Տեսություն

Ածական
acakan22.png
Օրինակ
Սառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:
 
Ածականները նախադասության մեջ լինում են՝

• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,
• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝
Օրինակ
Սառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝

• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,
• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,
• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,
• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային:
 
Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
Օրինակ
Փոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով: