոնները:
qէլ=eqպ=e
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.